Դուք եկել եք պաշտպանելու արդարադատությունը

Դուք եկել եք պաշտպանելու արդարադատությունը

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի առջեւ մարդաշատ էր` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստին մեծ թվով մարդիկ էին եկել՝ իրենց զորակցությունը հայտնելու նրան։ Սարգսյանի աջակիցները «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու» գրություններով պաստառներ ունեին ձեռքներին։ Այստեղ էին նաեւ նրա ընկերներն ու կուսակիցները։ Մինչեւ վերջ դատարանի մոտ մնացին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Դավիթ Շահնազարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Հերմինե Նաղդալյանը, Շուշան Պետրոսյանը, Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը։

«Հրապարակի» հարցին, թե եկել է հորեղբորն աջակցելո՞ւ, Հայկ Սարգսյանը ընդամենը գլխով համաձայնության նշան արեց ու հեռացավ։ Չխոսեց նաեւ Ռուբեն Հայրապետյանը՝ ասելով, թե իրավունք ունի հարցերին չպատասխանելու։ Այնուհետեւ դատարան եկավ Սերժ Սարգսյանը, նա տեղում բարձրախոսով ելույթ ունեցավ՝ ներկաներին հորդորելով լքել դատարանի հարակից տարածքն ու գնալ իրենց աշխատավայրերը․ «Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, դուք մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը։ Խնդրում եմ՝ իմ երախտագիտությունը հայտնեք ձեր մերձավորներին՝ հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու։ Շատ-շատ շնորհակալ եմ։ Հաշվի առնելով եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռեւս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից՝ ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից։ Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին։ Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչեւ վերջ եւ ամենուր։ Շնորհակալ եմ, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ»,- դիմելով ներկաներին՝ ասաց Սերժ Սարգսյանը։

Սարգսյանի աջակիցները չանտեսեցին վերջինիս կոչը եւ աստիճանաբար լքեցին դատարանի տարածքը։ Նիստի ավարտից հետո լրատվամիջոցների հետ 1-2 բառ փոխանակեց գործով մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանը։ Նա եւս հարուցված քրեական գործը շինծու անվանեց, իսկ հարցին, թե ինչ է կարծում՝ ինչու են իշխանությունները շինծու գործ հարուցել, Բեգլարյանը պատասխանեց՝ «ժողովրդի աչքին թոզ փչելու համար»։ Նա նաեւ ասաց, որ իր համար տոն օր է, քանի որ եկել է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած թատրոնը դիտելու։