Արդարադատության չգոյությունն է առաջնային խնդիրը
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության եւ ՀՀ նախագահի։ Պարգեւ Օհանյանը պահանջում է անվավեր կամ առոչինչ ճանաչել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի (ներկայում՝ ԲԴԽ) 12.10.2007թ․ որոշումը, իսկ իր լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ նախագահի 15.10.2007թ․ ՆՀ-242-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել: Մայիսի 11-ին հայցը մուտքագրվել է Վարչական դատարան եւ մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին: Ինչո՞ւ է 16 տարի անց նախկին դատավորը որոշել վերակենդանացնել այս մոռացված գործը, ի՞նչ սպասելիքներ ունի նա այսօրվա դատաիրավական համակարգից։ Մենք մի քանի հարց ենք ուղղել Պարգեւ Օհանյանին:
- Պարոն Օհանյան, 16 տարի անց ինչո՞ւ որոշեցիք դատարան դիմել:
- Ի սկզբանե նախագահի հրամանագիրն անօրինական է, մասնավորապես, չէր բխում ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածից, մենք` դատավորներս, դատարան դիմելու իրավունք չունեինք, որովհետեւ, Արդարադատության խորհրդի նախկին որոշմամբ, դատավորները վճիռ բողոքարկելու իրավունք չունեին, սակայն այսօր փոխվել է դա:
- Որոշ իրավաբանների պնդմամբ` դատաիրավական համակարգն այսօր, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ: Մենք էլ ականատես ենք լինում, թե ինչպես են տարբեր դատավորների զրկում լիազորություններից, տարբեր անհասկանալի պատճառներով: Վստահո՞ւմ եք օրվա դատաիրավական համակարգին, եթե դիմել եք արդարություն գտնելու հույսով:
- Ընդհանրապես, մեծ հաշվով, այս հարցը տխուր հարց է: Այո, բայց միշտ էլ այդպես է եղել, մշտապես մի բան այդ համակարգում այնպես չի եղել: Արդարադատության համակարգը մշտապես, եթե չասենք՝ կախվածություն, ապա կաշկանդվածություն ունեցել է օրվա իշխանությունից: Իբրեւ թե դատաիրավական համակարգի ներկայացուցիչներն էլ են իշխանություն, սակայն ո՞վ չգիտի, որ միշտ էլ գործադիրից են ավելի շատ կախված եղել: Ցավոք սրտի, այդ կախվածությունից ազատվելու ձեւը ցույց չեն տալիս: Իշխանություններն ինչ-որ մի շրջանում խոսեցին տարբեր բարեփոխումներից, սակայն հետո ոչինչ էլ չարեցին: Ոչինչ չփոխվեց: Թե ինչու` շատ երկար խոսելու բան է, առավել շատ այստեղ գիտական հարցեր կան, քան քաղաքական: Ես որոշեցի դիմել վերոնշյալ գործով, որպեսզի հետո չասեն` ինչո՞ւ չդիմեցիք:
- 16 տարի է անցել: Վաղեմության ժամկետի առումով խնդիրներ չկա՞ն:
- Խնդիրներ, որպես այդպիսին, չկան: Ես դիմել եմ լուսահոգի դատավոր Սամվել Մնացականյանի գործով Եվրոպական դատարանի որոշման հիման վրա: Այդ որոշումը երբ պաշտոնապես հրապարակվեց, ուժի մեջ մտավ, դրանից հետո համապատասխան ժամկետում դիմել եմ դատարան:
- Ի՞նչ սպասելիքներ ունեք հայցի քննությունից:
- Չգիտեմ, ամեն ինչ, ըստ իս, իրավական հարթության մեջ շատ պարզ է, քաղաքականն էլ, կարծում եմ՝ Դուք շատ լավ գիտեք՝ ինչքան անարդար է եղել: Կարծում եմ՝ այս գործը շարունակություն կունենա եւ կգնա մինչեւ Եվրոպական դատարան: Տեսնենք:
- Այս իշխանություններն առանձնակի բացասական վերաբերմունք ունեն ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ, որի ժամանակ դադարեցվեցին Ձեր լիազորությունները: Ի՞նչ եք կարծում` գուցե իշխանությունների անձնական վերաբերմո՞ւնքն էլ դեր խաղա:
- Այդ առումով հաշվարկ չեմ արել, նման հաշվարկներ չունեմ: Իմ պահանջը մաքուր իրավական է:
- Դատաիրավական համակարգում առկա ի՞նչ կոնկրետ խնդիրներ այսօր կնշեք:
- Ներսում չեմ, որպեսզի մանրամասն ասեմ: Ներքին խոհանոցից հեռացել եմ, չեմ հետեւում: Ամեն դեպքում տեսանելի է, որ նույն խնդիրները, որ կային առաջ, այսօր եւս կան: Դատավորների ոչ պրոֆեսիոնալիզմից սկսած, վերջացրած օրենքների անկատարությամբ, իսկ ահա դատավորների կախվածության մասին չեմ խոսում: Արդարադատության չգոյությունն է առաջնային խնդիրը: Ամեն դեպքում, վիճակը կատեգորիկ չէ, կան նաեւ նոր համարձակ դատավորներ:
- Ովքե՞ր են:
- Անուններ չասեմ:
Կարծիքներ