Ադրբեջանում տարվա մեջ 200 միլիոն դոլար ծախսում են թուղթուգիր անողների վրա

«Հրապարակի» զրուցակիցը ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն է:
- Երեկ Նիկոլ Փաշինյանի խոսնակը ՀՀ վարչապետի անունից ներողություն խնդրեց թշնամի Ադրբեջանից և Թուրքիայից նրանց երկրների դրոշները ապրիլի 23-ի երեկոյան այրելու համար: Ըստ իշխանությունների, դա անընդունելի և սադրիչ գործողություն է, որն իրենք դատապարտում են: Առհասարակ հետևե՞լ եք, թե այս պրոցեսներն Ադրբեջանում ինչ արձագանք են ստացել:
- Ադրբեջանը նման դեպքերում իրեն շատ կանխատեսելի է պահում: Նրանց բնականաբար դուր չի եկել, զայրացրել է և վիրավորել այն փաստը, որ Երևանում իրենց դրոշը պղծել են, սակայն Ադրբեջանն ինքը խրախուսում է և նպաստում է նրան, որ պարբերաբար իր տարածքում այրեն հայկական դրոշը: Դա արվում է ոչ միայն անհատների և քաղաքական ակտիվիստների շրջանում, այլև` պետական մակարդակով, պետական այրերի ձեռամբ: Իզմայիլիի շրջանի մարզպետներից մեկը վերջերս ջարդուփշուր արեց հայկական դրոշը, որը հավաքված էր տախտակի վրա: Դրանից հետո պաշտոնական անձինք ծափահարեցին և նրա քայլը ընկալեցին որպես հերոսություն, հայրենասիրական տեղին ակտ: Այնպես որ Ադրբեջանը չի գտնվում այն բարոյական կարգավիճակում, որ նմանատիպ գործողությունների նկատմամբ զայրույթ, առավել ևս` սրտնեղություն դրսևորի: Ադրբեջանի չափ ոչ մի պետություն դրոշ չի այրել: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ապա նրանից սպասելի էր, մենք վաղուց գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է: Այդ մարդու համար Ադրբեջանի շահերը վեր են ամեն ինչից, այդ թվում` Հայաստանի և հայ ժողովրդի շահերից: Նույն այս իշխանությունները, երբ այրում էին Ռուսաստանի Դաշնության դրոշը, չգիտեի՞ն, որ դա քաղաքակիրթ քայլ չէ, կամ գոնե այսօր ինչո՞ւ ներողություն չեն խնդրում իրենց արարքի համար, թե՞ Փաշինյանի ընկալմամբ միայն Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելն է դատապարտելի: Ադրբեջանի դրոշը այրվել է գրեթե ամեն տարի, այդ թվում Փաշինյանի իշխանավարման յոթ տարիներին: Ինչո՞ւ յոթ տարի ձայն չհանեց, մեկ էլ հոպ, որոշեց ներողություն խնդրել և դատապարտել դրոշ վառելու ավանդույթը: Նիկոլ Փաշինյանի խոսքերը նման են վատ հոտի, սկզբում շատ տհաճ են, բայց երբ բացում ես լուսամուտը, անմիջապես գոլորշիանում և ցնդում են: Այնպես որ պետք չէ նրա ասածները լուրջ ընդունել: Դրանք այսրոպեական էմոցիոնալ խոսքեր են:
- Իսկ Ադրբեջանում նրա այս խոսքերը լուրջ չե՞ն ընկալվել:
- Ոչ, նրա խոսքերը Ադրբեջանում լուրջ չեն ընկալվում, հակառակ դեպքում Ադրբեջանը Փաշինյանից նման պահանջներ չէր ներկայացնի: Ադրբեջանը ոչ Փաշինյանի ստորագրությանն է վստահում, ոչ էլ Փաշինյանի խոսքերին: Փաշինյանից համահայկական համաձայնություններ են պահանջում, այս կամ այն կարևոր հարցի վերաբերյալ: Ալիևը գիտակցում է, որ Փաշինյանի հեռանալուց հետո նրա որոշումներն ու ստորագրությունները հետ են կանչվելու, այդ պատճառով փորձում է իր ամեն մի քայլը կապիտալիզացնել: Բացելով ադրբեջանական մամուլը ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ծաղրի առարկա է:
- Կան մարդիկ, որոնց կյանքում պատերազմից հետո ոչինչ չի փոխվել: Օրինակ` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը` Վազգեն Սարգսյանի եղբայրը, համարում է, որ չի կարելի Ադրբեջանի դրոշն այրել, դա մեղք է ու հանցանք: Գուցե պատերազմից առաջ այս տեսակետները կարող էին ընկալելի լինել, սակայն ինչո՞ւ են իշխանություն չներկայացնող ուժերը նման տեսակետներ հնչեցնում հիմա` այսքան կորուստներից հետո:
- Գիտեք ինչ, ես` ինքս էլ դրոշ այրելը համարում եմ անիմաստ, անհետևանք գործողություն: Այն ոչ լավ, ոչ վատ ազդեցություն չի թողնում` ցանկացած երևույթ պետք է գնահատել արդյունավետության տեսանկյունից, համենայն դեպս ես այդպես եմ անում: Բայց այստեղ մի բան պետք է հաշվի առնել, Ադրբեջանում տարվա մեջ 4-5 անգամ այրվում է Հայաստանի դրոշը, անկեղծ ասած` դա ինձ մոտ հեգնանք և ծաղրանք է առաջացնում, բայց կան մարդիկ, ովքեր փորձում են նույն ձևով պատասխանել Ադրբեջանին: Եթե Ադրբեջանը վառում է Հայաստանի դրոշը, ապա հայերը ևս ունեն դրա իրավունքը, դա համարժեք պատասխան է: Մեծ հաշվով ես համարում եմ այդ ամենն անիմաստ, բայց այնպես չէ, որ դրոշ վառելու ավանդույթը մենք ենք հնարել: Դա հնուց եկած սովորություն է, որ դարձել է ավանդույթ: Արաբները այրում են իսրայելական դրոշը, Իսրայելում այրում են Թուրքիայի, Իրանի դրոշները, անգամ Միացյալ նահանգներում են դրոշներ այրում: Դա էմոցիոնալ վիճակի դրսևորում է, ոչ քաղաքական հարց է, ոչ էլ թուղթուգիր, ինչից Ադրբեջանում ուղղակի սարսափում են և այդ առիթով կա անգամ հսկայածավալ հետազոտություն: Մարդիկ 200 միլիոն դոլար` մեկ տարվա մեջ ծախսում են թուղթուգիր անողների վրա:
- Իսկապե՞ս: Դա ինչի՞ արդյունք է:
- Ավանդական հասարակություններում խնդիրները լուծելու ընդունված մեթոդ է այն: Հայաստանն էլ առանձնապես հետ չի մնում, այստեղ էլ շատ են սիրում զանազան գուշակների և աստղաբանների: Ուղղակի այստեղ նման հետազոտություն չի արվել: Վերադառնալով դրոշներ այրելուն, ասեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան շատ ծանր են տանում, երբ իրենց պետության դրոշներն այրում են, սակայն ցավագին տանելով հանդերձ, վրդովվելով, իրենք նույն բանն անում են այլ պետությունների հանդեպ: Եվրոպայի աշխարհի խաղերի ժամանակ, Բաքվում մարդկանց դրոշներ էին բաժանել, միջոցառման ավարտից հետո դրոշները հայտնվել էին աղբամանների մեջ, դրանից հետո մեծ սկանդալ տեղի ունեցավ, քրեական գործ հարուցեցին, հետախուզում են հայտարարել և այլն: Նրանք անառողջ վերաբերմունք ունեն իրենց դրոշի նկատմամբ:
Կարծիքներ