Սյունիքի մարզպետը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Սյունիքի մարզպետը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Այս մասին հայտնեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից։

Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամընկներ այսօրվա իրավիճակին, որն իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»։

Դեսպանը տեղեկացրել է Թեհրանի կողմից Սյունիք ուղարկված մարդասիրական աջակցության մասին՝ նշելով, որ դա առաջնային օգնություն է ու մարզպետից ցանկացել է լսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների մասին, որպեսզի ԻԻՀ-ից ուղարկվող հետագա աջակցությունն առավել տեղին ու նպատակահարմար լինի։

Դիվանագետը նաև տեղեկացրել է, որ մինչ այս հանդիպումը տեղահանված մի քանի ընտանիքների է հանդիպել։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել այցի ու նաև հումանիտար օգնության համար՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներում կկարողանան խոսել այլ ծրագրերի, համագործակցության ու զարգացման նախաձեռնությունների մասին։

Պատասխանելով բարձրաստիճան դիվանագետի հարցերին՝ մարզպետը ներկայացրել է Սյունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու, աջակցելու, տեղավորելու, ճանապարհելու բարդ գործընթացը, նաև՝ այս համատեքստում այն առաջնահերթ ու հետագա կարիքները, որոնց լուծման ուղղությամբ ցանկալի կլինի համագործակցությունը իրանական կողմի հետ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսությանը, անվտանգությանը, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն։

Մեհդի Սոբհանիին նշել է, որ Իրանի կողմից մարզում իրականացվող շինարարական ու այլ աշխատանքներում կձգտեն աշխատանքի ընդունել նաև բռնի տեղահանված անձանց՝ լուծելով նրանց զբաղվածության հարցը։