Գիտե՞ք մոլլա Նասրեդինի էշի պատմությունը

Գիտե՞ք մոլլա Նասրեդինի էշի պատմությունը

Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որը տարբեր քննարկումների արդյունքում արժանացավ բացասական գնահատականների եւ առաջացրեց դժգոհություն գիտնականների, մտավորականության շրջանում: Ավելին՝ Change.org կայքում խնդրագիր-ստորագրահավաք է սկսվել, որը նախաձեռնել են մի քանի բուհեր՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտը, ԳԱԱ պատմության ինստիտուտը, ՀՊՄՀ պատմության ֆակուլտետը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը։ Պահանջը մեկն է՝ նշված օրենքի նախագիծը հանել շրջանառությունից եւ ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը։
Օրինագծի հետ կապված՝ մի քանի հարցեր ուղղեցինք ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին։

- Պարոն Մարտիրոսյան, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի աշխատանքային տարբերակը դժգոհությունների ալիք է բարձրացրել թե՛ հայագիտական առարկաների դասավանդման եւ թե՛ գիտության մասով, որի առնչությամբ օրինագծում ընդամենը 11 տող է հատկացված։ Դուք ի՞նչ մտավախություններ ունեք այս օրինագծի հետ կապված, եւ ինչո՞ւ է գիտությանն այդքան քիչ ուշադրություն հատկացվել այս տարբերակում։

- Մեր բոլոր ինստիտուտներում քննարկվել է այդ օրենքի աշխատանքային տարբերակը, եւ 99 տոկոսով գտել են, որ այդ օրենքը չի նպաստում ո՛չ գիտության զարգացմանը, ո՛չ էլ կրթության զարգացմանը՝ հատկապես այդպիսի մոտեցումներով եւ մեխանիկական միացումներով։ Դա միայն գիտությանը կվնասի եւ ոչ մի բան չի տա։ Հետո՝ օրենքն ավելի շատ կրթության մասին է, եւ ակադեմիայի, գիտության մասին, փաստորեն, ոչինչ չկա՝ բացառությամբ մի երկու տեղ միայն, իսկ դրանով ոչինչ չի լինի։ Մենք որոշել ենք, որ դա անընդունելի է եւ պետք է հետ կանչվի։ Այդ օրինագիծը մենք ուղարկել ենք մոտ 25-30 ինստիտուտների, այդ ժողովների քննարկումների արդյունքներն ընդհանրացրել ենք, որտեղ գրված է այդ բոլորը։ Թեպետ այն ժամանակ գրեցինք՝ մերժել, բայց մենք չենք հրաժարվում նաեւ առաջարկություններից, նոր գաղափարներից, որոնք կնպաստեն գիտության եւ կրթության ինտեգրացմանը, զարգացմանը, համատեղ աշխատանքների կատարմանը։

- Ասացիք, որ օրենքի նախագիծը պետք է հետ կանչվի, բայց նախարարությունը չի պատրաստվում որեւէ զիջման գնալ եւ հորդորում է հայոց լեզուն չպաշտպանել նախարարությունից։ Սա ինչի՞ մասին է խոսում։

- Դժվարանում եմ ասել։ Ողջ հանրությունը, այդ թվում՝ ակադեմիայի անդամներ, գիտությամբ զբաղվողներ, ելույթներ են ունենում, կարծիքներ են հայտնում, եթե այս ամենին նշանակություն չեն տալիս, ուրեմն շատ վատ է։

- Խոսակցություններ կան, որ ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելով՝ փորձում են ինստիտուտների տնօրեններից ազատվել։

- Ես չեմ կարող կոնկրետ նման բան ենթադրել, այսօր գոյություն ունի օրենք գիտությունների ակադեմիայի մասին, եւ նրա կառավարման ամբողջ համակարգը որոշված է։ Եթե ինչ-որ ձեւով պետք է փոխեն կառավարման համակարգը, դա արդեն իրենցից է կախված։ Իսկ եթե փոխվի կառավարման համակարգը, պարզ է, որ կփոխվեն նաեւ տնօրենները։

- Ի՞նչ կշահենք կամ կկորցնենք, եթե այս օրինագծի համաձայն՝ գիտությունը տանենք համալսարաններ։

- Շատ վատ մտավախություններ ունեմ, որ դրանից մենք մեր ունեցածը կկորցնենք՝ ելնելով նաեւ ուրիշների փորձից։ Մենք առաջինը չենք, նախկին սովետական տարածքում Վրաստանը, Ղազախստանը, մերձբալթյան երկրները, վերջերս էլ Մոլդովան այդպիսի փոփոխություններ արել են՝ ինստիտուտները տալով տարբեր գերատեսչությունների։ Դրանից գիտությունն այդ երկրներում շատ արագ նվազել ու կորել է, ինչ էլ ունեին, անհետացել է, ամենափայլուն օրինակը մեր հարեւան Վրաստանն է։

- Արդյոք նշանակո՞ւմ է, որ պետությունն այդքան էլ չի կարեւորում գիտությունը, ակադեմիան, եթե այսօր նման օրինագիծ է շրջանառության մեջ դնում։

- Այդ հետեւությունները պետք է թողնել իրենց եւ հանրությանը։ Գիտությունն է աշխարհում մեր երկրին բարձր ճանաչելիություն բերել, եւ եթե գիտությունն այս վիճակին հասցնենք, պարզ է, որ ոչ մի դրական բան չի լինի։

- Մասնագետներից մեկն ասաց, որ հենց ԳԱԱ-ն ինքը պետք է նախաձեռներ որոշակի փոփոխություններ եւ վերակառուցեր ակադեմիան՝ չթողնելով այդ գործը չինովնիկներին։

- Ի՞նչ է նշանակում՝ վերակառուցել, այնքան ենք վերակառուցել, որ այդ գիտնականը եթե չի իմանում, թող իմանա՝ նոր խոսի։ Մենք օպտիմալացում ենք արել եւ տարբեր կառույցներ իրար ենք միացրել, գիտական ուղղություններ ենք փոխել, հազար ու մի բան ենք արել՝ գիտության զարգացմանը նպաստելու համար։ Մի կարեւոր հանգամանք եւս․ Եվրոպայում եւ որեւէ այլ տեղ չկա մի երկիր, որտեղ մեզնից ավելի քիչ ֆինանսավորվի գիտությունը։ Չկա մի երկիր այդպիսի քիչ ֆինանսավորումով, որտեղ գիտությունը զարգանում է, մերն ամենաքիչն է, բայց մեր արդյունքները, համենայնդեպս, ամենաբարձրերից մեկն են։

- Բայց թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները միշտ բարձրաձայնում են ակադեմիայի օպտիմալացման եւ կրճատումների մասին։ Ստացվում է՝ կա՛մ դժգոհ են ակադեմիայի արդյունքներից, կա՛մ ավելին են ակնկալում։

- Գիտե՞ք մոլլա Նասրեդինի էշի պատմությունը․ ուրեմն մոլլա Նասրեդինն ամեն օր կրճատում է էշի կերը, այդպես գնում-գնում է, ու էշը մի օր սատկում է, որովհետեւ վերջին 3 օրն ընդհանրապես բան չի տալիս։ Ասում է՝ եթե մի օր էլ ավել մնար, ես այդ էշին ընդմիշտ կպահեի առանց ուտելիք․․․ Ի՞նչ է նշանակում՝ դժգոհություն․ գիտությունն ինքն իրեն չի զարգանում, գիտության մեջ ներդրում պետք է անես, որ արդյունք ստանաս։ Այն, ինչ մեր ուժերով, մեր միջազգային կապերով ստանում ենք, դա է, որն աշխարհում շեշտվում է։ Սեւծովյան 10 երկրների շարքում մենք 3-4-րդն ենք։

- Դուք լուրջ վտանգ տեսնո՞ւմ եք այս օրինագծից, մասնավորապես, որ սա լինելու է օրենք ակադեմիան լուծարելու մասին, ինչպես գիտնականներից շատերն են ընդգծում։

- Ընդհանրապես՝ այո, թեեւ այդ վտանգն իրենից ինչ է ներկայացնում՝ չեմ կարող իմանալ, եւ չի էլ հետաքրքրում մեզ։

- Չի՞ հետաքրքրում Ձեզ։

- Այսինքն՝ մենք աշխատանքի մեջ ենք եւ մեր գործով ենք զբաղված, գուշակումներ չենք անելու, կա նախագիծ, որը քննարկել ենք ու կշարունակենք քննարկել մինչեւ նախատեսված ժամանակը։