«Մասիս» ՖԱ-ն չի՞ կասկածվում պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ

«Մասիս» ՖԱ-ն չի՞ կասկածվում պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ

Երեկ մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը՝ նախնական համաձայնությամբ, կանխորոշել են խաղի ելքը, ինչի համար կատարվել են խաղադրույքներ։ Նշվում էր, որ այդ պայմանավորվածության հետեւանքով «Վիվարոբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս և փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում սեպտեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր-օր-ի 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով։ 

Նշենք, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբում։ Թիմն առաջնության հետնապահներից է՝ 9 խաղում վաստակած ընդամենը 4 միավորով։

«Հրապարակի» հետ զրուցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշեց, որ Շենգավիթի բաժնում նման գործ չկա։

Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն էլ ասաց, որ իրենց մոտ նման գործ չի հարուցվել։
«Ինձ մոտ այդ հարցն այդպես էլ մնաց բաց։ Մեր մոտ՝ բաժիններում, նման գործ չի հարուցվել։ Առհասարակ  մի տեղ գործ հարուցվել է, թե ոչ, ես հստակ չեմ կարող ասել, բայց Շենգավիթում նման գործ չկա։ Դուք նշեցիք, որ ակումբը Ձորաղբյուրում է գրանցված, ես փորձեցի նաև Կոտայքի մարզում ճշտել, բայց այնտեղ էլ նման գործ չկա»։

Ֆուտբոլի ֆեդերացիայից մեզ հայտնեցին, որ զերծ են մնում մեկնաբանություն անելուց․ «Այս պահին հետևում ենք իրավապահների քայլերին, սպասում ենք իրավապահների գնահատականներին»։

«Մասիս» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն  Արտակ Մելիքյանը նշեց, որ իրենց ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել․ «Որպես տնօրեն ամսի մեկով է իմ հրամանը, այսինքն ես նոր եմ ընդունվել աշխատանքի, իսկ մամուլում նշվում էր, որ գործը հարուցվել է սեպտեմբերի 17-ին։  Ինձ թվում է, եթե ինչ-որ բան է եղել, ապա ակումբն է ինչ-որ կասկածելի բան նկատել և դիմել ֆուտբոլի ֆեդերացիա։Ես չգիտեմ՝ որ խաղի մասին է խոսքը, դա մենք չենք կարող իմանանք։ Այսօր մենք ժողով ենք արել և նշվել է, որ եթե մեզ հրավիրեն ոստիկանություն, մենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այս գործը բացահայտվի, մեղավորները պետք է պատժվեն, բոլոր ֆուտբոլիստներն էլ պատսրաստ են համագործակցության, սա մեզ էլ է պետք։ Նորից եմ ասում, որ մեզ հետ ոչ մեկ չի կապվել։ Ես ֆուտբոլիստներին ասել եմ, որ եթե ձեզ հետ կապվեն, տեղեկացրեք տնօրինությանը և մենք ձեզ հետ միասին գնանք ոստիկանություն։ Մենք երեկ ենք տեղեկացել այս ամենի մասին, մամուլից տեղեկացանք»։