Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար կմտնե՞ն ԱԺ

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար կմտնե՞ն ԱԺ

Նոր ձեւավորվելիք Ազգային ժողովի մանդատ ստանալու են նաեւ մի խումբ քաղաքական գործիչներ, որոնց նկատմամբ քրեական մեղադրանքներ են առաջադրվել, մի մասն էլ կալանավորված է։ Նրանք հիմնականում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշքինքից են․ Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը, Արմեն Չարչյանը, Արմեն Գեւորգյանը, Սեյրան Օհանյանը, «Պատիվ ունեմ» դաշինքից՝ Տարոն Մարգարյանը եւ այլք։

Հայտնի է, որ ԱԺ պատգամավորն օգտվում է աձեռնմխելիության իրավունքից․ եթե նրան մեղադրանք է առաջադրվում, ապա գլխավոր դատախազը գնում է ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ թույլտվությունը ստանալու։ Ի՞նչ է լինելու այս պարագայում։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշում է․ «Անձեռնմխելիության ռեժիմը գործում է, սակայն դատական քննության փուլում այդ ընթացակարգը գոյություն չունի, միեւնույն  ժամանակ նոր կարգավիճակով պայմանավորված է անձեռնմխելիությունը։ Սակայն կարծում եմ՝ պետք է դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն այդ հարցի պատասխանը տա։ Հնարավոր է դատական քննության ավարտին դատարանը որոշի նշանակել պատիժ, որը կապված է ազատության զրկման հետ, այդ դեպքում պետք է հաղթահարվի անձեռնմխելիությունը։ Կարծում եմ, որ դատական քննության փուլում պետք է դատարանը դիմի ՍԴ»։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի օրինակով, Էրիկ Ալեքսանյանը նշեց․ «Եթե հիմա մեղադրանքի փոփոխման հարց առաջանա, այդ դեպքում գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ, այդ դեպքում հաղթահարման խնդիր կա»։

Գլխավոր դատախազության վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ հետեւյալն է (այդ մասին ավելի վաղ խոսել էր դատախազության ներկայացուցիչ Գեւորգ Բաղդասարյանը)․ որ  պատգամավորի անձեռնմխելիությունը կիրառվում է, երբ պատգամավորին մեղադրանք է առաջադրվում կամ էլ քննվում է նրան ազատությունից զրկելու հարցը․ «Ինչ վերաբերում է քրեական հետապնդման ենթարկելուն կամ դա շարունակելուն, ապա Սահմանադրության նորմերի տառացի ձեւակերպումից երեւում է, որ խոսքը բացառապես քրեական հետապնդում հարուցելու մասին է, իսկ քրեական հետապնդում հարուցելը, Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն, անձին որպես մեղադրյալ ներգրավելն է, նրա նկատմամբ մինչեւ այդ խափանման միջոց ընտրելը կամ նրան ձերբակալելը: Քրեական հետապնդում իրականացնելու համար անձեռնխմելիության հաղթահարման ընթացակարգ, հիմքեր առհասարակ չկան, եւ ես՝ ինքս, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է Ազգային ժողովում գնալ, խնդրել համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու, եթե այդպիսի համաձայնություն Ազգային ժողովը կարող է տալ բացառապես հարուցելու կապակցությամբ: Ազգային ժողովը չի կարող այդպիսի համաձայնություն տալ կամ չտալ, հետեւաբար, Ազգային ժողովին չի կարելի այդպիսի համաձայնություն տալու համար դիմել կամ չդիմել»: Պարզ ասած՝ նկատի ունի, որ եթե մարդու նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է նրա պատգամավոր դառնալուց առաջ, ապա ԱԺ-ին դիմելու կարիք չկա։ Դիմում են միայն մանդատ ստանալու պահից հետո հարուցվող քրգործերի դեպքում։