Ամոթ է՝ վարչապետ մարդ ես, մանրախնդրություն մի արա, ճղճիմ բաներ մի ասա

Ամոթ է՝ վարչապետ մարդ ես, մանրախնդրություն մի արա, ճղճիմ բաներ մի ասա

Նորից սպառնալիքներ, նորից մատ թափ տալ, նորից բղավոցներ ու վիրավորական արտահայտություններ տարբեր անձանց, խմբերի ու խավերի հասցեին, եւ այս բոլորը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։

Մենք՝ բոլորս, հոգնել ենք 2 տարի շարունակվող այս բղավոցներից ու «հաթաթաներից», հոգնել ենք նախկինների դեմ տարվող այս անիմաստ պատերազմից, հոգնել ենք նոր թշնամիներ փնտրելու նրա եռանդից, իսկ ինքը չի հոգնել։ Ինքը շարունակում է սպառնալ ու հրահրել, վիրավորել ու բողոքել, գաղտնի տեղեկություններ հրապարակել եւ մարդկանց անձնական դաշտ մտնել։ Լսելն անգամ արդեն դժվար է, բայց եկեք հասկանանք, թե ինչից է բողոքում, ինչ է ասում։

Ասում է՝ «կենտրոնանում են» իմ ու իմ ընտանիքի վրա, ուզում են ինձ ռեկետիր, թալանչի, մաքսանենգ ցույց տալ՝ «մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը», քանի որ հեղափոխության շարժիչ ուժը թալանչիների կերպարն է, իսկ իրենք ուզում են հեղափոխություն անել, ուստի նման կերպար է պետք, եւ որոշել են «ինձնից կերտել մի եղկելի կերպար», ուզում են «ազատ լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտել Սերժ Սարգսյան»։ Այ ընկեր, քո իշխանության շարքերից արդեն կան օրինական՝ քո իսկ իրավապահների կողմից բացահայտված թալանչիներ, որոնց մի մասը դեռ բանտում է։ Մաքսանենգ ծխախոտով ինքնաթիռները, որոնց հետ կապված՝ դու համառորեն քննություն չնախաձեռնեցիր, ռուսներն են հայտնաբերել՝ մենք չենք հայտնաբերել, ու քրեական գործ են քննում։ Եթե սրան գումարենք նաեւ քո եւ թիմակիցներիդ շարժուձեւը, հագուկապը, եկամուտների հայտարարագրերը, կնոջդ հիմնադրամների՝ անգամ կորոնավիրուսի ժամանակ կազմակերպած հանգանակությունը, կստացվի, որ այդ «կերպարը» շատ էլ հեռու չէ իրականությունից։

Այնպես որ, հայելին ջարդելով՝ իրականությունը հնարավոր չէ փոխել։
Անցնենք առաջ․ ոչ մի կերպ ձեռք չես քաշում իրավական չապացուցված մեղադրանքները որպես կայացած փաստ՝ դատարանի դատավճիռ ներկայացնելու գայթակղությունից։ Լավ, 2 տարվա մեջ հնարավոր չէ՞ր սովորել, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի կարող նման լեքսիկոնով արտահայտվել, չի կարող մի երկու տգետ քննիչի հարուցած քրեական գործը դրոշակ սարքած՝ մարդկանց ու քաղաքական ուժերին վարկաբեկել։ Բա եթե ամբողջ օրը խոսում ես «ժողովրդին իշխանություն վերադարձնելուց», ինչո՞ւ չես թողնում, որ այդ ժողովուրդն ինքնուրույն եզրահանգումներ անի, ինքնուրույն որոշի՝ որն է քաղաքական լավ ուժը, որը՝ վատը, ով պետք է մնա քաղաքական դաշտում, ով՝ հեռանա։ Վախենում ես, որ մի քիչ ղժղժաս, մարդիկ սկսեն հասկանա՞լ, որ «արքան մերկ է», եւ որ ասպարեզից հեռանալու արժանին մենակ քո անգաղափար եւ իշխանական կերակրատաշտի մոտ հավաքված իմքայլիկներն են։ Ո՞նց կարող է իրեն ու ժողովրդին հարգող մարդը խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած ուժի մասին, ընդ որում՝ այն ընտրություններով, որոնք ինքն անձամբ հայտարարել է ՀՀ պատմության մեջ ամենալեգիտիմը, անվանի «քաղաքական բացիլ» եւ ասի, որ սովից ու սոցիալական բունտից խոսող «քաղաքական բացիլը վերակենդանանալու շանս ա ստացել», ու հարձակվի այդ ուժի վրա, հայտարարի՝ «հանրահավաքո՞վ եք մեզ վախեցնում, բա որ մե՞նք հանրահավաք արինք»։

Հետո, թե՝ «դուք վախեցեք սոցիալական բունտից, որ բունտը եղավ, առաջին հերթին ձեր կառուցած դղյակներն ու բենթլիներն են դառնալու սոցիալական բունտի զոհ… ուզում եք՝ հրահրեք բունտ, տեսնենք դրա արդյունքում դուք որտեղ եք հայտնվելու եւ ինչ դիրքում»։ Էս ուզում ես դեպի «դղյակնե՞ր» ուղղորդել սոված ամբոխին՝ չի ստացվի, որովհետեւ հիմա դու եւ քո մի շարք թիմակիցներ էլ են դղյակներում ապրում։ Ընդ որում՝ ժողովրդի փողերով նորոգած դղյակներում։ Հետո՝ սոցիալական բունտի ժամանակ ժողովուրդն իշխանությունից, կառավարությունից է հաց պահանջում, որովհետեւ իր տված հարկերից վարձատրվողը դուք եք, այլ ոչ թե բիզնեսով փող աշխատած մարդիկ, անգամ եթե նախկինում իշխանության մաս են կազմել։

Իրականում, ոչ թե սոցիալական բունտ, այլ քաղաքացիական պատերազմ ես հրահրում։ Ամեն ինչ անում ես, որ երկիրը տանես դրան, որ քո ձախողումները կոծկես, իշխանավարումդ երկարաձգես, նոր թշնամիների դեմ ուղղորդես ժողովրդին։ Լավ ապրելու, լավ երկիր ունենալու, համերաշխ մթնոլորտում ապրելու, Արցախի հարցը լուծված տեսնելու եւ նրա մյուս արդար պահանջները «ջրես»։

Իսկ ամենածիծաղելին ժողովրդավարությունից եւ թափանցիկությունից խոսելն է։ Իրեն ասում են՝ լրագրողին, հրապարակախոսին՝ Էդիկ Անդրեասյանին, կանչում են ոստիկանություն, դատախազությունն ուզում է գործ հարուցել նրա նկատմամբ, նա հիշում է այդ հրապարակախոսի կուսակցական պատկանելությունը եւ մի անհասկանալի պատմություն՝ 99 թվականին այդ կուսակցությանը (ՀՅԴ-ին) պատկանող թերթում տպագրված ինչ-որ լուսանկարից՝ իբրեւ թե Հանրապետության հրապարակի կենտրոնում դիակ էին նկարել։ Անհասկանալի է, թե ինչ կապ ունի 2020 թվականին լրագրողին հետապնդելու փորձը 99-ի ինչ-որ հրապարակման հետ։ Է, քո թերթն էլ հեղափոխությունից հետո կալանավորված Մանվել Գրիգորյանին էր բանտախցի լուսամուտից նկարել ու տեղադրել իր էջերում, հիմա էլ ինչ գրում է՝ հաջորդ օրը ՀՔԾ-ն կամ ԱԱԾ-ն հայտարարությամբ հաստատում են։

Եվ ամբողջ կյանքում թերթի խմբագիր աշխատած մարդու շուրթերից առնվազն տարօրինակ է լսել «ժողովրդավարությունն ամենաթողություն չի»։ Կամ՝ «Արտակարգ դրության ժամանակ լսելով ձեր հորդորները, հանեցինք խոսքի ազատության սահմանափակումները, եւ տեսեք, թե ինչ սկսվեց դրանից հետո․․․ Էսօրվա իրավիճակի կարեւորագույն պատճառներից մեկը հենց դա է։ Այ, էդ ենք արել սխալ»։ Կամ՝ «Էսօր էդ մամուլը, մամուլի ազատությունը, սոցիալական ցանցերի ազատությունը մարդկանց մղում են մահվան․․․»։ Նաեւ՝ «Այո, ասել ենք եւ ասում ենք՝ թերթերը պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ․․․ բոլորը լինեն՝ թերթերը չլինե՞ն»։ Ո՞վ՝ բոլորը, հարգելի վարչապետ։ Այդ դո՞ւք եք թափանցիկ՝ այն կառավարությունը, որը մեկ տարի շարունակ ծածուկ պարգեւավճարներ էր տվել իր նախարար-փոխնախարարներին՝ օրենքի խախտմամբ եւ ժողովրդից թաքուն։ Այդ դո՞ւք եք թափանցիկ, որ միայն մամուլի համառ ջանքերով պարզվեց, թե ինչ է նստել չարտերով ձեր զբոսաշրջային թռիչքը ԱՄՆ կամ կառավարական ամառանոցի վերանորոգումը, կամ շինթույլտվությունների դիմաց «ԿամԱԶ»-ներ նվեր ստանալը։ Այդ դո՞ւք եք օրինական, որ ահռելի ծավալների եք հասցրել մեկ անձից կատարվող գնումները՝ առանց մրցույթի, կասկածելի կազմակերպություններից կատարվող։ Ո՞ր մեկը թվարկեմ։

Եվ մի բան էլ․ ամոթ է՝ վարչապետ մարդ ես, մանր-ճղճիմ բաներ մի ասա։ Մի մտիր ուրիշ կուսակցությունների խոհանոցը, առանց դատարանի վճռի մարդկանց հանցագործ մի հռչակիր, մի ասա, որ դատարանը «հիմնավոր կասկածը» հաստատված է համարել։ Մի ասա՝ «ո՞վ չգիտի, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել»։ Բա ընտրակաշառքով ընտրված կուսակցության հետ ինչո՞ւ էիր համագործակցում՝ հուշագիր կնքում, խնդրում, որ քեզ վարչապետ առաջադրեն։ 2018-ին այդ կուսակցությունը մաքուր ընտրություններով երկրորդ տեղն է զբաղեցրել խորհրդարանում։ Գոնե 18-ի ընտրությունների հանդեպ հարգանք ունեցիր եւ այդ ուժին ընտրած մարդկանց։ Բանը հասել է այնտեղ, որ արդեն Ծառուկյանի որդու՝ կորոնավիրուսով վարակվելու թեման ես բարձրաձայնում եւ ուրախությունդ չես թաքցնում։ Ու դեռ ընդդիմությանն ես մեղադրում, թե ուրախացել են կորոնավիրուսի հայտնվելով, ուզում են ինչքան հնարավոր է՝ շատ մարդ մահանա։

Իրականում, կորոնավիրուսն ամենից շատ քեզ էր ձեռնտու, դու եւ քո թիմն եք շահել դրանից՝ հիմա ձեր ապաշնորհությունը «սպիսատ» կանեք համաճարակի վրա եւ կհայտարարեք՝ եթե վիրուսը չլիներ, մենք տնտեսական հրաշք ապահոված կլինեինք երկրում եւ միլիարդների ներդրումներ։
Առհասարակ, կիրթ մարդիկ, առավել եւս՝ իշխանության առաջին դեմքերը «ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն ա տարածում եթերից», «քաղաքական ուժն ինքնաոչնչացվել ա», «հակակշիռների մասին եք ճամարտակում» եւ սրա նման այլ արտահայտություններ չպիտի օգտագործի։ Տգեղ է, տհաճ է, անօրինական է։

Հասկանալի է, որ «սեւին սապոնն ի՞նչ կանի, խեւին՝ խրատը», բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ երբեք ուշ չէ կրթվելու, քաղաքակրթվելու, բարեփոխվելու, ժողովրդավար դառնալու, խելք հավաքելու համար։ Չնայած՝ արդեն հույսերս մոտ են մարելուն։

Սվետա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ