Չեմ կարծում, որ Ադրբեջանը պլանավորում է խոշորածավալ մարտական գործողություններ

Չեմ կարծում, որ Ադրբեջանը պլանավորում է խոշորածավալ մարտական գործողություններ

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան բոլորիս ուշադրությունը Երասխի կողմն էր։ Մինչեւ ուշ գիշեր ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից գնդակոծեց Երասխի հայկական դիրքերը։ Առավոտյան ՊՆ-ն հաստատեց, որ դիրք է հրդեհվել։ Միաժամանակ հրաձգային զինատեսակներից կրակել են Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ։ Կրակոցները լսելի են եղել Սոթքից, Կութից, Գեղամասարից։ Երեկ ցերեկային ժամերին այստեղ արդեն խաղաղ էր։ Մերոնք ոչ մի պատասխան կրակոց չեն արձակել։ 

Ինչի՞ հետ են կապված այս սրացումները, որոնք ծրագրված օպերացիայի են նման։ 

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովն այս գործողություններն ուղիղ կապում է սահմանազատման գործընթացի, խաղաղության պայմանագրի կետերի կատարման,  կոմունիկացիաների բացման տեմպերի հետ։ Նրա կարծիքով, ադրբեջանցիները ճնշում են իրականացնում հայկական կողմի վրա, որ այս ամենն արագ տեղի ունենա։ «Եթե նկատել եք,- ասում է Հարությունովը,- հայկական կողմից հնչում է, որ ադրբեջանական ուժերը պետք է հետ քաշվեն, բայց ադրբեջանական ուժերին ավելի հարմար է, որ նրանք տեղակայված մնան հայկական տարածքում։ Դա ճնշման գործիք է հայկական կողմի դեմ, որ այս ամենը տեղի ունենա արագ։ Հայկական կողմի համար ներքաղաքական պահ կա, ձգձգելու, դիմադրություն ցույց տալու անհրաժեշտություն»։ 

- Իշխանությունը դիմադրության պատրա՞նք է ստեղծում իր հասարակության համար։

- Չէ, երեւի, «պատրանք» սխալ է ասել, պարզ է, որ իշխանությունը կուզենա ավելի լավ պայմաններով դա անել, որ իր դիրքերն ամրապնդի։ Այլ հարց է, թե որքանով կկարողանա։ Ամեն դեպքում, պարզ է, որ հայկական կողմն այս պահին չի գնում նրան, որ բոլոր պայմանավորվածությունները միանգամից կատարի։

- Սոթքում ու Գեղարքունիքում մերոնք չեն էլ կրակել, այսինքն՝ դիմադրություն չեն ցույց տալիս։ 

- Չունեմ ինֆորմացիա, թե տեղում ինչպես է կատարվում, բայց ուզում եմ ասել, որ հավանականությունը շատ մեծ է, որ ճնշում է իրականացվում հայկական կողմի վրա։

- Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչքա՞ն առաջ կգնա։ Երեկ տեսաք, երեւի, թե ինչ անկումային տրամադրություններ էին Ֆեյսբուքում։ Գրում էին, որ Երասխից Երեւան մեկ ժամվա ճանապարհ է։

- Այդ իմաստով Նախիջեւանի ուղղությունը պատահական չէ։ Իրենք հասկանում են, որ եթե ճնշման խնդիր կա, ապա ուղղությունը, որը շատ մոտ է մայրաքաղաքին, ավելի էֆեկտիվ է։ Սա երկար տարիներ գոյություն ունեցող ռազմավարական խոցելիությունն է Երեւանի՝ որ շատ մոտ է գտնվում Նախիջեւանին։ Այս խնդիրն այսօր չի առաջացել, եւ Ադրբեջանը հիմա սա շահագործում է։ Ինչ վերաբերում է, թե ինչքան առաջ կգնան՝ կա որոշակի սահմանագիծ, երբ սահմանային միջադեպը կարող է վերածվել լոկալ ավելի մեծ միջադեպի, հետո՝ պատերազմի։ Հիմա փաստացի մենք տեսնում ենք, որ եթե սա գնա իմ ասած այդ վերջին փուլի, այսինքն՝ մեծ կոնֆլիկտի, դա Ադրբեջանի համար վտանգավոր է նրանով, որ կարող է առաջանալ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ։ Ընդ որում, արդեն անկախ Մոսկվայի քաղաքական դիրքորոշումից, որովհետեւ ռուսական ուժերն այստեղ են, եւ եթե պրոցեսը դուրս գա հսկողությունից, նրանք էլ կարող են հարվածի տակ հայտնվել։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը պլանավորում է խոշորածավալ մարտական գործողություններ, բայց սահմանային միջադեպերն ընդլայնելու որոշակի դաշտ կա։ 

- Այսինքն՝ հայկական կողմի համար, այնուամենայնիվ, լուրջ վտա՞նգ կա։

- Այո։ Օրինակ, այն, ինչ հիմա կիրառվում է, Սիրիայում թուրքական կողմը ժամանակին կիրառել է։ Այնտեղ էլ իրավիճակ եղավ, որ հա՛մ ռուսներն էին տեղակայված, հա՛մ իրենք, եւ իրենք բավականին մեծ փորձ ունեն՝ առաջընթացի լոկալ իրավիճակ ստեղծել, հարձակման, եւ այդ նոր իրավիճակից ելնելով՝ առեւտուր սկսել ռուսների հետ։ Փաստացի, մենք այսօր ինչ-որ նման պրոցես ենք այստեղ տեսնում։ Ցավոք սրտի, Մերձավոր Արեւելքի մարտավարությունները եկան մեզ մոտ էլ։

- Կարող ենք ասել, որ մեր իշխանությունները եւս օգտվում են այս իրավիճակից, մասնակից են դրան, որ արագ հանձնեն անկլավները։ Կրակի սպառնալիքի տակ հասարակությունն ավելի հակված կլինի, որ արագ արվի դա։

- Ես տեղեկատվություն եւ փաստեր չունեմ, որ իրենց մեջ ինչ-որ պայմանավորվածություն կա։ Իմ անձնական կարծիքով, նման բան չկա։ Բայց մի այսպիսի խնդիր կա՝ օբյեկտիվորեն ընթացքը կարող է այդպիսին լինել, այսինքն՝ լինի ճնշում, որը հիմքեր ստեղծի իշխանության համար՝ ներսում բացատրելու, թե փակուղային իրավիճակ է, պետք է գնանք որոշակի զիջումների։ Ողբերգությունն այն է, որ իրականում ռեալ, այլընտրանքային տարբերակներ հայկական կողմն այնքան էլ չունի։ Ուժային ճանապարհով գնալու տարբերակն իր մեջ ռիսկեր է պարունակում՝ կապված նրա հետ, որ մենք զուտ ռազմական իմաստով պատրաստ չենք, հասարակության ներսում էլ նոր պատերազմի, նույնիսկ լոկալ բախումների գաղափարը պոպուլյար չէ, չի էլ ունենա զանգվածային աջակցություն։ Դա պարտության հետեւանքն է, թեեւ, իհարկե, տրամաբանական է տեղում կոշտ պատասխանով հարցերը լուծելը։

- Այսինքն, Ձեր կարծիքով, այս փուլում ճի՞շտ է կոշտ պատասխանելը։

- Ոչ, այս փուլում բարդ, պատային իրավիճակ է ստեղծվել։ Թե՛ հանգիստ նստելը, թե՛ կոշտ պատասխանելը խիստ վտանգավոր են։