Ֆուտբոլային ոլորաններ

Ֆուտբոլային ոլորաններ

Օրեր առաջ մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի հերթական առաջնությունը, իսկ պատմություն դարձած նախորդ մրցաշրջանի արդյունքներն ամփոփվեցին վերջերս։ Հարկ է խոստովանել՝ այն սուր ու գրավիչ, մինչեւ վերջ անհաշտ պայքարը, որ ծավալվել էր, այս անգամ չուներ իրեն հավասարը։ Բավական է նշել, որ ամեն ինչ վճռվեց տառացիորեն ավարտական տուրում։ «Արարատ-Արմենիան», 2-0 հաշվով համոզիչ առավելության հասնելով նորեկ թիմի՝ «Նոայի» նկատմամբ (որին, ի դեպ, տանուլ էր տվել մինչ այդ կայացած Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում), պահպանեց չեմպիոնի իր կոչումը՝ վաստակած 52 միավորով անհասանելի դառնալով բոլոր մրցակիցների համար։

«Նոան» 48 միավորով երկրորդն էր։ Նրանց հաջորդեցին առաջին քառյակում տեղեր զբաղեցրած «Ալաշկերտը» (47 միավորով) եւ «Շիրակը» (46 միավորով)։
Առաջատարների ցուցանիշների խտությունը վկայում է մինչեւ վերջ պահպանված թեժ մրցակցությունը, ինչը վաղուց չէր նկատվում։ Սակայն ավարտված մրցաշրջանի գովքը սահմանափակենք սրանով, թեկուզ այն պատճառով, որ նման մրցակցությունը, ըստ էության, կողմերի լոկ նույն մակարդակի կարողությունների ապացույց է։ Ինչ վերաբերում է ֆուտբոլային վարպետության հասունությանը, ապա այն, ավաղ, այսօր խիստ կաղում է։ Սրա վառ ապացույցն են եվրագավաթների խաղարկության հենց մեկնարկում, այսինքն՝ համեմատաբար թույլ համարվող ակումբների հետ միջազգային հանդիպումներում մեր առաջատար բոլոր չորս վերոհիշյալ թիմերի կրած խայտառակ պարտությունները՝ 1-9 ընդհանուր հաշվով:

Ոչ պակաս անհանգստացնող է անցած մրցաշրջանում, հատկապես առաջին խմբում արձանագրված, պայմանավորված խաղերի առկայությունը։ Սույն այլանդակ երեւույթները, պարզվում է, գերազանցել են երեւակայության բոլոր սահմանները։ Այդ բազարային ոլորտում առավել «աչքի են ընկել» Աշտարակի «Արագածը», Աբովյանի «Տորպեդոն», Մասիսի նույնանուն թիմը եւ Երեւանի «Լոկոմոտիվը»: Ոչ պակաս հակառեկորդային է նաեւ պատժված ֆուտբոլիստների, որոշ մարզիչների եւ թիմերի ղեկավարների դերակատարումը․ նրանց թիվը հասնում է 58-ի, որից 45-ը, սա նույնպես արտասովոր փաստ է, ցմահ զրկվել են ֆուտբոլով զբաղվելու իրավունքից։ Ճիշտ է եւ այն, որ մեղավոր ճանաչվածներից շատերը ժխտում են իրենց մեղքը եւ լի են վճռականությամբ՝ բողոքելու տարբեր ատյաններ։ Այն էլ ասենք, որ առաջին խմբի մրցաշարը, որի ավարտին քիչ էր մնացել, որոշվեց դադարեցնել...

Իսկ հիմա՝ մեր ներկա ֆուտբոլում նկատվող ոլորանների մասին։ Ամենից առաջ զարմանք առաջացրեց պայմանավորված խաղերի գրանցված 58 թիվը։ Սա, մանավանդ մեր փոքր երկրի համար, կարելի է ասել, աստղաբաշխական ցուցիչ է, իսկ առավել տարօրինակն այն է, թե ինչպես պատահեց, որ այդ ամենի մասին սկսեցին բարձրաձայնել միայն մրցաշրջանի ավարտին։ Մի՞թե պարզ չէ, որ նման երեւույթների առաջին փաստերը գրանցվել են ավելի վաղ, դեռ անցյալ տարի, ավելի ստույգ, ինչպես մամուլում նշվեց՝ արդեն երրորդ տուրում, հետեւաբար, ո՞ւմ հասկանալի չէ, որ եթե ժամանակին ձեռք առնվեին կտրուկ միջոցներ, պայմանավորվածությունները չէին «ծաղկի» ու հասնի ահավոր չափերի, ֆուտբոլի հետ անմիջականորեն կապ ունեցող 45 մարդ էլ ցմահ պատժի չէր ենթարկվի։ Այնպես որ, պարզից էլ պարզ է, որ իրենց անմիջական պարտականություններն աչքաթող արածներ, ավաղ, կան նաեւ ֆեդերացիայում։

Խիստ տագնապալի է եւ այն, որ բացահայտորեն խախտվել է նաեւ դրսից հրավիրված խաղացողների օգտագործման՝ օրենքով գործող սահմանափակումների լիմիտը։ Նույնիսկ օտարազգի մարզիչներից մեկը չթաքցրեց իր զարմանքը՝ նկատելով, որ Հայաստանի առաջնությանը մասնակցող թիմեր կան, որոնք ասպարեզ են մտնում՝ իրենց կազմում չունենալով գոնե մեկ հայ ֆուտբոլիստ։ Ինչի՞ մասին է խոսքը՝ մրցաշրջանի լավագույն 10 խաղացողներից առաջին երեքն օտարազգիներ են։ Մենք պետք է «գոհ» լինենք, որ ընտրյալներից գոնե վերջինը՝ տասներորդը, տեղացի է։ Ինչո՞ւ չասել նաեւ, որ դրսից հրավիրվածն է ճանաչվել մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Բոլոր նրանց ընտրողներն էլ եղել են թիմերի մարզիչներն ու ավագները, ինչպես նաեւ 18 լրատվամիջոցների մեկնաբաններ, հետեւաբար, նրանց իրազեկությունն ու արդարամտությունը կասկածից վեր են։ Այլ բան է, որ սա մեր ֆուտբոլում տիրող տագնապի հնչեցում է, եւ զարմանալի չէ, որ այսօր ոչ միայն ակումբների, այլեւ ազգային հավաքականի օգնության հասնելու գլխավոր նշանաբանը «էստի համեցեքն» է՝ ուղղված արտասահմանին։

Հենց այս առումով էլ մտահոգիչ է մեր ֆուտբոլի վաղվա օրը։ Ցավոք, պատանի եւ երիտասարդ խաղացողներն էլ ռեալ հույսեր քիչ են ներշնչում: Այդ են վկայում, մեղմ ասած, համեստ ցուցանիշները, որ գրանցվեցին անցյալ տարի: Իսկ ի՞նչ է մեզ սպասվում այսօր: Հիմա, երբ հասկանալի պատճառներով տղաներն ասպարեզ են մտնում սովորականից մի փոքր ավելի ուշ, մնում է հուսալ, թե անհրաժեշտ հետեւություններ կանե՞ն, ինչ-որ բան կկարգավորվի՞: Մասնավորապես, 21 տարեկանների հավաքականը, ինչպես եւ մեր ազգային գլխավոր ընտրանին, որի կազմում զարմանալիորեն բացակայում էր ամենաառանցքային խաղացող Հենրիխ Մխիթարյանը, ներկա վիճակում տարել է մեկ հաղթանակ եւ պահպանում է հաջորդ մրցափուլ դուրս գալու հնարավորություններ։ Ի դեպ, տարօրինակ նմանություն գրանցվեց նրանց այս օրերի ելույթների ժամանակ: Ազգերի լիգայի ընտրական մրցաշարում մեր թիվ մեկ հավաքականը համոզիչ առավելության հասավ էստոնացիների նկատմամբ (2-0), իսկ մինչ այդ համառ պայքար մղելով Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլիստների դեմ, նրանց հարկի տակ՝ Սկոպյեում, այնուամենայնիվ, զիջեց 1-2 հաշվով։ Եվ ինչն էր տարօրինակն այդ խաղում․ մեր թիմի երկու պաշտպաններ, ասես ջանալով «չզիջել» միմյանց, միանման կոշտություն դրսեւորեցին, եւ այդ պատճառով թիմը պատժվեց 11 մետրանոց հարվածներով, ինչն էլ, ըստ էության, վճռեց հանդիպման ելքը։ Իսկ 21 տարեկանները, հանդես գալով Եվրո-2021 ընտրական մրցափուլում, Լյուքսեմբուրգում, խաղավերջում, երբ հաշվի մեջ առավելություն ունեին, ընդամենը 6 րոպեի ընթացքում «վաստակեցին» երկու հեռացում եւ, ի վերջո, անտեղի պարտություն կրեցին նույն՝ 1-2 հաշվով։ 
Նման անակնկալ ու կոպիտ վրիպումները, ըստ ամենայնի, պատահականություններ չեն։ Հարկ է հուսալ, որ այդ ամենը բազմակողմանի ու խորը վերլուծությունների կենթարկվի, արհեստավարժ մոտեցումներ կդրսեւորվեն ոչ միայն այս, այլեւ խաղերի ընթացքի ու ելքի վրա ազդեցություն գործած մյուս առանցքային հարցերի նկատմամբ։ Ընդ որում, շատ կարեւոր խնդիր է, թե ում է վստահվում պատանի ֆուտբոլիստների հետ տարվող նուրբ աշխատանքը՝ նկատի ունենալով, որ թույլ տրված անտարբերությունը մեծ ֆուտբոլը երբեք չի ներում։

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ