Սուբվենցիոն ծրագրերն էլ են նվազել

Սուբվենցիոն ծրագրերն էլ են նվազել

Նիկոլ Փաշինյանը, թեև իրեն հատուկ պոպիլիզմով ու դուխով հայտարարել էր, որ կախարդական փայտիկ է գործի դնելու և Հայաստանում տնտեսական հեղափոխություն է լինելու, իրականությունը, սակայն, բոլորովին այլ բան ցույց տվեց։ Հայաստանում աղքատության ցուցանիշը շարունակում է մտահոգիչ լինել, ավելին՝ գնալով իրավիճակն ավելի է վատանում, մյուս կողմից կտրուկ նվազել են իրականացվող ծրագրերը, որքան էլ հայտնի ՊՈԱԿ-ը հսկայական միջոցներ ծախսի փռվող ասֆալտը տարբեր ռակուրսներից ներկայացնելու համար, միևնույն է առայժմ վարչապետի ու նրա շքախմբի նվազող հանրային վստահությունը պահվում է ընդամենը սուբվենցիոն ծրագրերի հաշվին։

Մարզպետարաններում պարգևավճարների ռեկորդակիրների միակ գործը մնացել է փիառվելու համար ժամանակ առ ժամանակ սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին վիճակագրություն ներկայացնելը։ Երբեմն առավել ճարպիկները տպավորություն թողնելու համար մատ են թափ տալիս համայնքների ղեկավարների վրա՝ իբր դժգոհ են աշխատանքի որակից, այն աշխատանքի, որոնցից իրենք բացարձակ պատկերացում չունեն։ Լոռու անփառունակ մարզպետը վկա։ Զավեշտը նրանում է, որ խղճուկ հնարավորություններ ունեցող համայնքները, մի քանի անգամ ավելի աշխատանքներ կարող են իրականացնել, եթե նույն հոխորտացող մարզպետների պարգևավճարների գոնե 50 տոկոսն ուղղվեն աղքատ համայնքներին։

Մարզերում ներդրումային ծրագրերի մասին խոսք անգամ չկա, եթե օրինակ նախկինում միջազգային կառուցների հետ համագործակցություն կար և մի շարք ենթակառուցվածքներ հնարավոր էր դարձել բարելավել այդ կազմակերպությունների շնորհիվ, այսօր այնպիսի տպավորություն է, ասես այդ կազմակերպությունները գետնի տակ են անցել, այլևս նախակրթարաններ, ջրագծեր, վարչական շենք- շինություններ չեն նորոգվում այդ միջոցներով։ Ժամանակ առ ժամանակ իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այդ կազմակերպությունները զգալի միջոցներ են ծախսում Հայաստանում, իսկ թե ինչի վրա են ծախսվում, անգամ օդում կախված լուրեր չեն տարածվում։

Պետական մակարդակով ոչինչ չի արվում բիզնես նախաձեռնությունների, գործարար կապերի ստեղծման նպատակով։ Առայժմ մարզերում, համայնքները կարողանում են գյուղացուց վերջին կոպեկը կորզելով, հարկերի հաշվին, մի քանի փոքր խնդիր լուծել և գոնե մարզպետարաններին ու որոշ վայ- պատգամավորներին սելֆիներ անելու հաճույք պատճառել։

Նարեկ Դաջունց