Հիմա ես չեմ ու դուք, ասեք՝ ինչպե՞ս կվարվեիք Վահե Ղազարյանի փոխարեն

Հիմա ես չեմ ու դուք, ասեք՝ ինչպե՞ս կվարվեիք Վահե Ղազարյանի փոխարեն

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, մի համեստ անձնավորություն, իրավապահներին զգուշացրել է, որ մյուս անգամ քաղաքացիների հանդեպ անհարգալից չլինեն: Անհարգալի՞ց: Պարոն Թաթոյան, մի՞թե դա այն բառն է, որով կարելի է բնութագրել մեր իրավապահների պահվածքը մայիսի 2-ի առավոտյան, երբ ամբողջ Երևանում անհնազանդության ակցիաներ սկսվեցին: Կարծում եմ՝ ոչ: Իրավիճակն ավելի լուրջ է: Այլևս պարզ է, որ Երևանում և Հայաստանում հարգանք-մարգանք ոչ մեկի տանձին չէ: Խաղադրույքն այնքան մեծ է, իրավապահներն էլ կորցնելու այնքան բան ունեն, որ նրանցից պահանջես անհարգալից չլինել, նույնն է, թե ոչինչ չպահանջես: Եվ այն գազանությունները, որ նրանք դրսևորում են փողոցում, վստահաբար, շատ լուրջ իրավիճակի արդյունք է:

Իրավիճակի մասին: Քաղաքական իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, 44-օրյա պատերազմից հետո իր ամենածանր ժամանակներն է ապրում: Փաշինյանն, ըստ էության, կորցրել է ամեն ինչ՝ սկսած լեգիտիմությունից, վերջացրած ժողովրդական համակրանքով: Մայիսի 1-ի հանրահավաքն ու մայիսի 2-ի անհնազանդության ակցիաներն էլ ցույց տվեցին, որ Փաշինյանը նաև դե ֆակտո իշխանություն չունի: Նա այսօր ընդամենը մի թղթի կտոր ունի ձեռքին, ըստ որի Հայաստանը տեղափոխվել է ժողովրդավարության բարձրագույն խումբ և միայն այդքանը: Փաստորեն անունը կա, ինչպես ասում են, ամանումը չկա: Ի՞նչ ժողովրդավարության ժամանակ է, երբ աթոռդ երերում է ու վերջդ էսօր-էգուց է: Ո՞վ լիներ Փաշինյանի տեղը, որ չջղաձգվեր: Նա հո առաջվա Նիկոլը չէ, որ ձեռքն ընկած շքեղություններից հրաժարվի ու լսի ժողովրդի ձայնին: Միամիտ չլինեք: Եվ ահա այդ պաշտոնամոլ ընչաքաղցը կառչել է աթոռից ու ինքնամոռաց հրամաններ է տալիս ոստիկանությանը, ոստիկանության զորքերին, սպեցնազին, բոլորին՝ ջարդեք, կոտորեք, հավաքեք, բացեք փողոցները, վախեցրեք այնպես, որ չփորձեն իմ դեմ դուրս գալ:

Ոստիկանի խելքի մասին: Սուտ են այն պնդումները, թե ոստիկանը խելք չունի: Այդպես միայն դեգեներատներին ու Նիկոլին է թվում: Ոստիկանները լավ էլ արագ են մտածում, թեև նրանց մեջ քիչ չեն նաև այնպիսիները, որոնք ունակ են մտածելու, բայց շարունակում են կատարել ապօրինի հրամանները: Դա երևի բնազդ է, չգիտեմ: Հապա ասեք ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան… Ինքը ո՞նց կարող է խելք չունենալ և կամ առանց մտածելու հրամաններ տալ:

Հիշենք թեկուզ մայիսի 1-ի նախօրյակի հայտարարությունը, որ ոստիկանությունը տարածեց՝ հանրությանը նախազգուշացնելով, որ իրավիճակը բարդ է: Միայն խելացի մարդը կարող էր իրավիճակի այդպիսի գնահատական տալ Նիկոլի օրոք, որ բոլորին համոզում է, թե ինքն առաքյալ է և երկիրն առաջնորդում է դեպի պայծառ ապագա: Վահե Ղազարյանը, բնականաբար, մեզնից ոչ պակաս հասկանում է, որ Նիկոլի գործերն այնքան էլ լավ չեն, ու նա այնքան էլ աստվածաշնչյան Մովսեսը չէ, որ երկիրն ինչ-որ տեղ առաջնորդի: Բայց ի տարբերություն մեզ՝ Վահե Ղազարյանի վիճակը շատ ավելի լուրջ է: Նա հո գիտի, թե իրեն ինչ է սպասվում, եթե Նիկոլին մեղմ ասած, ուղարկեն Իջևան: Ի վերջո ոստիկանապետը չի կարող հայտարարել, որ կատարել է վարչապետի հրամանները: Հետևաբար, Վահե Ղազարյանը կրելու է իր բաժին մեղադրանքի բեռն ամբողջ ծավալով: Իսկ այդ բեռն արդեն բավականին ծանր է: Վահե Ղազարյանն իր ակտիվում գործադրված այնքան բռնություններ, ցրված ցույցեր ու միտինգներ ունի, որոնք կբավականացնեին ոչ միայն մեկ ոստիկանապետի, այլև մի ամբողջ ոստիկանական վերնախավի ճաղերի հետևն ուղարկելու համար: Եվ ուրեմն Վահե Ղազարյանը նույնպես չի կարող կանգ առնել և թույլ տալ, որ Նիկոլին գործից հանեն: Նիկոլը գնաց՝ ինքն էլ է կորած: Հիմա ես չեմ ու դուք, ասեք՝ ինչպե՞ս կվավեիք Վահե Ղազարյանի փոխարեն: Թույլ կտայի՞ք, որ անհնազանդության խաղաղ ակցիաներ լինեին… Չէիք բռնի՞ այդ ակցիաների մասնակիցներին, չէիք տփի՞, չէիք վախեցնի՞…

Ինձ հետ ձեռնամարտի բռնված կարմիր բերետավորին հարցնում եմ.

-Դու ո՞ւմ հրամանն ես կատարում, տղա ջան:

Պատասխանը ցնցող էր.

-Պետության:

-Պետությունը քեզ ասել է սմբակներդ քաղաքացու վրա մաքրի՞…

-Հոպար, էդ ո՞նց ես խոսում:

-Իսկ դու ինչո՞ւ ես ստում, թե պետության հրամանն ես կատարում: Ո՞վ է ձեզ հրաման տվել հարվածներ հասցնել խաղաղ ցուցարարներին, թև կոտրել, աչք հանել, ճանկռել, մազերը քաշել, պետությո՞ւնը:

Եվ ավարտեմ Վահե Ղազարյանին ուղղված մի փոքրիկ խնդրանքով: Պարոն Ղազարյան, ինչ եղել չի եղել, բավական է արդեն: Աշխատեք մնալ օրենքի և օրինականության սահմաններում: Իսկ եթե այս օրերին տեսնեք «Մովսեսին», ասացեք նրան, որ Էդիկ Անդրեասյանը քեզ խորհուրդ է տալիս հեռանալ ժողովրդական այս ալիքի վրա: Ժողովրդական ալիքի վրա թե գալն է պատվաբեր և թե գնալը: Սա իր վերջին շանսն է գուցե: Այլապես ստիպված է լինելու հեռանալ ամոթահար: