Այդ ո՞վ է որոշել, որ Սեյրան Օհանյանին սեր խոստովանել չի կարելի
Սեյրան Օհանյանը, երբ բարձրաստիճան պաշտոնյա էր, հաճախ էի անդրադառնում նրա կնոջ՝ Ռուզաննայի պահվածքին։ Գտնում էի, որ ամուսինը երկրի պաշտպանությունն է համակարգում, հանրության ուշադրության կենտրոնում է և պետք է կարգավորի առաջին հերթին իր կնոջ «սենտիմենտալությունները»։ Սենտիմենտալություն բառը իրական իմաստով եմ գործածում՝ զգացմունքայնություն։ Բարձրաստիճան պաշտոնյաները՝ իրենց ընտանիքի անդամներով, ինչու չէ, նաև մոտիկ հարազատներով, գտնվում են հասարակության խոշորացույցի տակ։ Պետք է զգույշ լինել, հանրությունը երեխայի պես խռովում, զայրանում, վիրավորվում, ափերից դուրս է գալիս։ Հանրությունը «մեծ երեխա է», պետք է ձգտել դուր գալ նրան, համահունչ լինել նրա հետ։
Այսօր, երբ Սեյրան Օհանյանը պաշտոնյա չէ, շարքային քաղաքացի է, երևի չեք մոռացել, որ այս իշխանությունը նրան պատգամավորական մանդատից զրկել ու քրեական հետապնդում է սկսել, զարմանում եմ, որ Սիրո տոնին, երբ նա իր սերն է արտահայտում կնոջ հանդեպ, ինչու՞ եք համարում, որ նա իրավունք չունի դա անելու։ Ինչու՞ եք զայրացել նրա այն գրառման վրա, որ գրել է․
«Տեառնընդառաջ
Ընտանիքը ծնվում է Սիրուց, իսկ աշխարհը Սիրո կարիք ունի։
Մի ընտրեք կանանց, որոնց հետ կարելի է ապրել, այլ ընտրեք կնոջ, առանց որի անհնար է ապրել»։
Նորից եմ կրկնում՝ Սեյրան Օհանյանը պաշտոնյա չէ, շարքային քաղաքացի է։ Ջրի ծորակն անգամ բացում ես, այսօր սեր է խոստովանում։ Վայբերը բացեցի, գրում է՝ ամենուր սեր է։ Ֆեյսբուքում նույնպես սեր է։ Այդ ո՞վ է որոշել, որ Սեյրան Օհանյանին չի կարելի սեր խոստովանել։ Ո՞վ։ Նիկո՞լը, դատարա՞նը թե՞ ԲԴԽ-ն։ Ազգային ժողո՞վն է որոշել, որ Սեյրանին զրկեն սիրո խոստովանությունից։
Ի վերջո ու՞մ պիտի սեր խոստովաներ Սեյրանը, եթե ոչ իր կնոջը։ Վիրավորվու՞մ եք, որ ՀՀ քաղաքացու սիրելը Նիկոլով չի որոշվում, ու մարդը կարող է ազատ արտահայտել իր սերը: Մեկդ կբացատրե՞ք ինձ, հասկանամ, թե Սեյրանի սիրո խոստովանությամբ քանի դիրք է հանձնվել թշնամուն։ Այսպես է լինում, երբ հերոսին գցում են, հետո «ձվի մեջ մազ փորձում գտնել»ու մինչև վերջ արատավորում։ Հոսանքի տակ մի ընկեք, թույլ մի տվեք։
Մենք ապրում եք մի իշխանության մեջ, որն ատելություն ու մաղձ է արտանետում սեփական երկրի բնակիչների հանդեպ ու սիրում է միայն թշնամուն։ Ծանր շրջան ենք ապրում, երբ «դանակավորները շատացել են» ու եզի փոխարեն մորթում են երկիրը, հային։
Կարծիքներ