Վերաձեւում եւ քանդում են մի բան, երբ վստահ չեն, թե ինչ են կառուցում

Վերաձեւում եւ քանդում են մի բան, երբ վստահ չեն, թե ինչ են կառուցում

Կառավարությունն օրերս հավանության արժանացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ 

ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանի խոսքով՝ ոլորտային նոր օրենսդրություն ունենալու շուրջ աշխատանքները մեկնարկել են ավելի քան 10 տարի առաջ եւ ընթացել են տարբեր փուլերով: Ներկայացված փաթեթը մշակվել է՝ հիմք ընդունելով, մի կողմից, 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված, սակայն Սահմանադրական դատարանի որոշմամբ ուժի մեջ չմտած օրենքը, մյուս կողմից՝ երկու փուլով իրականացվել են լրամշակման աշխատանքներ «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» դրույթների հիման վրա, որում հստակեցված են բարձրագույն կրթության եւ հետազոտության ոլորտում թիրախներն ու ակադեմիական քաղաքի հայեցակարգը:
Դեռ մեկ ամիս առաջ ԱԺ-ում «Գիտուժի» կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ նորմալ է, երբ նույն օրենքը մի քանի անգամ լրամշակումների է ենթարկվում, ավելի վատ է, երբ տարիներ շարունակ այս կամ այն օրենքը որեւէ խմբագրումների չի ենթարկվում: ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեցինք` սա խոսում է «նորմալ» ընթացքի՞, թե՞ այնուամենայնիվ այն մասին, որ օրենքի նախագիծը շարունակում է մնալ անկատար, որն անընդհատ խմբագրելուց հետո էլ կան թերություններ եւ դժգոհություններ։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ վերջին խմբագրված տարբերակում էլ ԳԱԱ-ի եւ ակադեմիական ինստիտուտների մեծ մասի առաջարկությունները չեն ընդունվել։   

Անդրադառնալով օրինագծին, Լիլիթ Գալստյանն ասում է՝ մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու կառավարության օրենսդրական նախաձեռնությունների որակին։ «Քիչ չեն եղել նախագծերը, որոնք պարզապես խոտան էին թե՛ իրավական անորոշության, թե՛ լեզվական խայտառակ մեղանչումների առումով եւ ԱԺ քննարկման հասնելու իրավունք չունեին: «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի փաթեթը, որը մոտ երկու տասնյակ նախագծեր է ներառում, տարիներ ձգվող քննարկումների եւ մշակման փուլ է անցել: Սա տեսականորեն շատ կարեւոր է, բայց ավելի կարեւոր է, թե ինչ ունենք արդյունքում: Ծանոթ լինելով կառավարության ձեռագրին եւ աշխատաոճին՝ ավելի քան համոզված եմ, որ նախագիծը քաղաքական մեծամասնության պատկերացումների եւ համոզումների արտացոլանքն է»,- ասում է Լ․ Գալստյանն ու նկատում, որ նախագծի վերջին տարբերակին թռուցիկ ծանոթությունն ավելի է հաստատում իր համոզումը: 

«Թե՛ Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող, թե՛ բուհերի խոշորացման, թե՛ ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումները թույլ են տալիս արձանագրել, որ գիտական եւ բուհական հանրույթի առաջարկությունների ճնշող մասը չի գտել իր արտացոլումն օրենքի նախագծում: Բնականաբար, համապատասխան ընթացակարգով այն կքննարկվի նաեւ ԱԺ-ում, բայց լավատես չեմ: Ի դեպ, e-draft-ում զետեղված՝ նախագծի վերաբերյալ մի քանի տասնյակ առաջարկությունների շուրջ եւս որեւէ եզրակացություն չկա: Հանրության տրանսֆորմացիային (իրական Հայաստանին) զուգահեռ՝ գիտության եւ բուհական տրանսֆորմացիա է տեղի ունենում, եւ խորը տագնապ ունեմ, որ վերաձեւում եւ քանդում են մի բան, երբ վստահ չեն, թե ինչ են կառուցում: Ինձ համար մեծագույն հարց է շարունակում մնալ ակադեմիական քաղաքի չմարսված ու հիպոթետիկ խնդիրը, գիտություն-բուհ միացումը, երբ բուհերն իրենք առողջանալու ընթացիկ լրջագույն խնդիրներ ունեն, երբ, առհասարակ, գիտության եւ բուհական համակարգի խնդիրների ախտորոշման եւ հեռանկարային ռազմավարություն գոյություն չունի»,- նշում է Լ. Գալստյանն ու նկատում, որ խնդիրները շատ են, որոնց առաջիկայում առավել հանգամանալից կանդրադառնա: