Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը․ Էրդողան

Լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևն իրեն պատմել է Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման դրական արդյունքների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ալիևն ասաց, որ այս հանդիպումը շատ արդյունավետ էր, դրանում լուծվեց Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը։ Բացի այդ, թեմա կա դեպի Իգդիր ավտոճանապարհի մասին, սա հաջող քայլ կլինի Նախիջևանի խնդիրը լուծելու, ինչպես նաև Հայաստանով ճանապարհորդելու համար. մարդիկ կկարողանան անցնել, և ապրանքներ տեղափոխել»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողներին:
Նա հիշեցրել է Անդրկովկասում կարգավորման շուրջ «3+3» ձևաչափով բանակցություններ վարելու Թուրքիայի առաջարկը:

«Մենք նախկինում առաջարկել էինք ստեղծել «վեցի հարթակ»՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Իրան և, հնարավորության դեպքում, Վրաստան»,-հավելել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայացել է ուրբաթ Սոչիում և տևել մոտ երեք ժամ։ Մասնավորապես, ղեկավարները պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։