Սևազգեստ մայրերը միայն վարչապետին են ուզում հանդիպել

 Սևազգեստ մայրերը միայն վարչապետին են ուզում հանդիպել

Սևազգեստ մայրերը շարունակում են իրենց բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց։ Քիչ առաջ քննչական կոմիտեի ներկայացուցիչները հանդիպեցին նրանց, Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական, վերլուծական, քրեագիտական գլխավոր վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանը հրավիրեց աշխատասենյակ՝ զրուցելու, սակայն սևազգեստ մայրերը պնդում են, որ իրենք պատրաստ են հանդիպել միայն վարչապետի հետ։

Սևազգեստ մայրերին են միացել նաև մի քանի իրավաշպտպաններ, այդ թվում և Նինա Կարապետյանը։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը ևս կարծիք հայտնեց, որ պետք չէ բացի վարչապետից որևէ մեկի հետ հանդիպել, քանի որ, ըստ նրա, միևնույն է՝ Փաշինյանին զեկուցելու են այն, ինչ իրենց ձեռք է տալիս։ 

«Ես համոզված եմ, որ ճիշտը չեն զեկուցում, այլապես ես խնդիր ունեմ իրա հետ կապված։ Դատախազությունը հայտարարեց , որ 97 տոկոս բացահայտում ունեն զինվորական գործերով, գլուխները պատովն են տվել, բա էսքան ծնող ստեղ ի՞նչ է անում»,-ասաց Կարապետյանը։

Այս պահին սևազգեստ մայրերին է մոտեցել նորից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը նրանց խոստացել էր, որ վարչապետին կփոխանցի հանդիպման պահանջի մասին։

«Այո, ես փոխանցել եմ։ Ենթադրում եմ, որ հանդիպում կլինի »,-ասաց Սիմոնյանը։