Ինչի դեմ պայքարում էին՝ արեցին

Բաց ու թափանցիկ լինելու ամպագոռգոռ խոստումներով իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը: Նախ՝ կառավարության նիստերը դարձան ձեւական, իսկ քննարկվող հարցերի 90 տոկոսը՝ չզեկուցվող: Երկաթե վարագույր քաշեցին Արցախի հետ կապված բանակցությունների վրա` «ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ» կարգախոսով: Առհասարակ, արտաքին քաղաքական հարցերը դարձան մի քանի հոգու մենաշնորհը, եւ անգամ ԱԳՆ աշխատակազմում, դիվանագիտական կորպուսում շատ քիչ ընտրյալներ էին տեղեկացված, թե այդ ոլորտում ինչ է կատարվում: Օրենքներ սկսեցին մշակել եւ ընդունել` շահառուներից մինչեւ վերջին վայրկյանը գաղտնի պահելով դրանց բովանդակությունը:
Բուհերի ու Գիտությունների ակադեմիայի, առողջապահական հիմնարկների, տարբեր կառույցների ճակատագիրը տնօրինող կարեւոր որոշումներն էլ մի քանի անտեղյակ ու անհասկանալի մարդկանց ձեռքում հայտնվեցին: Տարբեր մասնագիտական խմբեր ուղղակի մեծ պարտիզանական աշխատանքների ու ջանքերի գնով սկսեցին տեղեկանալ, թե այս իշխանությունն ինչ օրապակաս «բարեփոխումներ» է ձեռնարկում իրենց ոլորտներում: Եվ միայն մեծ դժվարությամբ ինչ-որ բաներ հաջողեցին կասեցնել: Իսկ ինչը որ չհաջողեցին, կյանք մտան, եւ դրանց հետեւանքները մենք դեռ երկար ենք կրելու:
Կառավարական օղակներից, ՔՊ-ից իշխանություններին վերաբերող ինֆորմացիա ստանալը, Փաշինյանի այցերն ու հանդիպումները լուսաբանելը, դրանց մասին նախապես հաղորդագրություններ ուղարկելն իսպառ վերացան: Իրենց անձնական ծախսերն ու պահպանությանն ուղղված միջոցների շարժն էլ են այժմ գերգաղտնի տեղեկատվություն: Ստացվեց՝ այն, ինչի դեմ տարիներով պայքարում էին, տասնապատիկ ավելի վատ դրսեւորումներով իրականություն դարձրին:
Կարծիքներ