Անփորձ կովկիթին չեն թողնում կով կթի, դու ո՜նց էջմիածինը կթեցիր․․․

Էլի պաշտոնից ազատված, բայց պաշտոնից ազատողին շնորհակալություն հայտնող մի ղեկավար ունեցանք․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2018 թվականին այն անփորձ աղջկան վստահելու և այս յոթ տարիների ընթացքում նրա կողքին լինելու համար»։ Անփորձ բառին ուշադրություն դարձեք։
Տիկինը խոստովանում է, իր օրինակով, որ իշխանության ղեկը հանձնվել է անփորձներին։ Անփորձներով, հիվանդի վիճակով չմտահոգվողներով, որոնք երբևէ բժշկական նշտար չեն բռնել, վիրահատել են Հայաստան աշխարհը։ Արցախը որպես ավելորդ օրգան հեռացրել, սկսել են հեռացնել Հայաստանից այլ կենսական նշանակություն ունեցող օրգանները։ Բոլորիս աչքի առաջ օր օրի ծանրանում է Հայաստանի վիճակը, որովհետև իշխանության գլուխ են կանգնած գործից անտեղյակ, անփորձ մարդիկ և անում են այն, ինչ խելքներին փչի։ Որ անփորձ են եկել՝ ես չեմ ասում, Դիանա Գրիգորյանն է ասում։ Դիանան գիտի՞, որ անփորձ են անվանում ձվից նոր դուրս եկածին, անվարժին, խամին։ Ինքը շնորհակալ է, որ իրեն խամ- խամ բերել, պաշտոն են տվել։ Անփորձը անպատրաստն է, չփորձվածը, չստուգվածը։ Անփորձ կովկիթին չեն թողնում կով կթի, դու ո՜նց էջմիածինը կթեցիր․․․
Փաշինյանի պաշտոնյաները անկտրել ձմերուկ են, բերում՝ կտրում, հետո թափում է․․․ Ու գիտե՞ք ինչու՞ է տիկինը հրաժարական տալիս։ Սիրելի վաղարշապատցիներին ասում է, որ գնում եմ երեխայիս պահեմ․․․ Նիկոլը իշխանություն անփորձների է բերում, որ փորձ ձեռք բերեն՝ իրենց երեխեքին պահեն։ Իսկ ձեռքբերման փորձի տակ բոլորս տնքում ենք։ Ի՞նչ ասեմ, անփորձ եկար, անփորձանք գնաս։
Կարծիքներ