Հեքիաթն ապրում է․ նոր պատկերազարդ գիրք՝ մանուկների համար

Հեքիաթն ապրում է․ նոր պատկերազարդ գիրք՝ մանուկների համար

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում նախօրեին տեղի ունեցավ Աղավնի Գրիգորյանի «Հեքիաթն ապրում է․ գիշերվա պահապանները» գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի 2-րդ գիրքն է, որտեղ ներառված են վերջին 3 տարիներին գրված հեքիաթները։ Գիրքը երկկողմանի է՝ գիշեր-ցերեկ տրամաբանության մեջ։ Գաղափարն այն է, որ հեքիաթը մեր կյանքի տարբեր փուլերում ու ժամանակահատվածներում ոչ միայն ուղեկցում է մեզ, այլեւ անհրաժեշտ է։

Առաջին բաժինը կոչվում է՝ «Հեքիաթն ապրում է», որտեղ առկա են բնության տարրերը, բույսերը, կենդանիները, որոնք անձնավորված են ու ներկայացնում են տարբեր իրավիճակներ։ «Գրքի առաջին բաժնի խորագիրը՝ «Հեքիաթն ապրում է», ընտրվել է նոր հեքիաթի հերոսներից մեկի բացականչությունից։ Այս հեքիաթում հերոսները մեր ավանդական հեքիաթների սկիզբն են՝ կար-չկար, ժուկով-ժամանակով, լինում է, չի լինում։ Այս 3 հերոսները հեքիաթասաց մոգեր են եւ փորձում են վերագտնել դեպի հեքիաթների աշխարհը տանող այն կորսված բանալին, որ այսօր մոռացվել է, որովհետեւ երեխաներն այսօր այնքան էլ հեքիաթ չեն կարդում, կամ՝ ծնողները ժամանակ չունեն, չեն տրամադրում։ Հեքիաթներից մեկի համար ոգեշնչում է հանդիսացել իմ տանն ապրող նապաստակը, որի թաթը կոտրվել էր, եւ ես նրան հեքիաթ նվիրեցի, որտեղ դրա մեղավորը ես էի, եւ այդպես իմ մեղքերը քավեցի»,- պատմում է հեղինակն ու հավելում, որ գրքի 2-րդ բաժինը հեքիաթների շարք է՝ ոճային տարբերությամբ, որոնք փոքր պատմություններ են գիշերվա մասին։ Այստեղ նույնպես գիշերվա բոլոր լուսատուները կերպավորված են հանդես գալիս։

«Իմ կյանքի առաջին հեքիաթը ես նկարել եմ 4 տարեկանում, երբ մանկապարտեզում էի, այնուհետեւ, երբ սովորում էի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, իմ հաջորդ հեքիաթը ես պարզապես նվագեցի։ Երբ արդեն երեխաներ ունեցա, հեքիաթներ էի հորինում ու պատմում նրանց։ Դրանցից մի քանիսը ժամանակին հնչել են «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում։ Մինչեւ Իսպանիա մեկնելս աշխատում էի Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցում եւ մոտ 7 տարի, հաջորդաբար, մեր դպրոցի ուսուցիչների աջակցությամբ բեմադրել եմ երաժշտական ներկայացումներ, որոնք եղել են նաեւ հեքիաթներ։ Արդյունքում այդ տարբեր կանգառները գումարվելով՝ այսօր բերեցին այս գրքի ծնունդին»,- նկատում է գրքի հեղինակը։  

Գիրքը տպագրվել է «Մագաղաթ» հրատարակչությունում, խմբագիրն է Սեւակ Ղազարյանը, նկարիչն ու կազմի հեղինակը՝ Մարիամ Համբարձումյանը։