Գեներալի եղբորը ստիպել են չառաջադրվել, որպեսզի մարզպետի քրոջ որդին հաղթի

Գեներալի եղբորը ստիպել են չառաջադրվել, որպեսզի մարզպետի քրոջ որդին հաղթի

Սյունիքի մարզի խոշորացված Տեղ գյուղում հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն, ընդ որում առաջին անգամ համամասնական ընտրակարգով: Սկզբում թվում էր, թե պայքարը թեժ է լինելու, քանի, որ «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրվելու էր Սեւակ Ավետիսյանը` Տեղ գյուղի բնակիչ եւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը․ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է։ 

Սակայն մեր տեղեկություններով՝ Սեւակ Ավետիսյանին ստիպել են թեկնածությունը չդնել, նա համարվել է ՔՊ-ի հիմնական մրցակիցը եւ բավականին շանսեր ուներ հաղթելու։ Շանտաժ են արել՝ ասելով, թե զինվորական եղբորդ կհանենք գործից, քրեական գործեր կհարուցենք եւ այլն ու նա տեղի է տվել: Նշենք, որ հավանական թեկնածուի եղբայրը ՊՆ խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանն է, զինվորական շրջանակներում հայտնի անձնավորություն։ Այժմ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցությունից Ավետիսյանի փոխարեն առաջադրվել է Արավուս վարչական շրջանի ղեկավար Արգամ Հովսեփյանը։ 

Սեւակ Ավետիսյանը մեզ հետ զրույցում սկզբում փորձեց խուսափել հարցից, թե ինչո՞ւ չի առաջադրվել՝ նշելով, որ դա իր «ներքին խոհանոցն» է․ «Ինչի՞ համար եք հարցնում, չեմ հասկանում․․․ Դա մեր ընտանիքի հետ կապված հարց է, որ չմասնակցեմ։ Որեւէ պատճառ չկա, ախպերս է, մտահոգվել է իմ առողջության մասին խորհուրդներ տվել է, ո՞վ պիտի ինձ ասի՝ մնա կամ հանի։ Ես կամուկացի մեջ եմ եղել, քանի որ ուշ եմ որոշել, մի քանի օր էր մնում, տենց էլի․․ ուրիշ մարդ դրել է»։ 

Երբ մի քանի անգամ հարցը պնդեցինք, թե խնդրում ենք հստակ պատասխանի, թե իրականում ո՞րն է եղել չառաջադրվելու պատճառը, նա կրկին հստակ պատասխան չտվեց․ «Ինձ չեն կարա ստիպեն, կարան խնդրեն, որ չդնեմ, բայց այդպիսի բան չի եղել, ինձ չեն էլ խնդրել, ուզում եմ ասեմ՝ «ստիպել» բան չկա»։

Հարցին, թե եղբայրն իրեն ի՞նչ խորհուրդ է տվել, այս հարցն էլ փորձեց շրջանցել, սակայն տողատակում հաստատեց մեր տեղեկությունները․ «Այդպես ենք որոշել»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե մարզպետի քրոջ որդուն անցկացնելու համար են իր վրա ճնշումներ գործադրել, որ չառաջադրվի, մեր զրուցակիցը պատասխանեց․․ «Այդ մարդը վերեւն է, կուզենա իր քրոջ որդին մնա մենակ, որ պրոբլեմ չլինի։ Ստեղ կուսակցությունների խնդիր է, բայց ժողովուդը անհատների խնդիր է տեսնում, նենց չի, որ ես ընդդիմադիր մարդ եմ, իմացել եմ, որ չեզոք կուսակցություն է, կարելի էր փորձել, բայց հիմա Արգամն էնտեղով դրել է էլի»։ Նշենք, որ բացի Տեղից, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի եւ Տաթև համայնքներում հոկտեմբերի 17-ին եւս ընտրություններ կանցկացվեն։