Ուղղակի ուզբեկներն էլ լավ խաղացին, բայց ապրեն տղերքը, ամենաբարձր գովասանքին են արժանի

 Ուղղակի ուզբեկներն էլ լավ խաղացին, բայց ապրեն տղերքը, ամենաբարձր գովասանքին են արժանի

Երեկ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանում արդեն ավարտված համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 11-րդ տուրում մրցեց Իսպանիայի հավաքականի հետ և 2.5:1,5 հաշվով հաղթանակ տարավ։ Վերջնարդյունքում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղը  զբաղեցրեց՝ 19 միավորով: Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճեց  Ուզբեկստանի ընտրանին, որը նույն վերջին  տուրում հաղթեց  Նիդերլանդներին և նույնքան՝ 19 միավորով հռչակվեց չեմպիոն։ ՀՀ երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ևս ժամանել է օդանավակայան Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներին դիմավորելու համար։

«Կեցցեք, տղերք։ Ուղղակի սա պետք է ասենք այսօր։  Միայն Ուզբեկստանի հավաքականի դեմ մի փոքր տատանում եղավ, բայց պիտի խոստովանենք, որ նրանք իսկապես զորեղ հավաքական ունեն։ Մենք մեր բոլոր հանդիպումներն էլ իրականում այս մրցաշարում շատ բարձր մակարդակով անցկացրինք։ Շատ հազվադեպ է պատահում, որ 11 տուրերից 9-ում հաղթում ես, մեկ պարտություն ու ընդամենը մեկ ոչ-ոքի ես ունենում, բայց դու երկրորդ տեղ ես գրավում»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Ուղղակի ուզբեկներն էլ լավ խաղացին, մենք սա պիտի ընդունենք։ Միանշանակ մեր հավաքականը արժանի է ամենաբարձր գովասանքին։ Ապրեն տղերքը, ստաբիլ խաղացին։ Հետո էլ ասում են, թե մենք թիմային սպորտում ուժեղ չենք, բա սա թիմային սպորտ չէր, բա ինչ էր, սա սա ևս թիմային սպորտ էր, որ խաղացինք»,- հավելեց Գիլոյանը։