Ասպարեզ եկան անշնորհք մարդիկ և իրենց իրավունք վերապահեցին այս օրը վերանվանել

Ասպարեզ եկան անշնորհք մարդիկ և իրենց իրավունք վերապահեցին այս օրը վերանվանել

«Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի, այս օրը, այս ժամերին մենք այստեղ հանդիպում ենք լրագրողների հետ, մեր հանրությանը, երանի հասնենք այն օրվան, որ դրա անհրաժեշտությունը չլինի, որովհետև անհրաժեշտությունը առաջին հերթին ծագել է նրանից, որ մայիսի 28֊ը՝ այս օրը արարողները,  այս օրը մեր ժողովրդին նվիրողները անվանել են Անկախության օր, բայց հետո ասպարեզ եկան մեղմ ասած անշնորհք մարդիկ և իրենց իրավունք վերապահեցին այս օրը վերանվանել, մինչդեռ, եթե պիտի վերանվանվեր պիտի ավելացվեր միայն վերականգնման՝ Անկախության վերականգնման օր»։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը

1919 թվականին Հայաստանի կառավությունը պաշտոնապես հայտարարել է, որ այսուհետ մայիսի 28֊ը պետք է նշվի որպես հայ ժողովրդի անկախության օր, բայց եկան ԿԳԲ տարբեր տեսակի գործակալներ, որ նախ ասում էին՝ ընդհանրապես պետք չէ անկախությունը, եռագույնը, իսկ հետո հասան նրան, որ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում այս օրն ամրագրեցին որպես Առաջին հանրապետության օր, երբեմն Հանրապետության օր, իսկ սեպտեմբերի 21֊ը՝ ինքնորոշման օրը կոչեցին՝ Անկախության օր։
Սեպտեմբերի 21-ի ստեղծողն էլ մենք ենք՝ ԱԻՄ֊ը ( Ազգային ինքնորոշում միավորում), ծնողին ասում են գնա մի կողմ և իրենք որոշում ենք, թե այդ ծնողի զավակի անունն ինչ դնեն։ Ես ուզում եմ մի կարևոր բանի մասին ասել, որի մասին արժեր, որ վաղուց ասած լինեինք, 1988 թվականի մայիսի 28֊ին Եռագույնի պարզելը, դա ամենահեղափոխիչ գործողություններից մեկն էր ամբողջ Կոմունիստական կայսրության տարածքում, հայ անիրազեկ բթամիտների և ԿԳԲ֊ի գործակալների մոտ ընդունված է ասել, որ բա Լիտվան, Ուկրաինան, Լատվիան պայքարում էին անկախության համար, իսկ մենք Ղարաբաղի համար, իրենք իրենց մակարդակով են չափում մեր ժողովրդին, այնինչ Սովետական Միության բոլոր ազգերի մեջ միայն հայերս ենք, որ ունեցել ենք անկախության համար պայքարող և մշտապես գործող անձինք, և 1988 թվականին Ազատության հրապարակում ծածանվում էր եռագույնը, ո'չ Լիտվայում, ո'չ Լատվիայում, ո'չ էլ Ուկրաինայում նույնիսկ փոքր խմբակ չկար անկախության համար պայքարող։ Այդ օրը պարզելով եռագույնը՝ այն էլ ղարաբաղախեղդ մթնոլորտում, ինչի եմ ասում խեղդ, որովհետև փորձում էին Արցախյան հարցով ամեն ինչը անէացնել, այն ժամանակ բթամիտները չէին հասկանում, որ առանց նկախ Հայաստանի Արցախը  թիկունք չունի և մեզ մոտ մեկ տարի պետք եղավ, որպեսզի Ղարաբաղ կոմիտեի բթամիտներին համոզեինք, և նրանք դրանից հետո անցում կատարեցին ՀՀՇ֊ին և արդեն ընունելով նաև անկախության անհրաժեշտությունը, բայց անկախությունը չընդունեցին որպես ինքնուրույն, բացառիկ ազգի համար ամենակարևոր նպատակ ու արժեք, այլ ընդունեցին Արցախի հարցում օգտակար մի բան: Ինչևէ, 1918 թվականի մայիսի  28֊ը մեր պետականության վերականգնման  օրն է, բայց այդ նույն օրը 1988 թվականի դարձավ անկախության ոգու վերածնման օր, որովհետև այդ օրը ծածանվեց եռագույնը և մենք օրինակ դարձանք նաև մյուս ազգերի համար»։

«Այսօր խոսելով մայիսի 28֊ի մասին, կրկին պիտի շեշտենք որ մեծ սխալ է կատարվում, խեղվում է մեր առողջ բանականությունը, միաժամանակ այսօր մենք ականատեսն ենք լինում այն բանին, որ մեր հակառակորդները կարող են հաճույքով օգտագործել՝ հայերը անկախությունը ստացել են 1991 թվականի սեպտեմբերի 21֊ին, իսկ ադրբեջանցիները իրենց անկախությունը նշում են 1918 թվականի մայիսի 27֊ին, հետևաբար ադրբեջանցիք կայացած ազգ են ու ամեն մարդ չի խորանում պատմության մեջ, վերցնում են քաղաքական իրողությունները, սա նաև մեր արժանապատվությանը վնաս հասցնող հարց է, հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից որևէ մեկը դեռևս անցյալում դեմ չի եղել այս փոփոխությանը, բայց այնպես է ստացվել, որ մենք բացասականը, արատավորը պահելու սովորության սիրահար ենք»,-ասաց Հայրիկյանը։