Իրական անկախության տոնը

Իրական անկախության տոնը

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը տոնական չի ստացվում եւ չի էլ կարող ստացվել: Չի կարող ստացվել այնքան ժամանակ, որքան երկրի ղեկավարի պաշտոնին կառչած կլինի պարտության խորհրդանիշ Նիկոլը: 2018-ի գարնանը մենք երջանկությամբ իշխանություն նվիրեցինք Նիկոլին եւ դրանով այսօրվա հիմքերը դրեցինք: Որովհետեւ ցանկանում էինք ավելին, քան ունեինք ռոբասերժական իշխանության օրոք: Սակայն ավելին ստանալու փոխարեն կորցրինք մեր ունեցածը: Դա՝ մեկ: Եվ երկրորդ՝ քանի որ անկախությունն ու հաղթական ազատամարտը մեզ համար նույնականացված էին, ապա «գերագույն գլխավորի» հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո անկախությունը կորցրել է իր իրական արժեքը: Ինչը վերականգնելու համար մենք պետք է վերականգնենք վերը նշված նույնականացումը: Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք նշել մեր երկրի իրական Անկախության տոնը:

Համացանցի ֆեյսբուքյան տիրույթում վերջին մի քանի օրը խոսակցություն է գնում, որ Անկախության տոնի կապակցությամբ փողոցներում ամենուր փակցված գովազդային պաստառների վրայի «30» թվի «0»-ն հազիվ է երեւում, եւ դա գիտակցորեն է արվել: Ասեմ, որ նույն տպավորությունն ունեցա ես ու նույնիսկ մեկ-երկու տասնյակ վայրկյան կորցրի «0»-ն ամբողջովին մտքումս գծելու համար՝ նայելով պաստառին: Այնպես որ, համաձայն եմ այդ կարծիքին եւ փորձեմ այն հիմնավորել: Պատերազմի ընթացքում բացահայտված՝ «կիրթ եւ կոռուցողական» Իլհամի տարվածությունը թվերի խորհրդանշական իմաստներով, փոխանցվել է նրա գործընկեր Նիկոլին: Եվ եթե 2018-ի իշխանափոխությունից հետո «հեղափոխական» Նիկոլը զրոյից էր սկսում Իլհամի հետ արցախյան կարգավորման բանակցությունները, ապա ինչո՞ւ չպետք է նույնն աներ Հայաստանի Հանրապետության անկախության առնչությամբ: Հատկապես որ ինքը չէր բարդույթավորվել (կոմպլեքսավորվել) 2020 թվականի պատերազմում պարտության պատճառով: Հիշում եք, չէ՞, նրա՝ պարտությամբ հպարտ լինելը արտահերթ խորհրդարանական ընտրության քարոզարշավի օրերին:  
Բայց կարծում եմ, որ այս հարցում Նիկոլը սխալվեց: Ճիշտ այնպես, ինչպես Ռեդյարդ Քիպլինի «Ջունգլիների գրքի» հերոսներից Աքելան՝ գայլերի ոհմակի առաջնորդը: Սակայն Աքելան ունեցավ այնպիսի պաշտպան, ինչպիսին մարդու զավակ Մաուգլին էր: Ի տարբերություն Աքելայի՝ Նիկոլը չունի պաշտպան, քանի որ մինչ այժմ չի ունեցել դրա կարիքը, բայց չի ունենա նաեւ վաղը, երբ արդեն ունենա դրա կարիքը: Եվ հաջորդ տարի էլ, երբ լրանա Անկախության 31-ամյակը, թվերի գծագրման մանիպուլյացիան անկարող է ծառայել իշխանությանը: Իհարկե, կգտնվեն փիառ «մասնագետներ», ովքեր խորհուրդ կտան «31»-ի «3» եւ «1» թվերի միջեւ տեղադրել գումարման՝ հազիվ նշմարելի նշանը՝ ընկալելով դա որպես Նիկոլի իշխանության 4-րդ տարվա խորհրդանիշ: Ասեմ, որ սրանով ոչ թե «իշմար» եմ տալիս նիկոլականներին, այլ ենթադրելով, որ նույն գաղափարը կարող էր ծնվել նաեւ վերը նշված «մասնագետների» ուղեղներում, խորհուրդ եմ տալիս նման քայլի չդիմել, քանի որ այդ դեպքում Նիկոլը կվերածվի ծաղրի առարկա ողջ աշխարհում: Եվ նրան չի օգնի նույնիսկ «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» տխմար թեզը:

Ի դեպ, այն, որ 31-ամյակը չի վերածվի, այսպես կոչված, «ժողովրդի իշխանության» 4-րդ տարուն, վկայում է նաեւ մի ժամանակ այդ իշխանության առաջնորդի կողմից «հրաշալի քաղաքական գործիչ կնքված» Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի «փախուստն» Արցախ: Հեռու երեւանյան տոնակատարությունից՝ լինի դա «30» թե «3»: Իսկ ինչո՞վ է դա վկայում՝ կհարցնեք դուք: Պատասխանեմ՝ խորտակվող նավից առնետների փախուստի դրսեւորմամբ: Իսկ Հայկ Մարությանի փախուստը հենց այդ դրսեւորումներից մեկն է: Մարությանն էլ, հաստատ, այն անձն է, ով բոլորիցս լավ գիտի, թե ինչ է տեղի ունենում նախկին հոգեւոր հոր նեղ շրջապատում: Իսկ եթե Նիկոլի գործերը լավ լինեին, ապա Մարությանը դժվար թե հրապարակայնորեն վիրավորեր նրան՝ բանի տեղ չդնելով նրա կողմից կազմակերպվելիք միջոցառումը: