Արդեն հանդիպել եք «Կորոնային»․ դավադրությունների տեսությունից

Արդեն հանդիպել եք «Կորոնային»․ դավադրությունների տեսությունից

Համամոլորակային կարանտինը ստիպում է, որ մարդիկ համացանցում ու Յութուբում կորոնավիրուսի մասին այլընտրանքային տեսակետներ որոնեն։ Խոսքը վիրուսի ծագման, տարածման, դրա չափազանցված լինելու ու, իհարկե, վտանգավորության աստիճանի մասին է։ Կարանտինի 26 օրերի ընթացքում նման տեսակետների պակաս չի հնչել։ Երկարամյա փորձով ու հանրահայտ շատ բժիշկներ իրենց երկրների կառավարություններին մեղադրում են գլոբալիստների հնարած խաղի կանոններով խաղալու ու իրենց տնտեսությունների հերն անիծելու մեջ։ 

Նման տեսակետների պակաս չկա նաև արտերկրում բնակվող մեր որոշ հայրենակիցների շրջանում։ Փարիզաբնակ ընկերուհիս, օրինակ, նկատում է, որ կորոնավիրուսից ընդամենը մի քանի ամիս առաջ Փարիզում վաճառքից հանվել է Մարսելում կորոնավիրուսի դեմ պայքարի ցնցող արդյունքներ արձանագրած պրոֆ. Ռաուլտի (Մարսել, Ֆրանսիա) նշած դեղամիջոցը՝ հիդրօքսիդ քլորոքինի սուլֆատը, որի առևտրային անվանումն է՝ «Քլորոքին» և բավականին էժան պրեպարատ է։ Ընկերուհիս նշեց, որ այս օրերին Ֆրանսիայում բոլորը երազում են հայտնվել Մարսելում, որտեղ դեղամիջոցն օգտագործվում է որպես բուժման, ըստ որում՝ խիստ արդյունավետ միջոց։

Պրոֆեսորն օրերս հրապարակել էր իր՝ COVID 19-ով 1061 հիվանդների բուժման արդյունքները՝ «Քլորոքին» + «Ազիտրոմիցին» պրեպարատներով։ Հիվանդների միջին տարիքը` 43,8 տարեկան, 46,4 %-ը` տղամարդիկ: 91,7% դեպքերում 5-օրյա բուժումից հետո մարմնում վիրուսը չի հայտնաբերվել։ Ընդամենը 10 հիվանդներ են տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, գրանցվել է 5 մահ։

Հիշեցնեմ նաև, որ Արսեն Թորոսյանն իր ասուլիսներից մեկում նշել էր, որ Հայաստանում կատարվում են բուժումներ գիտականորեն չապացուցված, սակայն որոշ արդյունքներ գրանցած պրեպարատների, այդ թվում՝ «Պլաքվենիլ»-ով, որը «Քլորոքինի» այլ անվանումն է։

Վաշինգտոնում բնակվող Էմիլ Սեդրակյանն ատամնաբուժական կլինիկաների սեփականատեր է, և նա ևս համարում է, որ կորոնավիրուսի համաշխարհային այս պատմությունը հնարված է։ «Մինչև հիմա հավատու՞մ եք այդ վարակներին։ Հեչ լուրջ մի ընդունեք, շուտով ամեն ինչ կբացվի։ Սա ոչ միայն փաթաթվեց Չինաստանի կողմից, այլև այն մոդելը, որով դրա դեմ պայքարում են։ Եվ արևմտյան լիդերներն ընտրություններից առաջ մեծ ճնշման տակ հայտնվեցին, որովհետև ԱՀԿ-ն մեծ տագնապ բարձրացրեց, իրենք վախեցան, որ եթե հետագայում պարզվեր, որ դա իրոք լուրջ պրոբլեմ է, ու իրենք նորմալ չէին արձագանքել, իրենց քաղաքական կարիերան վարի էր գնալու։

Ստիպված` ընդունեցին այդ խաղի կանոնները, հիմա, երբ ինֆորմացիա է հավաքվում, վերլուծվում, հասկանում են, որ էս ամենը մեծ բլեֆ էր, որովհետև ոչ մի հիվանդանոցներ էլ լիքը չեն։ Նույնիսկ Նյու Յորքում, որտեղ 30 հիվանդանոց կա, դրանցից երկուսն են լիքը, մնացածը դատարկ են, դիտավորյալ նենց են անում, որ մենակ էս երկուսն ընդունեն, ցույց տալու համար, որ այստեղ war zone՝ պատերազմի գոտի է, բայց իրականում բժիշկները թերի զբաղված են, հիվանդներ չեն ընդունում»։ Մեր հայրենակիցը հավելում է, որ, փառք Աստծո, Եվրոպայի կեսում արդեն սկսել են հասկանալ, որ սա անլրջություն է, որ այսօրվանից Դանիան, Շվեդիան, Ավստրիան սկսել են «բացվել»։

Էմիլ Սեդրակյանը նաև վստահեցնում է, որ մարդկանց 10-15 տոկոսն այս թեստերի համար positive է ընկալվում ու մեկնաբանում, որ սա շատ լավ մտածված հնարք է։ «Հանգիստ եղեք, Դուք արդեն հանդիպել եք «Կորոնայի», հունվար-փետրվար ամիսներին, մինչև այս ամենը։ Եթե չեք հիվանդացել, էլ չեք հիվանդանա։ Եվ ես կարող եմ ասել, որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի բնակչության 78 տոկոսն առաջին երկու ամիսներին արդեն հանդիպել է։ Հիմա ոչ թե պարզում են նոր հիվանդներ, այլ բացահայտում են մարդկանց, ովքեր positive են, դրանք տարբեր բաներ են»։ Մահացությունն էլ Սեդրակյանը վերագրում է այլ հիվանդություններին։ Նա նաև ասաց, որ իրենց մոտ` ԱՄՆ-ում, ատամնաբուժական կլինիկաներն աշխատում են, քանի որ ԱՄՆ-ում սա համարվում է emergency service` հրատապ՝ անհետաձգելի  բժշկական օգնություն։