Անդրկովկասում կահավորում են միջանցքները․ մաս 2-րդ

Անդրկովկասում կահավորում են միջանցքները․ մաս 2-րդ

Շատ ավելի բարդ հարց կարող է լինել, ինչի մասին խոստովանում են եւ Հայաստանի, եւ ԼՂՀ իշխանությունները, քան ճանապարհների հարցն է, ԼՂՀ-ին կենսականորեն անհրաժեշտ է էներգառեսուրսներով՝ գազով եւ էլեկտրականությամբ մատակարարման հարցը։ Եւ էլեկտրահաղորդման գծերը, եւ գազամուղը, եւ նույնիսկ ինտերնետ մալուխը անցկացված են այդ հին ճանապարհի երկայնքով։ Եւ պարզ չէ, թե ադրբեջանցիները ինչպես կվարվեն այդ կոմունիկացիաների հետ, եթե նոր տարածքները արդեն իրենցով անեն։ Արցախի ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ այդ կոմունիկացիաները կտեղափոխվեն եւ միակ խնդիրը գազն է։ Գազամուղը եւս կկառուցվի նոր ճանապարհի երկայնքով, սակայն դա շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Ադրբեջանցի խորհրդարանական Ռասիմ Մուսաբեկովն էլ «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ Բաքվում առանձնապես խիստ արգելք դրված չէ կոմունիկացիաների օգտագործման հետ կապված։ Սակայն եւ շեշտել է, որ ամեն բան ըստ էության կախված կլինի նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կձեւավորվեն։ Եթե առճակատում լինի, ապա կողմերը գործի կդնեն բոլոր ունեցած լծակները։ Ադրբեջանը, ըստ Մուսաբեկովի, միայն մեկ խնդիր է դրել՝ Ղարաբաղի ամբողջական եւ իրականա ապառազմականացումը, տեղի զինված կազմավորումների լուծարումը։ Մուսաբեկովը թերեւս միակը չէ, ով այդպես է կարծում։ Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարխադ Մամմադովն էլ կարծում է, որ կոմունիկացիաների հարցը «բաց է» եւ ամեն բան կախված կլինի այն բանից, թե դուրս կբերվեն արդյոք հայկական զինված ուժերը եւ կազմավորումները Ղարաբաղից, ու նաեւ, թե ինչպիսի որոշում կկայացվի Զանգեզուրի հետ կապված։

Մամմադովը հասկացրել է, որ եթե Հայաստանը իր ստանձնած պարտավորությունները չկատարի, ապա Ադրբեջանն էլ համարժեք կերպով կարձագանքի։ «Կոմերսանտը» նշում է, որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» եւս մեկ տրանսպորտային երթուղի է, որի մասին խոսակցություններն ակտիվացել են վերջին օրերին։ Այսպես, Ադրբեջանում եւ Թուրքիայում այն համարում են ավտոմոբիլային ճանապարհ եւ երկաթուղի, որով Բաքուն կկապվի Նախիջեւանի ԻՀ հետ։ Այդ ճանապարհը խորհրդային ժամանակներում գոյություն ունեցել է եւ հիմա պետք է վերականգնվի։ Անցնելու է Հայաստանի հարավային՝ Սյունիքի մարզով։ Այսպիսով, Ադրբեջանը ոչ միայն հնարավորություն կունենա իր տարածքն ապահովելու ապրանքներով, այլ նաեւ ձեռք կբերի ամենակարճ ցամաքային ճանապարհը՝ դեպի Թուրքիա մեկնելու համար։ Սակայն Երեւանում պնդում են, որ այդ ճանապարհը չի կարելի միջանցք անվանել, քանի որ այն չի ունենալու էքստրատարածքային կարգավիճակ։ Երեւանում այս ընթացքում լայն արձագանք գտավ այն, որ ռուս սահմանապահները, որոնք ապահովում են հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների պահպանությունը, անցակետ են տեղադրել Մեղրի-Ագարակ ճանապարհին։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը դա անվանել է անվտանգության միջոցառում, քանի որ ավելացել են Իրանից Հայաստան թմրանյութերի տեղափոխման դեպքերը։

«Կոմերսանտ»