Քաղաքականություն

«Կեցցե՛ս, Գարիկ ջան, որ քեզ պարգեվավճար չես տվել, բայց 200 000 դրամով ո՞նց ես ապրում»

«Կեցցե՛ս, Գարիկ ջան, որ քեզ պարգեվավճար չես տվել, բայց 200 000 դրամով ո՞նց ես ապրում»

Անցյալ տարի «Հրապարակ»-ն ուսումնասիրել էր Վեդու համայնքապետ Սարգսյան Գարիկի (ով մի ժամանակ փորձում էր կոկորդիլոսներ բուծել) հայտարարագիրը և պարզել, որ վերջինս ստացել է 43 միլիոն դրամի նվեր: Ավելի ուշ պարզվել էր, որ դա իր «հորքուրի տղայից» էր: Հիշողությունից ոչ զուրկ մարդիկ կարող են վկայել, որ նախկինները ևս պաշտոն ստանալուց հետո սկսում էին նվերներ ստանալ հորքուրից, մորքուրից, քեռուց կամ հոպարից: Բայց մինչ այդ պաշտոնը նրանք նույն այդ բարեկամների հետ ոչ մի հարաբերություն կարող է չունենային, վերջիններս էլ իրենց նկատմամբ` սիրառատ զգացումներ: Եվ ինչն ավելի կարևոր է՝ այդ բարեկամները կարող է նույնիսկ աշխատավարձով ապրող մարդիկ լինեին, որոնց համար 10 միլիոն դրամն անհասանելի էր՝ ո՜ւր մնաց թե մի քանի տասնյակ միլիոնը:  

Ինչևէ, մեր հակահերոսը 43 միլիոնը ստացել էր 2023-ի ընթացքում ու ներկայացրել էր 2024 թվականի հայտարարագրում: Իսկ Պետական վերահսկողության ծառայության (ՊՎԾ) ղեկավար Պետրոսյան Ռոմանոսն, օրինակ, տեղյակ չէր դրա մասին: Եվ երբ ԱԺ-ում լրագրողները դրա վերաբերյալ հարց էին բարձրացրել՝ վերջինս պատասխանել էր չինովնիկավարի. «Եթե մամուլում կա հրապարակում, այնպես չէ, որ դա 100%-անոց ճշմարտություն է»։ Ավելացնելով, որ գրավոր հարցման դեպքում ինքը նույն տարբերակով «ստուգված, պարզաբանված պատասխաններ» կներկայացնի: Զարմանալի է, որ նախորդ տարի, եթե չեմ սխալվում, հետաքննող լրագրողները պարզել էին, որ մեր հակահերոսը, որպես համայնքապետ, 2023-2024 թթ.-ին մի շարք պայմանագրեր էր կնքել իր մորեղբորը պատկանող ընկերության հետ: Որի որդին, ի դեպ, իր օգնականն է եղել այն ժամանակ, երբ ինքը Արարատի մարզպետն էր: Իսկ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել էր շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար: 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, իհարկե, տեղյակ չի եղել այդ պայմանագրերից, որպեսզի արձանագրեր շահերի բախում ու վարչական պատասխանատվության ենթարկեր «կոկորդիլոսագետ» համայնքապետին: Սակայն դատախազությունը պահպանել է ձևական կողմն ու անցյալ տարեվերջին հրապարակումներից մեկն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե` ստուգման: Բայց ինչպես երևում է, պետական իրավապահ կառույցները տեղեկություններ չունեն միմյանց գործունեությունից: Ինչը, որքան հիշում եմ, նախկինների օրոք դրվել էր ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Որովհետև եթե ունենային, ապա «կոկորդիլոսագետ» համայնքապետի գործունեության վերաբերյալ տեղյակ կլիներ նաև ՊՎԾ ղեկավարը: Ինչպես երևում է, վերջինս ցանկություն չունի ծանոթանալու հետաքննությամբ զբաղվող լրագրողների հոդվածներին, չնայած իր աշխատանքային օրը, ենթադրաբար, պետք է սկսվեր համապատասխան նյութերի ուսումնասիրությամբ: Համենայն դեպս, այդպես էր սկսվում իմ աշխատանքային օրը, երբ ես աշխատակցում էի հայաստանյան հակակոռուպցիոն հասարական կազմակերպություններից մեկին: 

Ինչ մնում է «բարոյակա՞ն է, արդյոք, համայնքապետի կողմից ինքն իրեն պարգևավճար հատկացնելու» վերաբերյալ հարցին, ապա դրան ՊՎԾ պետը խիստ ինքնատիպ պատասխան է տվել: Ինքը Սարգսյան Գարիկին կտար ընդամենը մեկ հարց. «Կեցցե՛ս, Գարիկ ջան, որ քեզ պարգևավճար չես տվել, բայց 200 000 դրամով ո՞նց ես ապրում»: Ի դեպ, ասեմ, որ 200 000 դրամով «ոնց ապրելն», իսկապես, խիստ օրակարգային հարց է: Որովհետև Հայաստանում քիչ չեն միայնակ ապրող թոշակառու զույգերը, որոնք ստանում են նշված գումարից առնվազն կրկնակի պակաս: Դա, իհարկե, ՊՎԾ պետին չի հետաքրքրում: Եթե հետաքրքրեր, ինքը տեղյակ կլիներ հայտարարագրերից, որ 300 պաշտոնատար անձ 2 միլիարդ դրամի նվիրատվություններ է ստացել, ու դա իրեն գոնե անսովոր կթվար: Եւ հետամուտ կլիներ պետական ու համայնքային միջոցների վատնման բոլոր դեպքերին, որպեսզի տարեկան գոնե մի քանի հազար դրամով բարձրացվեին այն անձանց թոշակները, ովքեր ողջ կյանքը նվիրել են խորհրդային, իսկ այնուհետև` անկախ Հայաստանին: 

ՀԳ. Պարզվում է, որ ՊՎԾ պետը խնդիր ունի տեղեկատվության տիրապետելու առումով. Վեդու ավագանու՝ 2022 թվականի տարեվերջյան որոշմամբ, երբ Սարգսյանն արդեն համայնքապետ էր, նրան նշանակվել է շուրջ 600 հազար դրամի աշխատավարձ: Այնպես որ վերջինս հանգիստ կարող է յոլա գնալ առանց ինքն իրեն պարգևավճար տրամադրելու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image