«Արմենիա» ավիաընկերության «պերճաշուք» թշվառությունը

«Արմենիա» ավիաընկերության «պերճաշուք» թշվառությունը
«Արմենիա» ավիաընկերություն, Երևան, Բարսելոնա

Երեւան-Բարսելոնա եւ Բարսելոնա-Երեւան «Արմենիա» ավիաընկերության ուղիղ չվերթից իմ օգտվելու առաջին ու գլխավոր պատճառը մեկն էր․ խնայել ժամանակը՝ տեսնել ավելին։ Արդյունքում եղավ ճիշտ հակառակը՝ վատնվեց ոչ միայն ժամանակը, այլեւ գումարն ու նյարդերը։ 

Օգոստոսի 3-ին Երեւան-Բարսելոնա թռիչքը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 9։50-ին, բայց մեկ ժամ ինքնաթիռում սպասելուց հետո հանկարծ պարզ դարձավ, որ ինքնաթիռը ծրագրային խնդիր ունի, որը փորձում են շտկել։ Թեպետ հրամանատարն ուղեւորներին հորդորեց չանհանգստանալ ու հետո էլ վրա բերեց՝ «հանգիստ նստեք տեղներդ», բայց ինքնաթիռում շնչելն ու սպասողական վիճակը դարձան անտանելի։ Եվս կես ժամ սպասելուց հետո բերեցին աստիճանասանդուղքը եւ ուղեւորներին ինքնաթիռից տեղափոխեցին օդանավակայան, որտեղ ստիպված եղանք էլի մեկուկես ժամ սպասել։ Եվ չնայած հնչեցին չվերթը բոյկոտելու կոչեր, բայց խաչակնքելով, աղոթելով՝ օդ բարձրացանք, որովհետեւ Բարսելոնան սպասում էր, ամրագրված հյուրանոցներն ու տրանսֆերները՝ նույնպես։ Ընդհանուր առմամբ, չվերթն ուշացավ 3-3․5 ժամով, եւ ի սկզբանե նշված 12։50-ին հասնելու փոխարեն Բարսելոնա հասանք մոտ 17։00-ին։

Թվում էր, թե վերադարձին կխուսափենք այլ ֆորսմաժորից, բայց եղավ ուրիշ իրավիճակ՝ ավելի տհաճ ու սթրեսային սցենարով։ Նախ՝ օգոստոսի 14-ին նախատեսված թռիչքի ժամը փոխվեց 2 անգամ․ սկզբում նշված էր 12։40, հետո դարձավ, 10։45, արդեն օդանավակայանի ցուցատախտակի վրա տեսանք 11։00-ն։ Այս անգամ ստիպված եղանք ինքնաթիռի հեղձուկի մեջ սպասել 2 ժամ․ առաջինը սկսեցին լացել երեխաները, հետո  ինքնազգացողությունից սկսեցին բողոքել հղիներն ու տարեցները։ Սառը ջուր առաջարկելով՝ ուղեկցորդուհիները նորից փորձեցին իրավիճակը հանդարտեցնել՝ բացատրելով, որ թղթաբանության հետ կապված խնդիրներ կան, եւ քիչ հետո կթռչենք։ Բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ այս անգամ էլ խնդիրն ինքնաթիռի անվադողի հետ է կապված, եւ թռիչքի պատրաստվող ուղեւորները սկսեցին պատուհանից հետեւել, թե ինչպես են փորձում ինքնաթիռի անվադողը կարգի բերել, որ կարողանանք տուն վերադառնալ։ 

Տագնապի ու խուճապի ալիքն ավելի աճեց, որովհետեւ անձնակազմն անորոշ պատասխաններ էր տալիս։ Ի վերջո, 2 ժամից ավելի ինքնաթիռում սպասելուց հետո որոշում կայացվեց ուղեւորներին տեղափոխել սպասասրահ։ Ուղեւորներից մեկն ինքնաթիռի հրամանատարի հետ վեճի բռնվեց՝ հանդիմանելով՝ կա՛մ պատշաճ սպասարկում ապահովել եւ հետո նոր ուղեւորներին ներս հրավիրել, կա՛մ ինքնաթիռները սարքին վիճակի բերել, քանի որ նման դեպքեր էլի են եղել։ Հիմա էլ մարդկանց ինքնաթիռից դեպի սպասասրահ տեղափոխող ավտոբուսը դռները չէր բացում, որովհետեւ Բարսելոնայի օդանավակայանն այդ պահին ի վիճակի չէր հարյուրից ավելի ուղեւոր հետ ընդունել։ Մի կես ժամ էլ ավտոբուսում կանգնած սպասելուց հետո անորոշ ժամանակով հանգրվանեցինք օդանավակայանում, որտեղից ոչ մի կոնկրետ պատասխան չէր հնչում։ Վրացական կողմի ներկայացուցիչն ի վիճակի չէր ոչ մի հստակ պատասխան տալ, նա միայն առաջարկում էր 15 եվրոյանոց սննդի վաուչեր։ Իսկ ուղեւորների՝ իրավիճակը բացատրելու միակ տարբերակը սա էր․ «Բա հայկականից ի՞նչ էիք ուզում․․․»։ Շուրջ 8 ժամ ուշացումից հետո թռիչքը տեղի ունեցավ, վայրէջքը Երեւանում՝ կեսգիշերն անց։ Օրը սկսվեց եւ ավարտվեց տարբեր ժամային գոտիներում եւ տարբեր օրերում, այն դեպքում, որ Ամերիկա չէինք մեկնում եւ ոչ էլ հայտնագործում։ Բարսելոնան 11 օրում տեսնելու իմ ցանկությունը սահմանափակվեց 9 օրում, ես գրեթե 2 օր կորցրի ճանապարհների վրա, այն դեպքում, որ իմ վճարած ավիատոմսի բարձր գնի դիմաց ակնկալում էի նույնքան բարձր որակի սպասարկում եւ մի քիչ պատասխանատվություն։ Պատճառած անհարմարության, նյութական եւ բարոյական վնասի համար «Արմենիա» ավիաընկերությունը լուռ է:

Հիմա, ըստ էության, ո՞վ պետք է պատասխան տա իմ եւ մնացած ուղեւորների վատնած ժամանակի ու ապրած նյարդային ցնցումների համար, ո՞վ եւ ե՞րբ պետք է փոխհատուցի ուղեւորների կրած նյութական եւ բարոյական կորուստները, ե՞րբ պետք է հայկական իրականության մեջ գինն ու մատուցած ծառայությունները դառնան համարժեք։ 

Անշուշտ, ես այլեւս չեմ օգտվի «Արմենիա» ավիաընկերության ծառայություններից: Բայց խնդիրն այդպես չի լուծվի, օգտվողներ էլի են լինելու, իրավիճակները նորից են կրկնվելու, քանի դեռ չկա լուրջ պրոֆեսիոնալ մոտեցում։