Եթե հայելու մեջ նայի, միանգամից կտեսնի՝ ով է իրական առնետը

Եթե հայելու մեջ նայի, միանգամից կտեսնի՝ ով է իրական առնետը

Հարցազրույց գյումրեցի բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանի հետ

- Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, ու սույն համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, մինչդեռ հայ ժողովրդի համար պարզ չէ ո՛չ համաձայնագրի բովանդակությունը, քանի որ այն պաշտոնապես չի հրապարակվել, եւ ո՛չ էլ այն, թե այդ փաստաթղթում ինչ երաշխիքներ կան ամրագրված՝ տեւական խաղաղության հաստատման համար։

- Ես անակնկալի չեկա այդ հայտարարությունից, որովհետեւ գիտեի, որ ամեն ինչ տանում է այդտեղ, ես վստահ եմ, որ ժողովուրդը չի էլ իմանալու, թե ինչի մասին է այդ խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ, եթե իմանա, անպայման չի ընդունի, մեր ազգը չի ընդունի նոր կապիտուլյացիա, իսկ իրենք ամեն ինչ տանում են դեպի Հայաստանի կապիտուլյացիա, որը փաթեթավորում ու քողարկում են տարբեր փափուկ բառերով, տերմիններով, որպեսզի ծածկեն, թե իրականում ինչ է սպասվում։ Ու երբ լսում ես, թե այդ չհամաձայնեցված 2-3 կետերն ինչի մասին են, հասկանում ես, որ խոսքն արդեն Հայաստանի կապիտուլյացիայի մասին է։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել կապիտուլյացիոն պայմանագրով, խաղաղության համար մենք ուժեղ պետք է լինենք, իսկ թշնամին այս 7 տարիների ընթացքում ամեն ինչ արեց, որպեսզի կարողանար թուլացնել մեր պետությունը, կարողացավ այնպես անել, որ 2020-ին պատերազմի հրահրումը լիներ մեր կողմից, ընդհանուր համաձայնությամբ պատերազմը տանուլ տրվեց մեր կողմից ու գնաց մինչեւ վերջ։ Ոչ ոք իրավունք չունի ո՛չ մեր ազգի անունից խոսել, ո՛չ անձամբ իմ անունից, կարեւոր չէ՝ ես ընտրել եմ, թե չեմ ընտրել այսօրվա իշխանություններին․․․ բնականաբար, ես չեմ ընտրել սրանց ու առաջին օրվանից գիտեի այս ամբողջ ընթացքը, որ Արցախ ենք հանձնելու, հետո՝ Հայաստան․․․ որին վիլայեթի ապագա է սպասվում․․․ ես գիտեի, որ այս ամեն ինչը լինելու էր, ու շատերը գիտեին, բայց քչերն էին լսում մեզ։ Ընդունեցին ու ընտրեցին, հիմա էլ դրա պտուղներն են քաղում, բայցեւայնպես, եթե այսօր իրեն ընտրողներն իմանան, թե ինչ է սպասվում, ի վերջո եւ վստահաբար, դուրս կգան փողոց։ Սակայն ամեն ինչ ծածկված է, նաեւ՝ խորը մտածված է ոչ թե իրենց, այլ այն աշխարհաքաղաքական ուժերի կողմից, որոնք մեզ հասցրին այս վիճակին, խոսքը հենց նույն՝ թուրք-ադրբեջանական ուժերի մասին է կամ իրենց կողմից ֆինանսավորվող աշխարհաքաղաքական ուժերի, դրա համար մենք հիմա այս վիճակի մեջ ենք։   

- Օրերս Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այսօր ուղիղ երկխոսություն կա, մինչդեռ նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից։ Հետո օրինակ բերեց, որ իր ու Թուրքիայի նախագահի տեսանյութը հազարավոր լայքեր է ստացել Ֆեյսբուքի իր էջում, ինչը դրական դինամիկա է համարում։ Ընդունելի՞ է Ձեզ համար այս որակի համեմատությունը, եւ արդյո՞ք Արցախի կորստից, հայաթափումից հետո հայ մարդն ուզում է երկխոսել Թուրքիայի հետ։

- Նախ՝ լայքերի պահով․ ես չեմ կարծում, որ Հայաստանից են եղել այդ լայքերը, եթե անգամ եղել են, դրանք ֆեյքեր են, իսկ եթե հաշվի առնենք, որ 80 մլն թուրք է ապրում Թուրքիայում, ապա, բնականաբար, այդ տեսանյութը կամ նկարը 80 մլն լայք էլ կարող էր հավաքել։ Սա մեր ազգի շահերից չէ, այլ իր «ազգի» շահերից է, ինքը երբ խոսում է մեր ազգի շահերից, նկատի չունի Հայաստանի շահերը․․․ սա ամբողջովին ադրբեջանա-թուրքական շահերից բխող համաձայնություն է, ու թող չշահարկեն՝ «մեր»-ը ասելով, որպեսզի իրականությունը թաքցնեն։ Ժողովուրդը, ի վերջո, կհասկանա այս ամենը, բայց վախենամ՝ ուշ լինի։

- Ի՞նչ եք նկատում՝ ժողովուրդն այսօրվա վիճակի հետ հա՞շտ է, ինչքա՞ն կարմիր գծեր պետք է հատվեն, որ մարդիկ հասկանան՝ սրանից այն կողմ այլեւս չկա որեւէ սահման։ Օրինակ՝ Գյումրիում ինչպե՞ս է ընդունվել այս ամենը։

- Գյումրի, Լոռի, թե Հայաստան, ամեն ինչ նույնն է՝ մի փոքր ավել կամ պակաս, իսկ թե ընդհանրապես Գյումրին ինչպես է ընդունոմ, առաջիկա ընտրությունները դա ցույց կտան։ Գյումրեցի ասելով ես հասկանում եմ Ավետիք Իսահակյանին, որը հայ վրիժառության ակունքներում էր կանգնած, գյումրեցի ասելով հասկանում եմ Շիրազին, որը ոչ միայն ցեղասպանության մասին բարձրաձայն խոսեց, այլեւ՝ պահանջատիրությունից։ Իմ թվարկածները գյումրեցիներ են, ու այսօր էլ կան գյումրեցիներ, այսօր էլ Հայաստանում կան ոչ գյումրեցի, բայց նույն ձեւով մտածողներ, պարզապես այսօր այն ձեւով են ամեն ինչ թաքցրել, քողարկել, որ եթե փորձենք ինչ-որ բան փոխել ընտրություններով․․․․ իսկ ինքը գիտի, որ Գյումրիում կան ու հաղթելու են առողջ ուժերը, դրանք միավորվելու են, ու այստեղ, ի վերջո, բան է փոխվելու, բայց ինքը փորձում է անել ամեն ինչ ու հնարավորինս շուտ վերջացնել այն գործը, որի համար իրեն բերել են, որովհետեւ արդեն գիտի, որ Գյումրիում այլեւս չի լինելու այնպես, ինչպես ինքն է ուզում, ու, մեծ հաշվով, արդեն նաեւ Հայաստանում չի լինելու։ Ազգի առողջ մասը միշտ էլ արթուն է եղել, պարզապես դրա քիչ տոկոսն է ազգի հոգսերով մտահոգ, շատերը շուտ են հիասթափվում, շատերը խորքային չեն մտածում, չեն վերլուծում, այդ առումով վերլուծական ուղեղ է պետք, թեպետ, մյուս կողմից էլ, ամեն ինչ ակնհայտ է, թե ուր է գնում այս ամեն ինչը։  

- Ի դեպ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը նկատել էր, որ, որքան էլ տարօրինակ թվա, բայց արձանագրված եւ սպասվող ազգային խայտառակությունից մեր փրկությունը Գյումրիում է, մեջբերում եմ․ «Գյումրիում Նիկոլի հաղթանակի դեպքում Ադրբեջանը կտրուկ կոշտացնելու է իր դիրքորոշումը, դնելու է նոր այլանդակ պահանջներ՝ համարելով, որ սա կոտրված, անարժանապատիվ հասարակություն է՝ ամեն ինչի համակերպվող։ Եթե Գյումրիում Նիկոլը պարտվի, դա կլինի ուղերձ Ադրբեջանին, ուղերձ աշխարհին, որ մենք, որպես ժողովուրդ, որպես հասարակություն, որպես պետություն, գոյություն ունենք։ Որպես պետություն, որն ուզում է եւ արժանի է իրական, արժանապատիվ խաղաղության»։ Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։

- Ես էլ եմ այդպես մտածում, ավելին՝ այդպես էլ կլինի։ Հաշված օրեր են մնացել ընտրություններին ․․․․ եթե, իհարկե, այս ընթացքում նոր քայլեր, ռեպրեսիաներ, բռնություններ չձեռնարկեն, որովհետեւ «անկյուն ընկած կատուն» ամեն ինչի ընդունակ է, պետք է ճանկռոտի, ամեն ինչ անի։ Նրա վերջին ելույթը Գյումրիում սրա հետ եմ համեմատում, ամեն ինչ փորձելու են անել, անգամ այն, որ եթե հանկարծ չանցնի իրենց թեկնածուն ու կուսակցությունը, ասելու են՝ պատերազմ է լինելու, որպեսզի վախեցնեն ընտրողներին, սա էլ են տարածելու, քանի որ ամեն ինչի ընդունակ են․․․ բայց մեր հարեւանությամբ կան լուրջ աշխարհաքաղաքական ուժեր, որոնց հետ կարելի է այդ ամեն ինչը կանխել, եթե լրջորեն ու դիվանագիտական ճանապարհով բանակցենք։ Ու եթե դա իշխող ուժը չի անում, գոնե ընդդիմությունը պետք է անի, այսօրվա հրամայականը սա է՝ դուք դուրսը պահեք, մենք ներսը կհաղթենք։ 

- Թուրք լրագրողի հարցին՝ «Ցեղասպանությունն արդեն նախկին, անցյալ փո՞ւլ է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների առումով», Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, եւ սա մեր պաշտոնական ձեւակերպումն է, միաժամանակ հավելելով, որ Մեծ եղեռնը, ոչ թե Հայոց ցեղասպանությունը, հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Այս երկիմաստ ձեւակերպումներով ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանը։

- Ինքը միշտ լարախաղացի պես է վարվում ու, այո, ինքը ճիշտ է ասել՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց առաջնահերթություններից չէ, բայց դա մեր ազգի առաջնահերթությունն է եւ ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ՝ պահանջատիրությունը։ Ընդամենը 10 տարի առաջ մենք խոսում էինք պահանջատիրությունից, ու այդ ինչպես եղավ, որ այսօր պետք է վիճարկենք՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Ո՞վ է իրեն թույլ տվել իմ պապի, իմ պապի եղբոր, ձեր պապի փոխարեն ինքը որոշի՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Գուցե իր համար չի եղել․․․, բայց իրողությունն այն է, որ մեր ազգը ցեղասպանվել է՝ ցավոք սրտի․․․ ու նա ամեն ինչ անում է, որ դա նորից տեղի ունենա, շարունակվի։ Ինչպե՞ս կարելի է բարեկամանալ մի երկրի հետ, որն ասում է՝ մեր սրից փախած մնացորդներն եք, ի՞նչ բարեկամության մասին է խոսքը։ Մեր իրական բարեկամներին ասում է՝ պիտի գնաք ստեղից, որպեսզի ճանապարհը բացվի 2-րդ ցեղասպանության համար․․․․, մենք էլ, ի վերջո, պետք է, չէ՞, խոսենք սրա մասին։ Իսկ այդ համաձայնագրով, մեղմ ասած, աղուհացը պարզելու ենք, որ գան մեզ ցեղասպանեն․․․։ Ես ի վիճակի չեմ ո՛չ նրան լսեմ, ո՛չ տեսնեմ, հատկապես երբ սկսում է ձեռքերը թափահարել, եթե ձեռք թափահարող ես, գնա՝ թշնամուդ վրա թափահարի, կամ՝ ինչ է նշանակում՝ մի 4 օր առաջ գալ Գյումրի, քարոզարշավ անել, երբ դեռ քարոզարշավը չի էլ մեկնարկել։ Մեկ այլ բան՝ ի՞նչ է նշանակում 350 մլն դոլարը, գողոնը հետ ենք բերելու․․․, եթե դու տեղյակ ես, որ կոռուպցիա է եղել, ու 7 տարի լռում ես, ուրեմն դու հանցակից ես, իսկ հանցանք թաքցնողը նույնքան հանցակից է, որքան հանցանքն անողը, 7 տարին բավական չէ՞ր, որ կարողանայիր հետ բերել։ Էլ չասեմ այդ բառամթերքը՝ նկուղներից դուրս եկած առնետների մասին․․․․ եթե ինքը հայելու մեջ նայի, միանգամից կտեսնի, թե ով է իրական առնետը։ Վերջում կուզեմ հավելել, որ այսօր նախընտրական քարոզարշավին մասնակցող 5 լուրջ ուժեր կան Գյումրիում, ու ի՞նչ է նշանակում՝ իրենք չպետք է անցնեն․․․, դու բոլորի համար հավասար պայմաններ պետք է ստեղծես, իրենք այն 3 մլն վարչապետերից 5-ն են, այդ ի՞նչ են արել, համարձակվել են դեմ գնալ քո կուսակցությանն ու առաջադրվել ընտրությունների՞ն, սա՞ է քո դեմոկրատիան, արդար ընտրությունները․․․ Սիամանթոն լավ էր ասում՝ թող որ թքնեմ քո ճակատին․․․, ես էլ ասում եմ՝ թող որ թքնեմ արդար ընտրություններիդ ճակատին։ Էդ մի բանն էր մնացել՝ խաբում էիր, հիմա դա էլ չես կարողանում անել՝ լինել խաբեբա․․․։