Արտգործնախարարի ի՞նչ խնդիրն է հէկաշինությունը
Հունվարի 21-ին Քարվաճառի իր տանը հացադուլ է հայտարարել Ալեքս Քանանյանը: Նույն օրը ես ֆեյսբուքում հետեւյալ գրառումն եմ արել. « Քարվաճառում հէկ-եր կառուցվում են երեւի արդեն հինգ-վեց տարի ի վեր, իսկ Ալեքսն այնտեղ ապրում է արդեն շուրջ երկու տասնամյակ: Հացադուլ հայտարարելու այլ պատեհ ժամանակ չկա՞ր: Մնում էր սպասել համապետական ընտրությունների՞ն: Ինչ-որ մեկին, կարելի է վստահաբար ասել, ներարցախյան կայունությունը ձեռնտու չէ՝ նախագահի թեկնածուներից մեկին կամ մի քանիսին՝ միաժամանակ, քաղաքական որեւէ ուժի/պոտենցիալ դաշինքի:
Դրվել է «էլեկտրաքարվաճառ» սադրելու խնդի՞ր: Ու՞մ է ձեռնտու նախընտրական մթնոլորտի շիկացումը: Վերագրումներից զերծ եմ մնում: Հորդորս Ալեքսին՝ դադարեցրու հացադուլը: Ոչ մի քաղաքական նպատակ քո կյանքին սպառնացող վտանգին համարժեք չէ,,: Ինձ անմիջապես արձագանքեցին Արցախի նախագահի թեկնածուներից մեկի շրջապատից՝ մեղադրելով, որ անհարկի քաղաքականացնում եմ Քանանյանի բողոքը: Երեկ թեմային անդրադարձել է արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ ֆեյսբուքի իր էջում տեղեկացնելով, որ նույն օրն այցելել է Քարվաճառ, տեւական առանձնազրույց ունեցել Քանանյանի հետ եւ նրան տեղեկացրել, որ իր նախընտրական ծրագրում փոքր հէկ-երի կառուցման եւ բնապահպանական խնդիրներն ուրույն տեղ ունեն: Մայիլյանն, ընդսմին, իրազեկել է, որ 2007թ. նախագահական ընտրություններում Քանանյանը ներկայացրել է իր թիմը: Ավելի պարզ ասած՝ Քարվաճառում եղել է իր վստահված անձը: Քաղաքական ի՞նչ նախասիրություններ ունի Քանանյանն այսօր՝ բարդ է ասել: Հրապարակային ելույթներում նա առհասարակ մերժում է Արցախի նախագահի եւ ԱԺ ընտրությունները, համարում, որ պետք է որդեգրել միասնական Հայաստանի հռչակման ուղեգիծ:
Միաժամանակ, նա կոշտ քննադատում է նախագահ Բակո Սահակյանին եւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին: Որ Քանանյանի հացադուլը քաղաքական է՝ կասկած չկա: Հարցն այն է, թե ինչու՞ կառավարության անդամներից նրա հետ երկխոսության է մեկնել ոչ թե բնապահպանության կամ էկոնոմիկայի, այլ՝ արտաքին գործերի նախարարը: Դա նրա նախաձեռնությու՞նն է, թե՞ Մայիլյանին հանձնարարել են հանդիպել իր «նախկին» թիմակցին եւ փորձել հարթել սուր անկյունները: Սա հավանական կթվար, եթե Մայիլյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ չակնարկեր, թե Քանանյանին վստահեցրել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կկարգավորի խնդիրը: Մայիլյանն այդպիսով բաժանարար գիծ է քաշել իր եւ գործող իշխանությունների միջեւ՝ քաղաքական պատասխանատվությունը ստորադասելով նախընտրական նպատակահարմարությանը:
Դա նրա՝ որպես Արցախի նախագահի թեկնածուի, իրավունքն է, բայց տարրական պատշաճությունը պահանջում է, որ դրանից հետո նա հրաժարվի արտաքին գործերի նախարարի պաշտոնից եւ ամբողջովին նվիրվի իր քարոզարշավի կազմակերպմանը: Արտգործնախարարի ի՞նչ գործն է բնապահպանությունը: Իսկ նախագահի անպաշտոն թեկնածուն ազատ կլինի խոսել ամեն ինչից:
Կարծիքներ