Լավ է գոնե Նիկոլայ 1-ինի կիսանդրին ռազմաբազայի տարածքում են դրել

Լավ է գոնե Նիկոլայ 1-ինի կիսանդրին ռազմաբազայի տարածքում են դրել

«Ռուսական փառքի ծառուղի» նախագծի շրջանակում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում նախօրեին տեղադրվել է ռուս կայսր Նիկոլայ Առաջինի կիսանդրին։ Հուշարձանի տեղադրման վայրն ընտրել է միավորման հրամանատարությունը։ Գաղափարի հեղինակ Միխայիլ Սերդյուկովի խոսքով, նախագիծն իրականացվում է մեկ նպատակով` վերականգնել ռուս ժողովրդի հայրենասիրական ոգին:

«Ռուսաստանի տարբեր անկյուններում եւ դրա սահմաններից դուրս հուշարձաններ եւ կիսանդրիներ տեղադրելով` մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր մեծ նախնիներին եւ հայրենակիցներին»,- ասել է գաղափարի հեղինակը:

Սոցիալական ցանցերում տեղ գտած քննարկումներից դուրս, հայտարարությամբ հանդես եկավ «Սասնա ծռերը»։ «Նիկոլայ 1-ինն արյունոտ բռնապետ է եղել։ Նա է լուծարել Հայկական մարզը եւ այդպիսով թաղել է հայոց պետականության վերստեղծման հեռանկարը։ Նրա կիսանդրու տեղադրումը թերեւս ուղերձ է ռուսական կայսրականության ոգու վերածննդի եւ կոշտ գաղութատիրության հաստատման վերաբերյալ։ Այդ մասին են վկայում նաեւ Ռուսաստանում Զորավար Անդրանիկի հուշարձանը հանելու եւ Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու գործողությունները։ Դատապարտում ենք ՀՀ ինքնիշխանության դեմ Կրեմլի ոտնձգությունների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության կրավորականությունը»,- նշված է հայտարարության մեջ։ 

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նկատում է՝ վերջին ժամանակներում նմանատիպ շատ դեպքերի ենք ականատես լինում․ «Օրինակ՝ անցած, թե նախանցած տարի, երբ ես քաղաքաշինության խորհրդի անդամ էի, հանկարծ Մոսկվայից բերեցին Սանկտ Պետերբուրգի բլոկադայի ժամանակ զոհված երեխաների հիշատակին արված մի հսկայական հուշարձան, որը դրեցին Արաբկիրի գյոզալ այգում։ Ես դեմ եղա, ասացի՝ ինչո՞ւ եք բերում Երեւան, տարեք Լենինգրադում դրեք, ինձ ասացին՝ այնտեղ նաեւ հայ երեխաներ են եղել։ Լավ, բայց ինչո՞ւ եք հսկայական գրանիտե սյուներ բերում՝ դիմացից էլ բրոնզից 2 մետրանոց ռուս կնոջ ֆիգուր՝ ռուս երեխուն գրկած, ի վերջո, այդ ամեն ինչը մեզ հետ ոչ մի կապ չուներ։ Սա ասում եմ նրա համար, որ քաղաքականություն է՝ հայ-ռուսական հարաբերություններ, չեն ուզում ռուսների հետ վատամարդ լինել։ Թեպետ, ինչո՞ւ եք զարմանում, Գյումրիում վերցրին ու Կալաշնիկովի արձանը դրեցին, իսկ դա ի՞նչ էր նշանակում։ Այսինքն՝ սա այդ նույնի շարունակությունն է։ Նիկոլայ Առաջինի կիսանդրին որ բերել են Գյումրի, հիմա այդ գյումրեցիներն ի՞նչ անեն, այնտեղ ռազմական բազա կա, եւ ռուսներն ինչ ուզում, անում են։ Լավ է դեռ, որ դրել են ռազմաբազայի տարածքում»։

Քանդակագործը հիշում է, որ մի ժամանակ էլ փորձել են Արաբկիրի այգում Պետրոս Առաջինի արձանը դնել։ «Այնտեղ երկու շենք կա՝ ճառագայթանման՝ ծուռ, որ աստիճանավանդակի նման գալիս միանում են իրար, իբրեւ թե պատուհան դեպի Եվրոպա։ Բայց Պետրոսի ասածին համահունչ՝ դա տարեք, Ռուսաստանում դրեք, նա ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ։ Մենք դեմ եղանք, ու լավ է, դա կանխվեց։ Մի զարմացեք, դեռ այնքան բան կլինի, Գյումրիում Սայաթ-Նովայի այգի կար, կարծեմ անունը փոխեցին ու մի ռուսական անուն դրեցին։ Տեսնում եք՝ ինչ ուզում են, անում են։ Հիմա դրան ոչ մեկը չի կարող ասել՝ ոչ, քաղաքականություն է, ինքներդ լավ գիտեք»,- ասում է նա ու նկատում, որ այդ քաղաքականության արդյունքում էլ մերոնք կուլ են գնում Ռուսաստանին․ «Պերմյակովի հարցում կարողացա՞ն մի բան անել, թող մի ռուսի գլխից մի մազ պակասի՝ դու տես ինչ կանեին, բայց Պերմյակովը մի ամբողջ ընտանիքի ոչնչացրեց, այսինքն՝ ինչպես գիտեք, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Դե հիմա թող Տիգրան Մեծի արձանը տանեն Մոսկվայում դնեն, ինչո՞ւ չեն դնում, այնտեղ էլ հայեր կան, չէ՞։  Իհարկե, ըմբոստանալ կարելի է, որովհետեւ անունն ի՞նչ եք դնում, որ բերում եք Գյումրի»։        

Անկախ նրանից, որ կիսանդրին ռուսական ռազմաբազայի տարածքում է դրվել, բայց դա վարձակալված տարածք է, ըստ Թոքմաջյանի, եւ, ուրեմն, չպետք է լինի այնպես, որ ինչ ուզեն, անեն․ «Հիմա կասեն՝ մենք մեր փողով մեր տարածքում դրել ենք այդ կիսանդրին, բայց դա իրենց տարածքը չէ։ Նաեւ վստահ եմ՝ հսկայական ծախս է արվել, տեսեք ինչ քաղաքականություն են վարում, հիմա ի՞նչ կարող ենք ասել՝ սա է մեր իրականությունը․ ինքնիշխան երկիր ենք, բայց ինչ ուզում, անում են, սա է ճշմարտությունը, եւ առայժմ ոչինչ անել չենք կարող։ Հետո, այնպիսի բաներ են կատարվում, որ չգիտես ինչ ասես, օրինակ՝ Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի մրցույթը որ եղավ, ուղղակի խեղկատակություն էր, ոնց որ տիկնիկային թատրոնի բեմական մի դեկոր՝ կարտոնից սարքած, որը ի՞նչ կապ ունի մարտի 1-ի ողբերգության հետ։ Դա շոու էր, ինչպես որ հերթական շոու է նաեւ Նիկոլայ 1-ինի կիսանդրու տեղադրումը։ Ու եթե ռուսների համար են դրել, ապա թող մեկը հարցներ, թե ռուսների քանի տոկոսն է ընդունում Նիկոլայ 1-ինին ու նրա քաղաքականությունը, որպես ցար, որ հիմա էլ գնան, հարգանքի տուրք մատուցեն»։