Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառը չի բացահայտվել

Ծիծեռնակաբերդի հրդեհի պատճառը չի բացահայտվել

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից անտառում հուլիսի 14-ին բռնկված հրդեհի պատճառը պարզել չի հաջողվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության հետաքննիչներն ամիսուկես տեւած քննությունից հետո այդպես էլ չեն կարողացել պարզել հրդեհի պատճառը։ 
Նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։ «Նյութական վնաս հրդեհի հետեւանքով չի հասցվել։ Նյութական վնասը չափվում է ըստ նյութական արժեքների կորուստների, սակայն խոտը, որը վառվել է, նյութական արժեք չի համարվում»,- ասաց խոսնակը։ Իսկ ի՞նչ եք դուք ուղարկել դատախազություն՝ գրել եք, որ պատճառը չե՞ք բացահայտել։ «Կոնկրետ պատճառ չենք բացահայտել։ Օրենքով, հետաքննության ավարտից հետո բոլոր նյութերն ուղարկվում են դատախազություն։ Հնարավոր է նրանք նոր հանձնարարություն ունենան, օպերատիվ բնույթի այլ գործողություններ կատարվեն»,- պատասխանեց խոսնակը։ 

Նախնական վարկածը, թե Ծիծեռնակաբերդի հրդեհը բռնկվել է հարակից ռեստորաններից մեկում պայթեցված հրավառության հետեւանքով, չի հաստատվել։ «Կարող է լինեն բազում վարկածներ, բայց չի եղել որեւէ պատճառ, որը հաստատվի»։ 

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ հրդեհից տուժած տարածքը մոտ երկու հեկտար է եղել։ «Մեր հաշվարկներով, երկու հեկտարի չափով է հրկիզվել։ Այս պահին տարածքը զգալի չափով կանաչապատ է»։ 

Ցեղասպանության ինստիտուտի տնօրենին նաեւ հարցրինք, թե ինչ եղավ  Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» ստեղծելու նախագծի հետ, որը, ինչպես հայտնի է, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր առաջ տանում, եւ որի մասին նա հիշեց հրդեհից մի քանի օր հետո։ «Այդ ծրագրի հետ կապված որեւէ նորություն, որեւէ շարժ չկա»,- հայտնեց Հարություն Մարությանը։  Արդյոք Ծիծեռնակաբերդի տարածքը կշարունակի՞ մնալ ինստիտուտի ենթակայությամբ։ Հրդեհից հետո խոսակցություններ կային, որ տարածքը կանցնի քաղաքին։ «Ոչ,- պատասխանեց գիտնականը,- քաղաքապետարանին տարածքը չի անցնելու։ Մնալու է թանգարան-ինստիտուտի տիրապետման տակ։ Իսկ վնասը՝ խոտն է միայն այրվել, ծառեր՝ որպես այդպիսին, չեն վառվել»։