Ամեն ինչ պարզ է

Ամեն ինչ պարզ է

Իսկ այսօր շատ բան է պարզ: Օրինակ, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չկա: Վաղուց չկար՝ 2020թ. նոյեմբերի 9-ից, բայց մեզ ձեւ էինք տվել, թե չենք հասկանում: Բա սա ի՞նչ է, վարչապետ չի՞, ահա՝ խոստանում է 6 ամսում 44-օրյա պատերազմի բոլոր հետեւանքները վերացնել, կարգի բերել այդ պատերազմի դաշտից հերոսաբար փախած բանակը (ի դեպ, կարծիք կար, որ ինքն ու իր ընտանիքի անդամներն են միայն կռվել), ոտքի հանել սատկած տնտեսությունը: Սպասեցինք մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս… ոչինչ տեղի չէր ունենում, եթե չհաշվենք կադրային խառնաշփոթն ու իրավապահ համակարգի՝ մեղմ ասած, գնալով ահագնացող էշությունները: 2021թ. փետրվարի 25-ը կուլմինացիոն օր էր: ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը Նիկոլի առաջ հստակ պահանջ դրեց՝ հեռացիր, որովհետեւ քո մնալը պետության համար ազգային անվտանգության խնդիրներ է առաջացնում: Չլսեց, բնականաբար: Իր բաշիբոզուկներին հանեց փողոց ու մի հակաընդդիմադիր երթ կազմակերպեց Երեւանի փողոցներում՝ պատրաստ բախումների եւ արյունահեղության: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ գոյություն չունեցող վարչապետի պահվածք:

Նախագահ Արմեն Սարգսյանը՝ божий одуванчик-ի դեմքով, որ նույնպես հասցրել էր պահանջել Փաշինյանի հրաժարականը, գործի անցավ ու այնպես դասավորեց, որ բանը հասնի ընտրությունների, եւ վիճակը լիցքաթափվի: Ընտրությունները, սակայն, ոչինչ չփոխեցին: Հայաստանում վարչապետ չկար նաեւ այդ ընտրություններից հետո: Փաշինյանն անարգել գլորվում էր դեպի Ալիեւի փոսը՝ իր հետ տանելով ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը: Հիշենք, որ ադրբեջանցի զինյալները Հայաստանի սահմանն անցան ընտրությունների նախօրյակին, երբ ընդդիմությունն զբաղված էր խաղաղ քարոզարշավով: Սա կարեւոր է իմանալ, քանզի այս օրերին, երբ ընդդիմությունը զանգվածային անհնազանդություն է սկսել Նիկոլի դեմ, վերջինիս ադրբեջանցի եւ թուրք քիրվաները համեմատաբար լուռ են ու «խաղաղ»:

Էլ ի՞նչ երկարացնեմ: Վեց ամիսը շատ արագ անցավ: Նիկոլը ոչ միայն 44-օրյա պատերազմի հետեւանքները չկարողացավ վերացնել, այլեւ չկատարեց մնացած բոլոր խոստումները: Գերիների հարցն ի՞նչ մի հարց էր, որ էս լուսավոր դարում չկարողացավ լուծել: Իսկ գուցե չցանկացա՞վ: Դե գիտեք, գերին այնպիսի բան է, որ երբ վերադարձնում ես, մի որոշ ժամանակ հետո սկսում է խոսել, բաներ պատմել, բարձրաձայնել այն ամենը, ինչ գերության օրերին մտածել է Նիկոլի մասին: Եվ այս անտերության մեջ Հայաստանը գլորվեց մինչեւ 2022 թվական: Հունվարի 23-ին Հայաստանից թռած Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, ու պարզ դարձավ, որ վարչապետի աթոռին կառչած երեւույթն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, ու նրան պետք է հեռացնել, ինչ էլ որ դա արժենա մեր երկրին, պետությանն ու ժողովրդին:

Գարնանը, իսկ ավելի ստույգ՝ ապրիլին, ծայր առան ժողովրդական հուզումները: Ընդդիմությունը հայտարարեց, որ կարող է Փաշինյանի հետ քննարկել բացառապես մեկ հարց՝ նրա հեռացման հարցը: Փաշինյանը մնացել էր մենակ ու կհեռանար,  եթե գործին չմիջամտեին ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ ուժեր, որոնց տեղը Փաշինյանը գուցե չգիտեր էլ: Այդ ուժերին պետք էր հայի ձեռքով Հայաստանը քանդել, եւ նրանք առանց Փաշինյանին ներկայանալու էլ գրեթե հասել էին իրենց նպատակին: Բայց հիմա, երբ Փաշինյանն ուղղակի մազից է կախված, Արեւմուտքը չի կարողանում թաքնվել համընդհանուր այս իրարանցման մեջ: Այնպես որ, սա էլ է պարզ՝ Փաշինյանը դրսի պրոյեկտ էր, բայց ինչ-որ պահի իրեն թվաց, թե ինքն է կինոյի միջի տղեն: Ավաղ, այսպիսի սցենարներում նման բան չի լինում՝ Սահակաշվիլի, Պորոշենկո… Որտե՞ղ են հիմա նրանք: Փաշինյանն ստիպված է լինելու լրացնել այս շարքը՝ դառնալ հետխորհրդային տարածքում գունավոր հեղաշրջումներով իշխանության եկած երրորդ ղեկավարը:

Ի՞նչ է սպասվում Փաշինյանին: Ճիշտը որ ասեմ՝ չգիտեմ: Բայց նաեւ անկեղծ լինեմ ու ասեմ, որ այս պահին ինձ ավելի շատ Հայաստանի ապագա վարչապետի հարցն է մտահոգում: Շուտով կլրանա 2 տարին, որ Հայաստանը վարչապետ չունի, իսկ ժողովուրդն այդ մասին իմանում է միայն այսօր: Այսքանից հետո Փաշինյանին ինչ ուզում է, թող պատահի՝ գելերոց լինի, սատանեքը տանեն, կամրջից կախվի… Ինձ համար միեւնույն է: Միայն թե մեղքս մեր ժողովրդի վրա է գալիս: Նիկոլը նրան խոստացել էր գալ ու կանգնել գնդակահարության պատի տակ: Կկատարի՞, արդյոք, այդ խոստումը: Ես դժվարանում եմ հավատալ: Հայաստանում վարչապետ կա՞, որ մի հատ էլ խոստում կատարի: