Կիրանց գյուղի դպրոցի շինարարությունը՝ քրեական օրենսգրքի ենթակա խնդիր

Կիրանց գյուղի դպրոցի շինարարությունը՝ քրեական օրենսգրքի ենթակա խնդիր

Տավուշի մարզի Կիրանց գյուղի նոր դպրոցի շինարարությունը սկսվել է 2022-ին, արժեցել է 615 միլիոն դրամ (միջոցները հատկացվել են պետբյուջեից), շահագործման կհանձնվի 2024-2025 թթ․ ուսումնական տարվա սկզբին: Այն Նիկոլի կողմից նոր գծված սահմանից հեռու է ընդամենը 50 մետր, ու այդ պատճառով էլ, ըստ լրագրող Ոսկան Սարգսյանի ՖԲ գրառման (դպրոցի տնօրենի խոսքերի հիման վրա) անորոշ է այն հարցը, թե կտեղափոխվե՞ն, արդյոք, կիրանցեցի երեխաներն այնտեղ: Ներկայացվածը, ինչպես տեսնում եք, միայն փաստեր են: Այժմ փորձենք մեկնաբանել այդ փաստերը:

Եթե դպրոցի շինարարությունը սկսվել է 2022-ին, ապա, ենթադրաբար, որոշումը կայացվել է 2021-ին՝ նիկոլական դպրոցաշինության ծրագրի շրջանակում: Այդ ծրագրի մյուս օբյեկտների առումով տեղյակ չեմ, սակայն Կիրանցի դպրոցի ճակատագիրը, կարծում եմ, կլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին էր 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո Արցախում սկսված բնակարանային շինարարության ծրագրինը: Այսինքն, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը 2022-ին արդեն գիտեր, որ ինքն Արցախը հանձնելու է թշնամուն: Հենց դրան էր միտված «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է» արտահայտությունը՝ բարձրաձայնված Պրահայում: Բայց, չնայած իր իմանալուն, շարունակում էր Արցախի բնակարանաշինության ծրագիրը: Ի՞նչ է դա, եթե ոչ պետական միջոցների վատնում, ինչն իր համապատասխան անդրադարձն ունի ՀՀ քրեական օրենսգրքում:

Իսկ եթե ընդունենք, որ որոշումներ կայացնող ինքն ու իր մերձավոր շրջապատն այնքան անմեղսունակ էին, որ չէին հասկանում, թե ինչ է հետեւելու նման հայտարարությանը, ապա դա արդեն հոգեբույժների խնդիր է, որոնց պացիենտ պետք է լինի ողջ այդ խմբակը: Իր կողմից էլ հպարտությամբ ասված այն թեզը, թե այնքան գումար ենք ներդրել Արցախում, որ երբեք չի արվել նախկինների կողմից, ապագայում (իհարկե, այն ապագայում, երբ ինքն այլեւս չի լինելու վարչապետ) պետք է դիտվի որպես հանցանքը ծանրացնող հանգամանք: Քանի որ, որպես վարչապետ, ինքը պետք է գիտակցեր, որ երեք պատերազմներից հետո արցախցիները չեն կարող ապրել ադրբեջանական գերիշխանություն ներքո: Եվ, ըստ այդմ, իր կառավարության կողմից պատերազմից հետո Արցախում ներդրվող գումարները քամուն են տրվելու: Նույնիսկ եթե չգիտակցեր, ապա նրան կօգներ ադրբեջանական այն նամականիշը, որում ինչ-որ մեկը ցախավելով վերացնում է Արցախը: Այդ նամականիշի նկարը շրջանառվել է հայաստանյան մամուլում: 

Վերադառնանք Կիրանցի նորակառույց դպրոցի խնդրին: 2022-ին ինքը պետք է իմանար նաեւ, որ ստիպված է լինելու հանձնել, այսպես կոչված, ադրբեջանական անկլավները, քանի որ դրա մասին խոսվել էր Ադրբեջանում. այն Իլհամի զավթողական ծրագրերի մաս էր կազմում: Ու այդ հարցում վճռորոշ դեր էր ունենալու ոչ թե այս կամ այն խորհրդային քարտեզը, այլ Իլհամին «ոչ» ասելու համարձակությունը, ինչը բացակայում էր դրանում: Ու այդ պարագայում նոր դպրոցի շինարարությունը շարունակելը կամ, որ ավելի վատ է, նախապես որոշված վայրում սկսելը կրկին պետք է դառնա Քրեական օրենսգրքի մեկնաբանման ենթակա հարցը: 615 միլիոն դրամը, ի վերջո, լուրջ գումար է, եւ այն պետք է փոխհատուցվի թե՛ Նիկոլի եւ թե՛ բոլոր այն անձանց գրպանից, ովքեր ծանոթ են եղել Տավուշի առանձին հատվածները թշնամուն հանձնելու ծրագրին՝ հատկապես դրա տեղագրական առումով:

Իսկ հիմա այդ երեւույթը համեմատենք Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորից ինչ-որ հողեր օտարելու համար։ Ասլանյանի կատարած արարքը, ըստ նրա փաստաբանի, նյութական վնաս չի պատճառել պետությանը, եւ, չնայած դրան, նա երկու տարի յոթ ամիս անցկացրել է կալանավայրում: Երեկ Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել, ինչը, ենթադրաբար, կատարվել է գործող իշխանության արեւմտյան հովանավորողների թելադրանքով՝ Հայաստանի «ժողովրդավարական» դեմքը պահպանելու նպատակով։ 

Իսկ եթե ենթադրենք, որ Ասլանյանի առումով ձեւականորեն պահպանվել են ինչ-ինչ իրավական նորմեր, ապա որքա՞ն ժամանակով կդատապարտվի Կիրանցի նոր դպրոցի շինարարության պատասխանատու անձը՝ պետությանը 615 միլիոն դրամի վնաս հասցնելու համար, էլ չասած այլ վնասների ու արհավիրքների մասին, ինչը, վստահաբար, տեղի կունենա իշխանափոխությունից հետո: Ու հենց այդ պատճառով էլ Նիկոլն ատամներով պահում է իշխանությունը: Ասլանյանի պահով հիշեցնեմ, որ նա կալանավորվել էր, որպեսզի ավագանու նիստում չընտրվեր Վանաձորի համայնքապետ, չնայած նրա ղեկավարած դաշինքը հաղթել էր ավագանու ընտրություններում: Իսկ կալանավորմանը նպաստել էր նրա հայրենակից, «կլասիկ քաղաքական գործիչ» անձի (Էդմոն Մարուքյան) կողմից նախաձեռնված դատական հայցը: