Հուսախաբ եւ թեւաթափ

Հուսախաբ եւ թեւաթափ

Երեկ կարելի էր անկեղծորեն կարեկցել Էդմոն Մարուքյանին ու նրա թիմակիցներին, որոնք փորձում էին սթափության կոչեր հնչեցնել, ինչ-որ կերպ հասկացնել ընկալելու ունակությունը կորցրած մեծամասնությանը, որ Հրայր Թովմասյանն ու Սահմանադրական դատարանը չեն մեր գլխավոր թշնամին, եւ այսքան ռեսուրս ծախսել այդ 7 դատավորից ազատվելու համար՝ առնվազն անհեթեթ է։ Բայց աբսուրդի թատրոնում հայտնված մեր հասարակությունը դադարել է զարմանալ ամենազարմանալի բաների վրա եւ հաշտվել է ատելության այն մթնոլորտի հետ, որը ձեւավորել է երկրում գործող իշխանությունը։ Առաջին շրջանում ոմանք փորձում էին տրամաբանություն գտնել իշխանությունների գործողությունների ու խոսքի միջեւ։ Եվ անգամ պարզ տրամաբանական հարցեր էին հնչեցնում։

Ասենք՝ ինչո՞ւ եք սեւեռվել Հրայր Թովմասյանի վրա, որին ընտրակեղծիքների հայր եք հռչակել, իսկ Տիգրան Մուկուչյանի անունն անգամ չեք հիշում։ Կամ՝ ինչո՞վ է Հրայր Թովմասյանն ավելի «նախկին», քան Արթուր Դավթյանը, Դավիթ Տոնոյանը կամ Ֆելիքս Ցոլակյանը։ Հետաքրքրվում էին, թե այդ ի՞նչ օրինագծեր ու որոշումներ եք ուզում անցկացնել Սահմանադրական դատարանով, որ ձեզ հույժ անհրաժեշտ է յուրայիններից կազմված ՍԴ։ Կամ՝ փորձում էին հասկանալ, թե ինչ է նշանակում «ՍԴ ճգնաժամ», եւ ինչպես է արտահայտվում ժողովրդի ցանկությունը՝ «ազատվելու ՍԴ կազմից», ինչը շարունակ վկայակոչում է իշխանությունը։ Բայց գրիչի, ՀԴՄ-ների եւ այլ պատմություններից հետո հասկանալի դարձավ, որ անիմաստ են ինչպես այս հարցերը, այնպես էլ իշխանություններից մեր ակնկալիքները։ Մի իշխանություն, որը խոսում է համերաշխությունից, բայց ամենօրյա ռեժիմով ելույթներ է ունենում «շնաբարո դուրսպրծուկների վնգստոցների» մասին, կորցրել է կապն իրականության եւ բարոյականության հետ։