Ծխախոտի արգելումը կարող է միլիոնավոր կյանքեր փրկել․ գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ աշխարհում ծխախոտի եւ ծխախոտային պարագաների արգելումը կարող է տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք փրկել։ Այս մասին հայտնում է The Lancet Public Health գիտական հանդեսը։ Իրենց հետազոտության ընթացքում, մասնագետները մոդելավորել են «առանց ծխախոտի սերունդը», տեսականորեն ներառելով այդ «սերնդի» մեջ 2006 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածներին։
Հետազոտության հիմքում ծխախոտի գլոբալ արգելումն է եւ «առանց ծխախոտ» պայմաններում մարդկանց մահացության վիճակագրության ուսումնասիրությունը աշխարհի 185 երկրում։ Եւ ահա, հետազոտությունները պարզել են, որ եթե աշխարհում հաստատվի «առանց ծխախոտ» ռեժիմը, ապա տարեկան 1,1 միլիոն մարդու մահ հնարավոր կլինի կանխել։ Այդ մարդիկ, եթե ծխեին, ապա ամենայն հավանականությամբ, կունենային թոքերի քաղցկեղ։ Սա, ըստ մասնագետների ահռելի մեծ թիվ է։ Բացի այդ, թոքերի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդությունների շարքում ախտորոշման վիճակագրությամբ երկրորդ ամենահաճախ պատահողն է։ Աշխարհում ամեն տարի թոքերի քաղցկեղից մահանում է 1,8 միլիոն մարդ։ Թոքերի քաղկեղի առաջացման հիմնական պատճառը, ըստ մասնագետների, համարվում է ծխելը։ ԱՀԿ տվյալներով, եթե ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի սպառման ներկա ծավալները պահպանվեն, ապա արդեն 2030 թվականին, դրա պատճառով մարդկանց մահացությունը կկազմի տարեկան 8 միլիոն մարդ։
Կարծիքներ