Ատեստավորման արդյունքում ովքեր կստանան հավելավճար

Ատեստավորման արդյունքում ովքեր կստանան հավելավճար

Մայիսի 3-ից մեկնարկել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումների ընդունման գործընթացը: Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացը վերաբերելու է 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներին: Ինչպես իր խոսքում նկատել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, կամավոր ատեստավորումը ենթադրում է փուլային ներդրում, եւ կախված առաջին փուլի արդյունքներից՝ հետագայում կքննարկվեն դրա հնարավոր լրամշակումը եւ որոշ խմբերի ուսուցիչների համար այն պարտադիր դիտարկելու հնարավորությունը:

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու գործընթացը պարզեցվել է. ավելորդ որեւէ փաստաթուղթ չի պահանջվում՝ ԿԳՄՍ նախարարի անունով դիմում, դպրոցից տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն ուսուցչի դասավանդած առարկան, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը եւ գտնվելու վայրը, ինչպես նաեւ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը: Մինչեւ մայիսի 31-ը հավակնորդները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն ինչպես առձեռն, այնպես էլ էլեկտրոնային փոստով: Մինչեւ օգոստոսի 20-ը ԳԹԿ-ի միջոցով կհրապարակվի ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգման ժամանակացույցը: Կախված դիմումների քանակից՝ Երեւանում, գուցե նաեւ մարզերում գիտելիքների ստուգման կենտրոններ ունենալու վերաբերյալ որոշում կկայացվի, որպեսզի հենց տեղերում գործընթացը կազմակերպվի: Սեպտեմբերին կկազմակերպվի գիտելիքների ստուգման բուն գործընթացը, որի արդյունքներով 90 տոկոս եւ ավելի միավոր ստացած ուսուցիչները կստանան 50 տոկոս, իսկ 80-89 տոկոս միավոր հավաքածները՝ 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա:

«Մինչեւ 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի, սակայն նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց, որպեսզի հավաստիանանք՝ արդյո՞ք այդ ընթացքում նա աշխատել է իր վերապատրաստման ուղղությամբ եւ նվազագույն մակարդակ ապահովել: Եթե դրանից հետո էլ արդյունքը բավարար չլինի, հնարավոր է որոշում կայացվի այդ ուսուցչի հետագա պաշտոնավարման վերաբերյալ: Մեր նախնական գնահատականով՝ ակնկալում ենք 2 հազարից ավելի դիմումներ, որոնցից 1500-ից ավելի ուսուցիչներ կկարողանան անցնել ատեստավորումը եւ մինչեւ տարեվերջ ստանալ հավելավճար: Ամեն օր ստանում ենք շուրջ 10 դիմում. կարծում եմ, որ վերջին օրերին ակտիվությունն ավելի կմեծանա»,- նշել է փոխնախարարը:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում ԳԹԿ-ն կհրապարակի կոնկրետ առարկաների գծով գրականության ցանկերը. կլինեն նաեւ որոշակի ուղեցույցներ, որոնք պատկերացում կտան, թե ինչպիսի հարցեր եւ պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Կամավոր ատեստավորումը չի ենթադրում վերապատրաստում. ըստ փոխնախարարի՝ գիտելիքների ստուգման ժամանակացույցը կազմվել է այնպես, որ ուսուցիչը պատրաստվելու բավարար ժամանակ ունենա:

Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա այս գործընթացը վերջին երկու տարվա ընթացքում չի իրականացվել, քանի որ դրա համար պատասխանատու հիմնական մարմինը՝ Կրթության ազգային ինստիտուտը, լուծարվել էր։ «Ներկայում մենք վերսկսում ենք գործընթացը. կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, որն այս գործընթացի նորամուծություններից է, դպրոցները նշում են ատեստավորման ենթակա ուսուցիչների տվյալները, որի հիման վրա ձեւավորվում է համապատասխան ցանկ: Պարտադիր ատեստավորման դեպքում պարտադիր է նաեւ վերապատրաստումը, որն իրականացվում է պետբյուջեի հատկացումներով: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ մենք ապահովել ենք մրցակցային դաշտ. կընտրվեն երաշխավորված տարբեր կազմակերպություններ, եւ ուսուցիչն ընտրության հնարավորություն կստանա: Արդեն ստացել ենք մի քանի տասնյակ դիմումներ, որոնց թվում են ե՛ւ դպրոցներ, ե՛ւ ուսուցչական կազմակերպություններ, ե՛ւ բուհեր»,- նշել է Անդրեասյանը:

Պարտադիր ատեստավորման փոփոխություններից է նաեւ այն, որ հետայսու ուսուցիչները հնարավորություն կստանան դասընթացների միջոցով ինքնուրույն կուտակել կրեդիտներ, որոնք նույնպես երաշխավորվելու են: Իսկ այն ուսուցիչները, որոնք ինքնուրույն հավաքել են ատեստավորման համար անհրաժեշտ առնվազն 9 կրեդիտ, կարող են ավտոմատ ատեստավորվել: