Ինչո՞ւ է թանկացել ալյուրը. «ալյուրի արքաները» շարունակո՞ւմ են գռփել՝ հանուն ազգի

Ինչո՞ւ է թանկացել ալյուրը. «ալյուրի արքաները» շարունակո՞ւմ են գռփել՝ հանուն ազգի

Երբ ԱԺ-ում քննարկվում էր հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը, իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց վարչապետին. «Արդյոք պետությունը որեւէ կերպ վերահսկո՞ւմ է կամ պատրաստվո՞ւմ է միջամտել տնտեսվարողների կողմից վարվող գնային քաղաքականությանը, քանի որ երեկվանից տարբեր խանութներում գնաճ է նկատվում՝ սպիրտի եւ առաջնային սպառման ապրանքների»: Վարչապետ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պայքարում է այդ երեւույթի դեմ: Բայց, իմ կարծիքով, գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը կարող ենք մենք՝ սպառողներս վարել, երբ որ ի վերջո պայմանավորվենք, որ այսպես խուճապային գնումներ չենք իրականացնում»:

Վարչապետին հարց ուղղեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը. «Արդյոք օբյեկտի՞վ է, որ 400-450 դրամանոց սպիրտը երեկ եւ այսօր սուպերմարկետներում վաճառվում է 3 հազար 460 դրամով, եւ վարչապետը չի՞ կարծում, որ այստեղ ՏՄՊՊՀ-ն լուրջ գործառույթ ունի իրականացնելու, թե՞ այս թանկացումն էլ է տրամաբանականների շարքից»։ Հիշեցնելով նաեւ, որ իր նախորդ ելույթներից մեկում վարչապետն ասել էր, թե տրամաբանական է, որ դիմակի գինը թանկացել է: Վարչապետը պատասխանեց. «Գինը առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցություն է, եւ շատ դեպքերում մենք մեր վարքագծով ենք շուկայի գինը ձեւավորում․․. Եթե իմ խանութում կա 5 բաժակ, ու այդ 5 բաժակի հետեւից եկել է 100 հոգի, տրամաբանական է, որ գինը 100 անգամ կավելանա, իսկ եթե ունեմ 5 բաժակ, որի հետեւից եկել է 4 հոգի, տրամաբանական է, որ գինը չի փոխվի։ Ես արդարացված ասելով՝ դա նկատի ունեմ»: 

Այսինքն, վարչապետն այս իրավիճակում գործարարների լայն բացված ախորժակի մեղքն ուզում է բարդել շարքային սպառողի վրա, թե նա է մեղավոր, որ խելքից դուրս առեւտուր է անում: Իհարկե, կան մարդիկ, ովքեր անում են անտրամաբանական գնումներ, բայց, երբ մարդն իր ընտանիքն անորոշությունից ու սովից ապահովագրելու համար որոշ գնումներ է կատարում, դա չի արդարացնում գնի բարձրացումը, դա ընդամենը խոսում է որոշ գործարարների անզուսպ ախորժակի մասին: Մենք՝ հայերս, տեսել ենք շրջափակում, սով, հացի հերթեր, կտրոնով հաց, ուստի, ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում: Որքան էլ վարչապետը հավաստիացնի, որ Հայաստանում պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի առաջանա, ներքին վախը մղում է մարդկանց պարեն պահեստավորել, քանի որ հայտնի չէ, թե ինչ կլինի մեկ ամիս հետո: Ուստի, ճիշտ չէ գների բարձրացման մեղքը բարդել շարքային քաղաքացիների վրա: Երկրում, հատկապես արտակարգ դրության պայմաններում, պետական այրերը պարտավոր են ապահովել հստակ գնային քաղաքականություն, զսպել անհարկի թանկացումներն ու որոշ գործարարների ախորժակը: 

Վերջին շաբաթվա ընթացքում Մասիսի տարածաշրջանի մանրածախ ու մեծածախ որոշ կետերում ալյուրի գինը զգալիորեն բարձրացել է. 50 կգ-անոց Բաղրամյանի ալյուրը, որը նախկինում վաճառվում էր 10 հազար 500 դրամով, դարձել է 12 հազար դրամ: Մեկ կգ-անոց ալյուրի տուփի արժեքը բարձրացել է 150 դրամով, 10 կգ-անոց ալյուրը վաճառվում է 3 հազար դրամով: Մյուս ալրաղացների ալյուրի գներն էլ են բարձրացել: Հարցին, թե ինչու է թանկացել ալյուրը, վաճառողներից մեկը պատասխանեց, որ իրենք էլ են թանկ գնում: Իսկ թե իրականում ով է թանկացրել ալյուրը՝ վերավաճառողնե՞րը, թե՞ արտադրողները, կարող է բացահայտել ՏՄՊՊՀ-ն: Վաճառքի կետերում բացակայում են նախկին ցուցանակները, որտեղ հստակ նշված էր, թե որ ալյուրն ինչ արժեր: 

Հիշեցնենք, որ Հայաստանում ալյուրի բիզնեսը երկար տարիներ կառավարում եւ գին է թելադրում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Բաղրամյանի ալրաղաց գործարանը: Ժամանակին, դեռեւս «սեւերի» իշխանության տարիներին, գործարարները բողոքում էին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դարձել է ալյուր ներկրողների ահուսարսափը, բոլոր լծակները գործի է դրել, որ «բացահայտի» «դավաճաններին» ու խոչընդոտներ ստեղծի Ռուսաստանից էժան գնով ալյուր ներկրողների ճանապարհին: Նրանք ասում էին, որ ապրանքը մաքսակետ հասնելուն պես անմիջապես այդ մասին տեղեկացնում են Ալեքսանյանին, որն էլ արագ քայլեր է ձեռնարկում։ Դեռեւս 2016-ին Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է. «Մեր ունեցած խիստ հավաստի տեղեկություններով, անցած շաբաթ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում ընթրիքի է հրավիրել բոլոր այն գործարարներին, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել ալյուրի ներկրմամբ։ Ճոխ սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ալեքսանյանը հայտնել Է գործարարներին, որ այսուհետ «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Ալեքսանյանը միանգամից նշել է, որ այդ «խորհուրդը» տալիս է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ կատարում է երկրի բարձր իշխանության պահանջով… Հիմա մոտենանք խնդրին փաստերով, տեսնենք, թե հանուն ինչի այլեւս «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում ալյուրի հիմնական արտադրողը Բաղրամյանի ալյուրի գործարանն է, որն ուղղակի կամ միջնորդավորված պատկանում է հենց Ալեքսանյանին։ Այսինքն, Ռուսաստանից Էժան ալյուր ներկրելն ուղղակի հարվածում է հատկապես Ալեքսանյանին»: Այնուհետեւ, թվաբանական վերլուծություն անելով, թերթը գրել էր. «…ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամը 60-70 դրամով թանկ վաճառելու շնորհիվ «ալյուրի արքաները» գռփում են մոտ 20 միլիարդ դրամ կամ մոտ 40 միլիոն դոլար։ …Իսկ եթե հաշվի առնենք, որ ալյուր են օգտագործում նաեւ հրուշակեղենի, մակարոնեղենի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները եւ նաեւ տնային տնտեսուհիները, ապա գռփված գումարը կկազմի տարեկան մոտ 60-65 միլիոն դոլար։ Գռփել ու գռփելու են. իհարկե, հանուն ազգի, հանուն հայրենիքի, հանուն երկրի անվտանգության...»: 

Այս ամենից կարելի է հետեւություն անել, որ թերթի նախկին խմբագիր Փաշինյանը, ով արդեն վարչապետ է, լսելով ալյուրի գնի բարձրացման մասին, անմիջապես աչքի առաջ կունենա «ալյուրի արքա» «Լֆիկ Սամոյին», ինչպես գրել էր ժամանակին: Այլ հարց է, թե նա որքանով կցանկանա զսպել «ալյուրի արքայի» գռփելու ախորժակը, քանի որ վերջինիս եւ վարչապետի հարաբերություններն իշխանափոխությունից հետո դարձել են շաքար-շոկոլադե: Իսկ երբեմնի քրեաօլիգարխ Ալեքսանյանն էլ դարձել է խոշոր սեփականատեր: Ի դեպ, երբ ամբողջ մայրաքաղաքը տեսնում էր, համացանցն էլ ողողված էր տեսանյութերով ու լուսանկարներով, թե ինչպես են «Երեւան սիթի» ցանցի ապրանքները հաճախորդները սրբում-տանում, վարչապետը որտեղից որտեղ լուսանկարներ էր ստանում, թե այդ խանութների ցանցում ամեն ինչ բնականոն հունով է ընթանում, ցուցափեղկերն առաջվա նման լիքն են: Հավանաբար, Փաշինյանը չի ուզում, որ չար աչք կպնի Ալեքսանյանի ծաղկող բիզնեսին, կամ որ նրանից ավել հարկեր գանձվեն… 

Ինչեւէ, ալյուրը թանկացել է, եւ դա փաստ է: Փաստորեն, երբ փոքրիկ Հայաստանը կանգնած է մեծ մարտահրավերի առաջ, պայքարում է մահաբեր վիրուսի դեմ, երբ երկրագունդն անհանգիստ է, աշխարհն աղոթում է հիվանդների համար, որոշ մարդիկ մտածում են միայն հարստանալու մասին, առանց մտահոգվելու, որ այս մահաբեր հիվանդության ուղտն իրենց դռանն էլ կարող է չոքել: Սա նման է այն իրավիճակին, երբ երկրաշարժից հետո հայերը մի բռունցք էին դարձել եւ օգնում էին իրար, որ դուրս գան շինարարական եւ հոգեբանական փլատակներից, ոմանք զբաղված էին դիակապտությամբ. աղետի գոտում դիակների վրայից գողանում էին ոսկեղեն, զարդեր…