Այս «վճռականությամբ» էլ մեզ հետ են կանչում հայրենիք,նախընտրում ենք՝մեր գիտեցած գելը մեզ ուտի. Վալենսիայի հայ համայնքի նախագահ

Այս «վճռականությամբ» էլ մեզ հետ են կանչում հայրենիք,նախընտրում ենք՝մեր գիտեցած գելը մեզ ուտի. Վալենսիայի հայ համայնքի նախագահ

Երեկ Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը բուռն քննարկման թեմա է դարձել: Հիշեցնենք, որ միջոցառումը առանց միջադեպի չի անցել։ Ներկայացումը  ուղեկցվել է մի քանի անձանց «ամոթ,ամոթ» վանկարկումներով։ Ներկաներից ոմանք համարում են,որ այն սատանիզմի դրսևորում էր եւ արվեստի հետ որևէ աղերս չունեցող անհասկանալի մի բան :Համացանցում հատկապես քննարկվում է փաստը,որ այն ԿԳՍՄ  նախարար Արայիկ Հարությունյանի հովանու ներքո է անցկացվել: Նախարարի դեմ անգամ օնլայն տիրույթում ստորագրահավաք է սկսվել:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը նույնպես, մեղմ ասած,հիասթափված է երեկվա ներկայացումից: 

 «Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանում ինչ-որ մեկն անընդհատ շշնջում է պատասխանատվություն կրողներից ոմանց ականջներին, թե դուք պետք է զարգանաք և Եվրոպա դառնաք։ Իսկ այդ պատասխանատուներն էլ, իրենց հերթին, կարծես թե Եվրոպայում միայն տեսնում ու նկատում են գեյ շքահանդեսները, միասեռական ամուսնություններն ու նուդիստների անիմաստ հեծանվավազքերը։ Սակայն... սա՞ է իրականում Եվրոպան, և սա՞ պետք է կրկնօրինակենք հին աշխարհից։ Իհարկե, ոչ... Իրականում Եվրոպան այնքան մեծ աշխարհաքաղաքական և սոցիալ_մշակութային հասկացություն է և այնքան լավ արժեքներ ունի՝ արժանի ընդօրինակելու և ընդունելու, որ վերոհիշյալ անհեթեթությունները զավեշտ կթվան հենց նույնիսկ իրենց իսկ հասարակության մեջ։ Այդ արժեքները երբեք չեն խաթարի մեր ազգային արժեքների բնականոն ընթացքն ու զարգացումը, և, ընդհակառակը, կնպաստեն վերջիններիս համաշխարհային ճանաչմանը։ Այդուհանդերձ, չգիտես ինչու, նոր կոչվող Հայաստանում ոմանք ազատությունը շփոթում են ազատականության հետ՝ փորձելով քարոզել այն, ինչը նրանց չստացված կյանքում ինքնահաստատվելու իրավունք կարող է տալ։ Եվ առավել ցավալին այն է, որ նման խեղաթյուրումները հովանավորում են գտնում քաղաքականության մեջ և նույնիսկ կառավարության ներսում։ Ու թեև գուցե շատերը նույն իշխանություններում կողմնակից չեն հակամարդկային նման խեղումների տարածմանը Հայաստանում, այդուհանդերձ, չեն համարձակվում հակազդել դրանց՝ Արևմուտքի աչքին զարգացած երևալու և գումարներից չզրկվելու համար»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա՝ ընդգծելով,որ եթե նման  սխալ ճանապարհով Եվրոպա  դառնաք, այլևս ի՞նչ ենք տալու նույն Եվրոպային, ինչը   կհիացնի ու կզարմացնի  նրանց։ «Չեմ կարծում, որ անցած ժողովրդավար ընտրություններին «Իմ քայլ»-ին  ձայն տված 884.864 Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սատանիստ են կամ կողմ են այս հերյուրանքն արվեստ կոչելու։ Նաև ուզում եմ հավատալ, որ նրանց ներկայացնող 88 պատգամավորների գոնե գերակշռող մեծամասնությունը դեմ է նման ապազգային, ապադաստիարակչական և հակապետական երևույթներին։ Խորապես համոզված եմ, որ այդ ֆրակցիայի իմ ծանոթ պատգամավորներն ու պաշտոնյաները նույնպես դեմ են ազգային արժեքները խեղաթյուրող նման դրսևորումներին՝ հասկանալի պատճառներով լռելով սխալի առաջ։ Թեև, չեմ հասկանում և ընդունում նրանց լռությունը ժողովրդավար կոչվող նոր Հայաստանում։ Լավ, բա մենք ինչո՞վ պիտի տարբերվենք բարոյական արժեքները կորցրած շատ ազգերից՝ առավել ցայտուն անբարոյականությա՞մբ։ Հավատացեք, դրանով չենք զարմացնի ամեն ինչի միջով անցած և աչքաբաց Արևմուտքին։ Հաճախ գովասանքներ են հնչում այն խոսքերի համար, որոնք հնչել էին վարչապետի կողմից Եվրոպայի դեմքին՝ «Մենք ողորմություն խնդրող չենք, մենք ճորտ չենք»։ Ես ինքս բազմիցս գովեստի խոսքեր եմ հնչեցրել այս կապակցությամբ՝ հպարտանալով, որ վերջապես վիզներս չենք ճկում աշխարհի առաջ։ Սակայն, եթե դա այդպես է, ինչու՞, օրինակ, մենք չենք կարող նույն Եվրոպային պարտադրել՝ շարժվել մեր սկզբունքներով և ընդունել մեր արժեքները։ Հիշեցի եվրոպացի գիտնականներից մեկի նշանավոր խոսքը՝ «Եվրոպայի դժբախտությունը սկսվեց այն ժամանակ, երբ նա ընդունեց հռոմեական մշակույթը՝ հայկականի փոխարեն»։

Ահա, այս «վճռականությամբ» էլ մեզ հետ են կանչում Հայրենիք, փորձում են խթանել ներգաղթը։ Է՜հ, եղբայր, եթե մենք Եվրոպայից պիտի գանք խեղաթյուրված ու չստացված «Եվրոպա», ապա նախընտրում ենք մեր իմացած Եվրոպան։ Ինչպես ասում են, «մեր գիտեցած գելը թող մեզ ուտի»: Մենք էլ ինչու՞ ենք պայքարում հայ ինքնության պահպանման համար։ Լավ չի՞ լինի հայկական ազգանուններն էլ ջնջել ու ձուլվել "զարգացած" եվրոպացիներին։ Մե՞նք ինչու պիտի զոհաբերենք բառիս բուն իմաստով ամեն ինչ՝ հայ մնալու համար։»,-փոքր-ինչ բարկացած ասաց  մեր զրուցակիցը՝ հիշեցնելով.« Ի դեպ, այս տարի լրացավ մեր՝ Իսպանիայի թագավորությունում առաջին հայկական կազմակերպության 15_ամյակը, և ո՜չ կառավարությունից և ո՜չ էլ հայաստանյան որևէ կառույցից շնորհավորանք չստացանք։ Իսկ նախկին կաշառակեր ռեժիմը, նույնիսկ, վայրկյան անգամ չէր ուշացնում նման առիթները նշելու և շնորհավորելու համար։ Այս մասին հայտնել եմ իմ ծանոթ պատգամավորներին, հենց վարչապետին և նրա տիկնոջը (վերջիններս կարդացել են նամակը) »։