Հրամանատարը փախել է ՝ զորքին թողնելով մսաղացի մեջ

Հրամանատարը փախել է ՝ զորքին թողնելով մսաղացի մեջ

Պատերազմ մեկնած քիմիական զորամասի (ռադիացիոն, քիմիական պաշտպանության զորքեր) պայմանագրային զինծառայողների հարազատները հոկտեմբերի 20-ից լուր չունեն նրանցից։ Հեռախոսային վերջին խոսակցությունը, որ զինվորներից մի քանիսն ունեցել են ընտանիքի անդամների հետ, հենց այդ օրն է եղել։ Թիկունքի պետ Արմեն Բադեյանի կինը՝ Սյուզի Ղուկասյանը, իմացել է, որ հոկտեմբերի լույս 21-ի գիշերը զորքը պետք է գնա ինչ-որ առաջադրանք կատարելու։ Ամուսինը մանրամասներ, բնականաբար, չի հայտնել։ Սպայի կինն այդ մանրամասներն իմացել է ավելի ուշ՝ զորախմբի այլ ծառայակիցներից, որոնք հիմա Հայաստանում են։

Սյուզի Ղուկասյանի փոխանցմամբ՝ Զանգելանում (Կովսական), որտեղ ջոկատն ինչ-ինչ գործողություններ պետք է կատարեր, ընկել է շրջափակման մեջ։ «Մինչեւ գնալը ռազվեդկան իրենց ասել է, թե այդ տարածքում մի քանի թուրք կա, պետք է գիշերով գնան, մաքրեն ու հետ գան։ Իրենք էլ գնացել են, բայց տեղ չհասած՝ընկել են մսաղացի մեջ։ Հրամանատարն ու իր տեղակալները փախել են։ Ամուսինս միակ սպան է եղել, որ մնացել ու զինվորների հետ թուրքի դեմ կռիվ է տվել։ Սա է ամբողջը, ինչ իմացել եմ փրկվածներից»,-ասում է Սյուզին, ով մինչեւ այսօր ամուսնուց որեւէ տեղեկություն չունի։

Շավարշ Ավդալյանը նույնպես «քիմիկների» զորախմբում է եղել։ Շավարշի եղբայրը՝ Կարենը եւս լուր չունի նրանից։ Զարմանում է, թե ոնց են «քիմիկների» ստորաբաժանման զինվորներին մարտական գործողությունների տարել, եթե իրենց գործը ոչ թե կռվելն է, այլ հետազոտական աշխատանքներ կատարելը։ «Մեր տղաները նույնիսկ զրահաբաճկոններ ու կասկաներ չեն ունեցել։ Ունեցածները մեկ ավտոմատ ու չորս մագազին է եղել, նույնիսկ զապաս պատրոն չեն տվել, իսկ վայրը, ուր պիտի գնային, չեն էլ հասել։ Հետախուզությունն այնքան վատ է աշխատել, որ մի կետից մյուսը հասնելու փոխարեն միջանկյալ հատվածում ընկել են թուրքի ձեռքը»։
«Քիմիկների» ջոկատը մարտական առաջադրանք կատարելու է գնացել ավտոբուսներով։ Եղբորը փնտրող Կարենը զարմանում է՝ ինչո՞ւ ոչ զինվորական մեքենաներով, այլ՝ ավտոբուսով։ «Ո՞վ է տեսել ավտոբուսով կռիվ գնան․․․»,- հարցնում է նա։

Եղբորը՝ Ռուբեն Ալեքսանյանին են փնտրում եղբայրն ու ողջ ընտանիքը։ Անհետ կորած զինվորի քույրը՝ Սիրանուշը, ասում է, որ պաշտպանության նախարարությունում նույնիսկ զարմացել են՝ իմանալով, որ քիմիական ստորաբաժանման զինվորներին Կապանի զորամասից տեղափոխել են Զանգելան։ Սիրանուշի փոխանցմամբ՝ ՊՆ-ում տեղյակ չեն, թե ով է տեղափոխման հրաման տվել։ Անհետ կորած Սամվել Փիրոյանի մայրն էլ՝ Սոֆյա Գալստյանը, պատմում է, որ շուրջ մեկ շաբաթ առաջ զանգել է որդուն, ինչ-որ կին է պատասխանել։ «Ալո, ալո ասաց ու անջատեց հեռախոսը։ Դրանից հետո դարձավ անհասանելի։ Հիմա փնտրում եմ մեկին, ով ինձ կասի՝ ո՞ղջ է որդիս, թե՞ ոչ․․․»։

Քիմիական ստորաբաժանման երեք տասնյակից ավելի զինվորների ու մեկ սպայի ճակատագիրը մեկ ամիս է՝ անհայտ է։ Կորած զինծառայողների ազգականներին զարմացրել է հրամանատարի՝ սպային ոչ հարիր պահվածքը․ բավական չէ՝ կռվի մեջ զորքին թողել-փախել է, դեռ չի էլ փորձել ավելի ուշ հետ գնալ, օգնել։ «Կապանից Զանգելան 45 րոպեի ճանապարհ է։ Էդ փախած հրամանատարը, որ սեփական կաշին է փրկել, կարող էր, չէ՞, Կապան՝ զորամաս հասնելուն պես տեղում գտնվողներից խումբ հավաքել ու գնալ տղերքին օգնության։ Բայց չի արել․․․»,- ասում է անհետ կորած զինծառայող Շավարշ Ավդալյանի եղբայրը։

Իսկ սպա Արմեն Բադեյանի կնոջ՝ Սյուզիի ասելով՝ շրջափակման մեջ հայտնվածների մեջ մարդիկ են եղել, որ զանգել, ռազմական ղեկավարությանը հայտնել են իրենց գտնվելու վայրի մասին ու խնդրել օգնության հասնել։ «Պատկերացնո՞ւմ եք՝ իմանալով, որ այնտեղ ողջ մնացածներ կան, ոչինչ չեն ձեռնարկել։ Իսկ փախած-փրկված հրամանատարը չի էլ իմանում, թե զոհվածներն ովքեր են»։
Անհետ կորած զինծառայողների ծնողները փրկված հրամանատարին հանդիպել չեն կարողանում․ խուսափում է։ Նրանց չի ընդունում նաեւ քիմիական զորամասի հրամանատարը։ Ծնողներին լսելու խիզախություն է ունեցել միայն զորամասի նախկին հրամանատար Յուրա Դանիելյանը, ու հանդիպումն այդքանով ավարտվել է։ Կորած զինծառայողների հարազատները դռնեդուռ են ընկել՝ իրենց զավակների մասին մի լուր իմանալու ակնկալիքով։