Առաջին մրցույթում հաղթած թեկնածուն նշանակվեց ԲԿ-ի տնօրեն

Առաջին մրցույթում հաղթած թեկնածուն նշանակվեց ԲԿ-ի տնօրեն

«Հրապարակն» անդրադարձել էր «Իջեւան» բժշկական կենտրոնի տնօրենի համար հուժկու պայքարին ու մրցույթներին: Հիշեցնենք, որ այս ԲԿ-ում վերջին տարիներին պարբերաբար փոխվում են տնօրենները. 6 տարում ունեցել է 7 տնօրեն: Իսկ վերջին տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը պաշտոնից ազատվել է իշխանափոխությունից հետո: Տնօրենի թափուր հաստիքի համար 01.10.2019-ին անցկացված մրցույթում 2 թեկնածուից հաղթեց Էդուարդ Գրիգորյանը: Մրցույթի մյուս մասնակից Վազգեն Մարգարյանը բողոքարկեց մրցույթի անցկացման կարգը: Ու թեեւ բողոքարկման հանձնաժողովը որեւէ խախտում չէր արձանագրել, մարզպետի հրամանով նոր մրցույթ հայտարարվեց: Նոր մրցույթում մրցակիցների թիվն ավելացել էր՝ դարձել չորսը: 4 թեկնածուից երեքը մրցութային հարցերին պատասխանել էին փայլուն: Իսկ Վազգեն Մարգարյանը, ըստ հանձնաժողովականների, մեկ հարցին սխալ էր պատասխանել: Բայց նա նորից էր բողոքարկել մրցույթի արդյունքները:

Իսկ այդ ընթացքում նախկին տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը, ով իր աշխատանքից ազատման հարցը բողոքարկել էր դատարանում, վերաքննիչ դատարանի վճռով վերականգնվեց պաշտոնին: Սակայն մարզպետ Հայկ Չոբանյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել: Իսկ ԲԿ-ի անձնակազմին օրերս ներկայացրել է արդեն իր կողմից նշանակված տնօրենին: Մարզպետը նշանակել է Էդուարդ Գրիգորյանին՝ առաջին մրցույթում հաղթած թեկնածուին: Այդ նշանակումից դժգոհ Ռուզաննա Գրիգորյանը դիմել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, որն իր ֆեյսբուքյան գրառման մեջ  զետեղել է նամակի բովանդակությունը. «Ձեզ գրում եմ, որովհետեւ տեսնում եմ, թե ինչքան սրտացավ եք ժողովրդին հուզող իրական խնդիրների հանդեպ։ Չեմ ակնկալում, որ իմ խնդրին կանդրադառնաք, բայց ուզում եմ տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում Իջեւանում։ Եթե վարչապետի ծննդավայրում է այս իրավիճակը, պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում մնացած մարզերում։ Ես 2016 թ․-ին մրցույթով ընտրվել եմ որպես Իջեւանի ԲԿ-ի տնօրեն։ Իշխանափոխությունից հետո նախկին մարզպետ Վահե Ղալումյանը (հիմա՝ ԱԺ պատգամավոր) փորձեց ինձ ազատել աշխատանքից (չգիտեմ՝ որպես ղարաբաղցի՞, որպես հանրապետակա՞ն, թե՞ պարզապես իրենց համար անցանկալի թեկնածու), չհասցրեց, հեշտ կուլ չգնացի։ Ասեմ, որ իմ աշխատած ժամանակահատվածում փակվել է հիվանդանոցի շուրջ 30 մլն պարտքը, եւ առհասարակ բժշկական կազմակերպությունների գնահատման որակական ցուցանիշներով առաջընթաց ենք ունեցել։

Ընտրություններից հետո նոր մարզպետը դեռ չտեղավորված, ազատեց ինձ աշխատանքից (իհարկե՝ իմ դիմումի համաձայն) տարբերակով՝ խոստանալով ապահովել աշխատանքով։ Հասկացա, որ խաբում են, օգտվեցի երեքօրյա իմ իրավունքից (դիմումս հետ վերցնելու), սակայն մասնագիտական աշխատանքն էլ շատ համարեցին։ Ես դիմեցի դատարան։ 1-ին ատյանի եւ վերաքննիչի կողմից որոշում է կայացվել վերականգնել աշխատանքի եւ փոխհատուցել։ Հիմա էլ վճռաբեկ են ուզում դիմեն, չնայած գիտեն, որ վարույթ անգամ կարող է չընդունեն։ Այս ժամանակահատվածում ինձ վեթինգի են ենթարկել ոտից գլուխ, սպառնացել, քրեական գործեր վերաբացել իմ ընկեր կոլեգաների վրա, եթե ես չհրաժարվեմ հայցից։ Հռետորական հարց է առաջանում՝ պատկան մարմինները չգիտե՞ն ինչ է կատարվում այստեղ։ Ես իմ իրավունքները կպաշտպանեմ իրավական ճանապարհով մինչեւ վերջ՝ անցնելով այդ դժվար ճանապարհը։ Ահա թե ինչպես են վերաբերվում 25 տարվա մարզում աշխատած մասնագետի հետ։ Հետաքրքիր է, ինչպես կարելի է վատնել պետական բյուջեն, այս ամենը ներկայացնել գեղեցիկ փաթեթավորումով վարչապետին ու պատասխանատվության չենթարկվել։ Խորապես մտահոգված եմ անարդարության այս մթնոլորտից, այնինչ բոլորս պայքարել ենք հենց արդարության համար։ Շնորհակալ եմ, որ անդրադարձաք ինձ եւս շատ հուզող ժողովրդագրական խնդիրներին։ Չգիտեմ՝ ելք կա, թե չէ, բայց հույս կա՝ Ձեր եւ մնացած պայքարողների շնորհիվ»: