Փնթի նախաքննություն․ դատում են ոչ թե մեղավորներին, այլ՝ ցուցարարներին

Փնթի նախաքննություն․ դատում են ոչ թե մեղավորներին, այլ՝ ցուցարարներին

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների գործով դատավարությունը մեկնարկել է մոտ 2 ամիս առաջ․ այս գործով մեղադրանք էր առաջադրվել ոչ թե խաղաղ ցուցարարների վրա անթույլատրելի զենք կիրառած ոստիկանների եւ պաշտոնյաների նկատմամբ, այլ՝ 16 ցուցարարի: Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ Նախկինում 4 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բանտային կալանքը, 8-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, եւս 2-ի՝ բացակայելու արգելքը: 

Գործով մեղադրյալներից մի քանիսի պաշտպանն Արսեն Բաբայանն է։ Նա «Հրապարակ»-ին ասաց՝ կալանքի տակ այժմ ոչ մի մեղադրյալ չկա, խափանման միջոցներից ընտրված է վարչական հսկողությունը․ «Այս պահին բոլորը վարչական են»։ 

Այս գործով որեւէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի, մինչդեռ հիշում ենք, թե ոստիկանությունն այդ օրն ինչ հատուկ միջոցներ էր կիրառել խաղաղ, անզեն ցույցի մասնակիցների նկատմամբ, ոչ պաշտոնական տվյալներով, ՆԳՆ լուսաձայնային նռնակներ էր կիրառել՝ այդ պահին արգելված «Զարյա 3»։ 

Բաբայանն ասում է՝ տեսանյութ է ուղարկել նախաքննական մարմնին, որպեսզի ուսումնասիրեն, տեսնեն՝ ով ինչ է անում, բայց շարժ չկա․ «Ես տուժողներից Աշոտ Հարությունյանի պաշտպանն եմ, տեսանյութը, որպես ապացույց, ուղարկել եմ, որպեսզի գնահատեն անձանց գործողությունները, սակայն որեւէ շարժ չկա»։ 

Ըստ Բաբայանի՝ ափալ-թափալ նախաքննություն է տեղի ունեցել․ «Փնթի նախաքննություն է տեղի ունեցել, ապացույցների ձեռքբերումները, ամբողջ այդ պրոցեսները, բազմաթիվ թերություններ կան, որոնք մենք ընթացքում կվկայակոչենք»։

Հիշեցնենք նաեւ, որ այդ օրերին տարբեր կուսակցություններ, մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ ու հանրային գործիչներ հայտարարություններ էին տարածում՝ դատապարտելով ոստիկանների գործողությունները հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում։ ՀՀ գլխավոր դատախազությունից եւ ՀՀ քննչական կոմիտեից պահանջում էին անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել 2024 թ․ հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի մասնակիցների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ եւ բռնությունների գործադրման դեպքերով, իրականացնել անկախ, արդյունավետ քննություն եւ պատասխանատվության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին, ապահովել հանրության տեղեկացվածությունը ձեռնարկված քայլերի վերաբերյալ։ 

Արսեն Բաբայանին հարցրինք՝ գուցե ՀԿ-ների հայտարարությո՞ւնն է իրավապահների մոտ որեւէ բան փոխել։ «Բոլոր այդ հայտարարություններն անտեսված են, ինչպես ցանկացած ողջամիտ հայտարարություն, հաշվի առնելով, որ քաղաքական հետապնդում են իրականացնում այդ անձնավորությունների նկատմամբ, հետեւապես, որեւէ քննադատող կամ օբյեկտիվ քննադատություն չեն ընդունում»։ 

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրեց հատուկ միջոցների եւ ուժի կիրառմամբ, ինչի հետեւանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, որոնցից 57-ը, ըստ առողջապահության նախարարության, ստացել էր բեկորային վնասվածքներ։ Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, սակայն որեւէ ոստիկանի կամ ոստիկանության պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել։ Ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քրգործով դատական առաջին նիստին ներկա էր, սակայն դատարանի դահլիճ չէր մտել, հայտարարել էր, որ այս գործն ամբողջությամբ քաղաքական է։