Նիկոլը պատրաստվում է 2023-ի ընտրություններին

Նիկոլը պատրաստվում է 2023-ի ընտրություններին

Ընդդիմության եւ իշխանության միջեւ զինադադար է, ենթադրելի է՝ ժամանակավոր: Ընդդիմությանը չհաջողվեց Նիկոլին հեռացնել իր եկած ճանապարհով: Նույնիսկ այն դեպքում, որ ընդդիմությունը, բոլոր քաղաքական տարաձայնություններից վեր կանգնելով` միավորվեց եւ միասնական թեկնածու առաջադրեց: Պայմանն էր, որ ձեւավորելու է ժամանակավոր կառավարություն` ապահովելով երկրում կայունություն ու անվտանգություն, եւ կազմակերպելու է նոր ընտրություններ մեկ տարվա ընթացքում: Իսկ թեկնածուն պատահական կամ փնովված ու կոռումպացված մեկը չէ, Վազգեն Մանուկյանն է՝ իր կենսագրությամբ եւ անցած ճանապարհով: Բայց սա բավարար չէր, որպեսզի Նիկոլի օգտագործած միջոցները կիրառվեին, եւ գնար`  ինչպես եկել էր: Թվում էր, որ այդ միջոցների կարիքը չկար, քանի որ մենք կրել ենք խայտառակ պարտություն, կորցրել մեր երկրի մի մասը եւ մնացած մասի անվտանգությունը: Սպասելի էր, որ նման իրավիճակում պետք է ժողովուրդն ընդվզի հանուն իր անվտանգության եւ պետականության ապագայի: 

Ուսանողությունը, որ երկուսուկես տարի առաջ դուրս եկավ փողոց՝ հանուն սոցիալական արդարության, նույնը չարեց հիմա, երբ կորցրել ենք Արցախը, Սյունիքի անվտանգ դիրքերը եւ գրեթե մի ամբողջ սերունդ պատերազմում: Չձեւավորվեցին հանրային պահանջ ու ընդվզում` հակառակ դեկտեմբերին ընդդիմության հայտարարած գործադուլի եւ դասադուլի: Սրան չէր սպասում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը: Հաշվարկը սխալ էր: Նիկոլը դուրս եկավ բունկերից, ընդդիմությունն էլ թողեց հարթակը: Բայց հանուն արդարության նշենք, որ ժողովուրդը հաշտ ու խաղաղ չէ այս նոր իրավիճակի հետ, ինչպես իշխանությունն է կարծում` հանգստանալով եւ հօգուտ գրանցելով իր հաշվին: Պարզապես այս հոգեվիճակում մարդիկ անկարող են հանրային ընդվզման ու պայքարի: Բայց մռլտում են, հայհոյում, ձեռքները խփում գլխներին, թե էս ում բերեցինք իշխանության: Սա է վկայում փողոցներում պատահական ունեցած զրույցները: Թերեւս կան այս իշխանությունների այլընտրանքին կասկածողներ նույնպես: Բայց ունենք այն, ինչ ունենք. ամրացող իշխանություն, թուլացող ընդդիմություն եւ անկարող ժողովուրդ: 

Եթե դեկտեմբերին Նիկոլը հանդես եկավ արտահերթ ընտրությունների առաջարկով՝ որպես պատասխան ընդդիմության՝ իր հրաժարականի պահանջի, հիմա այդ պայմանի արդիականությունը չի տեսնում որպես ինքնապաշտպանություն: Հրապարակում մի վրան է մնացել ընդդիմությունից, թող գան, նստեն` ինչքան կուզեն: Պատրաստվում է 2023-ի հերթական ընտրություններին, անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք նիստ գումարել է թիմակիցների հետ այդ սրտապնդող առիթով, թե՞ ոչ: Իսկ որ տնտեսական անխուսափելի ճգնաժամը, թանկացումներն ու հավանական սովը ցնցում կառաջացնեն երկրում, եւ մարդիկ դուրս կգան փողոց, տրամաբանական է, բայց ոչ այդքան հուսալի այս հոգեվիճակում գտնվող մեր ժողովրդի համար: Այնքան կոտրված ենք, որ անգամ սովը իշխանափոխության հանրային պահանջ չի ձեւավորի: Մարդիկ ավելի շուտ կարտագաղթեն: Ցավոք, մինչեւ գարուն մենք չգիտենք, թե Նիկոլը քանի համաձայնագրի տակ կստորագրի, որոնք, հաստատ, չեն բխելու մեր ազգային, պետության ու պատականության շահերից, քանի որ ինքն ընդամենը գործիք է արդեն՝ անկախ իր կամքից կամ գուցե իր կամքով: Ադրբեջանի հետ ստորագրություններն ավարտելով՝ փոխանցվելու է Թուրքիայի հետ ստորագրելուն:

Տրամաբանական է, որ ընդդիմությունը նոր ռազմավարություն է մշակում, բայց առայժմ ժամկետն ու արդյունքի ակնկալիքը չեն երեւում: Իսկ ժողովրդին համախմբող նոր առաջնորդ միանգամից օդից չի ընկնելու: Հրաշքներ սիրող ժողովուրդ ենք, սպասենք հրաշքի կամ անակնկալի:

Հուսիկ Արա