«Հրապարակ». Տուրբուլենտության շրջանը Հայաստանի համար դեռ կշարունակվի

Մեկ օրվա տարբերությամբ, ՌԴ փոխարտգործնախարարն ու Կրեմլի խոսնակը մեսիջներ են ուղարկում Հայաստանի իշխանություններին:
Նախ՝ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պամանագիրը, որն այդպես էլ Բաքուն չի ստորագրում, քանի դեռ մինչեւ վերջին կաթիլը չի քամել Հայաստանից, «հապճեպ» է որակում: Ասում է, որ Ռուսաստանը երկարաժամկետ կայունության կողմնակից է, ակնարկում է, որ այն ճանապարհը, որով գնում է Հայաստանը՝ Արեւմուտքի դրդմամբ, «ական» կարող է լինել սերունդների համար: Ապա հիշեցնում է վաղուց չգործող եռակողմ ձեւաչափն ու փոխանցում՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին: «Ցավոք, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եւ տնտեսական կապերը վերականգնելու համար, այժմ ընդհատվել եւ, այսպես ասած, սառեցվել է»,- երկու օր առաջ ասել էր Գալուզինը:
Իսկ նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձավ հայ-ադրբեջանական բանակցություններին՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանին, որը հայտարարեց, թե Հայաստանը դժվար թե Բաքվի հետ հարաբերություններում ընդունի ռուսական միջնորդությունը: «Երեւանից տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երեւանն ու Բաքուն ի վիճակի են իրենք շարունակել բանակցությունները, մինչեւ այս գործընթացի ավարտը: Պահպանելով մեր պատրաստակամությունը՝ ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելու համար, մենք կողջունենք կողմերի անկախ ջանքերը: Կարեւորը, որ տարածաշրջանը` Հարավային Կովկասը, շարունակի մնալ կանխատեսելի, խաղաղ եւ վերածվի բարեկեցության ու համագործակցության տարածքի»,- արձագանքեց Պեսկովը:
Այս հայտարարություններով ռուսական կողմը, մի կողմից, ի գիտություն է ընդունում Երեւան-Բաքու երկկողմ ձեւաչափը, մյուս կողմից բաց տեքստով ակնարկում է, որ այն Հայաստանին, առնվազն, լավ տեղ չի տանելու:
«Վերջին տարիներին Մոսկվան մեկ անգամ չէ, որ իր ծառայություններն է առաջարկել կողմերին՝ նպատակ ունենալով նպաստել հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ եռակողմ միջկառավարական ձեւաչափի շրջանակում խնդիրների լուծմանը, բայց Բաքուն ու Երեւանը նախապատվություն տվեցին երկկողմ ձեւաչափին: Վերջին շրջանում Արեւմուտքն ակտիվ ներգործություն է դրսեւորում Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը զուգահեռ, ըստ տարածված տեղեկությունների, բացի արդեն գոյություն ունեցող ԵՄ դիտորդներից, խոսք է գնում նաեւ ամերիկյան մոնիթորինգային առաքելության տեղակայման մասին: Սա չի կարող չանհանգստացնել Մոսկվային»,- մեկնաբանելով իրավիճակը՝ «Հրապարակ»-ին ասում է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
Նրա խոսքով, թեեւ մինչեւ ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլի ավարտը Մոսկվայի հնարավորություններն այլ ուղղություններով սահմանափակ են, բայց զարգացումները Հարավային Կովկասում դուրս չեն Ռուսաստանի ուշադրությունից: Այս փուլում, երբ ուկրաինական հակամարտությունը վերջնականապես լուծված չէ, ինչպես մեր զրուցակիցն է ասում, Մոսկվան կսահմանափակվի դիվանագիտական կոչերով ու հայտարարություններով՝ հատկապես, երբ Հայաստանն ու Բաքուն երկկողմ ձեւաչափն են ընտրել ու «ոչ ոքի ոչինչ չեն ասում»:
«Հայաստանի համար սա նշանակում է` ձեւավորված ոչ այնքան հեշտ իրավիճակում արտաքին քաղաքական արհեստական մանեւրումների անհրաժեշտություն: Կարծում եմ՝ Փաշինյանի վերջին այցն ԱՄՆ, հենց այդ նպատակն էր հետապնդում: Կարծում եմ՝ Թրամփի ադմինիստրացիայի հետ կոնտակտ ձեւավորելու ջանքերը կշարունակվեն, բայց տուրբուլենտության շրջանը Հայաստանի համար դեռ կշարունակվի»,- շեշտում է Արեշեւը:
Նրա խոսքով, ՀՀ օրվա իշխանության հայտարարությունները վկայում են, որ Բաքվի հետ երկխոսության վերաբերյալ Մոսկվայից հնչող առաջարկությունները նրանց հետաքրքիր չեն, իսկ Ադրբեջանը, անշուշտ, օգտվելով իր համար ձեւավորված լավ հնարավորությունից, շարունակելու է Երեւանի հետ «լուծել» իրեն հետաքրքրող հարցերը:
«Հայաստանը շարունակում է քննարկել «եվրոպական» օրակարգը, իսկ Մոսկվան հիշեցնում է՝ միաժամանակ անդամակցել միմյանց հետ մրցակցող երկու կազմակերպություններին՝ հնարավոր չէ»,- ընդգծում է ռուս քաղաքագետը՝ հիշեցնելով Բրյուսելից հնչած ուղերձները, որոնք վկայում են, որ Հայաստանի՝ ԵՄ անդամության օրակարգն իրականում Հայաստանի ու Փաշինյանի թիմի ներքաղաքական օրակարգն է:
Կարծիքներ