Հիմնական գանգատներն արդեն լրացրել ենք սպանության փաստերով․ Արտակ Զեյնալյան

Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը հայտարարել էին , որ ադրբեջանական գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Հրապարակվել էին նաև սպանված հայերի անունները, որոնցից 4-ը կանայք են։
«Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - նշվում էր հայտարարության մեջ:
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար (2018-19) Արտակ Զեյնալյանի հետ։
- Պարո՛ն Զեյնալյան, ձեր տվյալներով՝ սպանված հայ գերիները նոյեմբերյան հայտարարությունից հետո գերեվարվածնե՞րն են եղել, թե՞ պատերազմի ընթացքում գերեվարվածները։
- Խոսքը պատերազմի ընթացքում գերեվարվածների մասին է։ Գերակշռող մեծամասնության գերեվարման փաստն Ադրբեջանը ճանաչած չի եղել, այսինքն՝ կենտրոնական իշխանությունները չեն հաստատել։
- Իսկ այս մասով ՄԻԵԴ-ից արձագանք եղե՞լ է արդեն։
- Գրեթե բոլորի վերաբերյալ Եվրոպական դատարանում կա հրատապ միջոց կիրառելու որոշում։ Եվ մենք հիմնական գանգատներն արդեն լրացրել ենք սպանության փաստերով։
- Մոտ 1,5 ամիս առաջ Եվրոպայի խորհուրդն էլ էր արդեն արձագանքել, միջանկյալ որոշում կար ընդունված գերիների մասով։ Այս ամենն ազդեցությունն կունենա՞ այս գործերի վրա, որ արդեն սպանության դեպքեր են արձանագրվել։
- Իհարկե։ Դրանք արտադատական, քաղաքական ազդեցության միջոցներն են։
- Իսկ մահացածների հարազատներն ի՞նչ պահանջներ են ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների դեմ։
- Եվրոպական դատարանի գանգատին բնորոշ պահանջ է՝ ճանաչել իրավունքի խախտման փաստը։
- Իսկ փոխհատուցում պահանջե՞լ են։
- Այս փուլում դեռևս ոչ։ Երբ կավարտվի նամակագրության, այսպես ասած՝ բանավեճի առաջին փուլը։ Դրանից հետո Եվրոպական դատարանը կպահանջի, որպեսզի ներկայացնենք արդարացի փոխհատուցման մեր դիրքորոշումը։
- 121 գերիի մասով, որ դիմել էիք ՄԻԵԴ, 121-ն էլ կարողացե՞լ են խոսել իրենց ազգականների հետ։
- Ոչ, ոչ։ 121-ի մի մասի վերաբերյալ է, որ Ադրբեջանը հավաստում է տվել։ Նրանցից մի մասի վերաբերյալ հավաստում չի տվել։ Նրանցից մի մասին հնարավորություն տրվել է իրացնել ընտանիքի անդամներին զանգահարելու իրենց իրավունքը։ Ի դեպ, ընտանիքի անդամներին զանգահարելու իրավունքը (մեր գերիների հանգամանքով պայմանավորված) մենք ենք ներմուծել եվրոպական իրավունք։
Կարծիքներ