Այս իշխանությունների համար երեւի ծառերն էլ են հին ու նախկին, դրա համար են գլխատվում

Այս իշխանությունների համար երեւի ծառերն էլ են հին ու նախկին, դրա համար են գլխատվում

Մեծագույն մտահոգությամբ ընդունեցի Երևանի փոքր կենտրոնում՝ Կասկադի և Օպերային թատրոնի շրջակայքում, քաղաքապետարանի մերձակայքում և այլ վայրերում, տասնյակ կենսունակ ծառերի հատման լուրը։ Որքան էլ քաղաքային իշխանությունը պնդի, թե դրանք անպիտան ծառեր էին, լուսանկարներից և տեսանյութերից ակնհայտ է դառնում, որ այդ ծառերի, հատկապես թեղիների և հացենիների բացարձակ մեծամասնությունը միանգամայն կենսունակ և պիտանի ծառատեսակներ են և խիստ անհրաժեշտ են քաղաքի բնականոն էկոլոգիայի համար։
Նման տարերային և չպատճառաբանված ծառահատումը հասկանալիորեն առաջացրել է երևանցիների վրդովմունքն ու զայրույթը։ 

Եթե նույնիսկ սակուրաների ներկրված տնկիներ կան, ոչ մի կերպ դրանցով չի կարելի փոխարինել արդեն հասուն, սակայն միանգամայն գործունակ ծառերը, փոխարենը կարելի է քաղաքի այլ հատվածներում նոր կանաչ տարածքներ հիմնել և անվանակոչել, օրինակ, հայ-ճապոնական բարեկամության պուրակ։

Իմ միարժեք դիրքորոշումն այն է, որ Երևան քաղաքում անգամ մեկ ծառի հատումը պետք է ունենա ծանրակշիռ և բացառապես օրենքի տառին համապատասխան հիմնավորումներ։
Հակառակ դեպքում միանգամայն ակնհայտ կոռուպցիոն սխեմայի հետ գործ ունենք՝ կա՛մ իշխանամերձ որևէ շրջանակի տնկիների բիզնեսին է զարկ տրվում, կա՛մ, որ շատ ավելի աղետալի է, կանաչ տարածքի հաշվին հերթական կառուցապատումն է արվելու։

Երևան քաղաքի համալիր զարգացման իմ ծրագրում մի առանձին մեծ գլխով անդրադառնում եմ Երևանի կանաչ տարածքների, բնապահպանական հիմնախնդիրների, ծառերի գրագետ էտի հիմնահարցերին։ Առանց այն էլ մտահոգիչ էկոլոգիական ֆոն ունեցող քաղաքում անգամ մեկ կենսունակ ծառի հատումը անընդունելի և մերժելի գործելակերպ է։ 

Երվանդ Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր֊նախագահ