Արտադրողականությունը ոչ մի դեպքում պետք չէ բարձրացնել

Արտադրողականությունը ոչ մի դեպքում պետք չէ բարձրացնել

ՀՀ Աժ-ում Վարչապետը հանգամանալից անդրադարձավ աշխատանքի արտադրողականությոնը, նշեց, թե որ երկրներում ինչպիսի իրավիճակ է, Հայաստանում ինչպիսի՝ ըստ ոլորտների: Եվ, ցավով արձանագրեց, որ գյուղացին 2.5 անգամ անբան է, քան քաղաքացին, ավելի քան 25 անգամ ավելի անբան՝ քան ՔՊ-ի պատգամավորը:

Զարմանալ կարելի է: Միթե՞ ՀՀ վարչապետը խորհրդականներ և օգնա­կան­ներ չունի: Մեկը չկա՞, որ ասի, այ Փաշինյան ջան, գյուղացու ժամային ար­տադրո­ղականությունը 3 դոլարից մի փոքր բարձրանալու դեպքում, ախր, կկորցնես քո սո­ցիա­լական հենարանը: Գյուղացին շատ գոհ է իր կյանքից, ինչի համար ամեն Աստծու օր մոմ է դնում քեզ համար: Հիմա, այս դրախտային վիճակը փոխելու ի՞նչ անհրաժեշտություն կա: Գյուղացու կյանքը հենց լավա­ցավ, հեղա­փոխություն է անելու: Քո էլեկտորատը գյուղացին է: Օրինակ, մի գյուղացի կար, գնաց քաղաք, դարձավ հեղափոխական, հետո՝ պատգամավոր: Հիմա նրա ար­տադրողականությունը 80 դոլար է: Մի րոպե, 80 դոլար… Բա բարձր տեխնո­լո­գիա­նե­­րը մեր ինչին են: Բոլոր գուղացիներին, առանց հեղափոխական դարձնելու, դարձ­նում ենք պատգամավոր ու…

Մի րոպե էլ. եթե գյուղատնտեսությունում զբաղվածների թիվն ընդունենք 300 հազար մարդ, ապա ստացվում է 6.9 միլիարդ դոլար ՀՆԱ, տարեկան: Հետևաբար, կառավարության ծրագրի լավատեսական սցենարով տարեկան 7 տոկոս աճը ծիծա­ղելի ցածր է: Խոսքը կարող է վերաբերել տարեկան 20-30 տոկոսանոց աճին, զբո­սաշրջության ոլորտում՝ տարեկան 20-30 անգամ:
Փաստորեն, մեզ գիտություն ու կրթություն, մշակույթ ու սպորտ պետք չէ: Մեզ ոչ մի ոլորտ զարգացնել պետք չէ, հետևաբար, համապատասխան նախարա­րութ­յուններ էլ պետք չեն:

Պետք է մեկ նախարարություն. գյուղացիներին պատ­գա­մավորների վերափոխման նախարարություն: Բայց, այստեղ էլ խնդիր կարող է առաջանալ. Իսկ էդ պատգամավորների սննունդն ո՞վ է ապահովելու: Չէ, այդու­հանդերձ, գյուղատնտեսական զբաղվածներին պատգամավոր դարձնելը պարե­նային անվտանգության խնդիր կառաջացնի: Պետք է զարգացնել բարձր տեխնոլո­գիաները, թեպետ խելքը գլխին երկրներում դրանք իրենք իրենց էլ կզար­գանան:

Գագիկ Վարդանյան
Ժամային արտադրողականությունը 150 դրամ