Չենք կարող Արցախն Ադրբեջանին հանձնել․ Բ․ Էստուկյան

Չենք կարող Արցախն Ադրբեջանին հանձնել․ Բ․ Էստուկյան

Հունիսի 20-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին ընթանում։

Եվ հենց այդ նույն օրը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի փակման արարողության ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ էր ունեցել ու հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքներով Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությունը «դաս կքաղի անցյալում թույլ տված սխալներից»:

«Հուսով ենք, որ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը բարիդրացիական հարաբերությունների զարգացումն է տարածաշրջանային երկրների հետ: Հայաստանը պետք է դադարեցնի իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելն ու սկսի լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ: Պատերազմից հետո, որի արդյունքներով՝ Ադրբեջանն ազատագրեց իր բնիկ հողերը [նկատի ունի Արցախից օկուպացված տարածքները], և՛ Բաքուն, և՛ Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար», - հայտարարել էր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային աջակցած պետության բարձաստիճան դիվանագետը:


Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Թուրքիայում տպագրվող «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր, պոլսահայ լրագրող Բագրատ Էստուկյանի հետ։


- Պարո՛ն Էստուկյան, հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Հունիսի 18-ից 20-ը Թուրքիայում ընթանում էր Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հույսեր էր կապել ընտրությունների արդյունքների հետ, Հայաստանի հետ հարաբերությունների մասին էր բաներ ասել։ Հայաստանում այս ընտրությունների արդյունքներն ի՞նչ են տալիս հայ-թուրքական հարաբերություններին։

- Տեսե՛ք, Չավուշօղլուի խոսքերը ցանկություններ են, նշանակություն չունեն։ Ցանկություններ, որոնք նաև հիմք չունեն։ Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը բնավ ձեռնտու չէ այս պահին Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու համար։ Որովհետև բոլորս էլ հստակորեն տեսանք, որ Թուրքիան ինչ տեսակ դերակատարություն ունեցավ պատերազմի մեջ, հետևաբար նաև պատերազմի՝ պարտությունով ավարտի մեջ։ Նրա խոսքերը նշանակություն չունեն։ Եվ մանավանդ Չավուշօղլուի նման դերակատարներն ազդեցություն էլ չունեն Թուրքիայի մեջ․ միահեծան իշխանություն է նախագահ Էրդողանը։ Ամեն ինչ կախված է նրա խոսքերից, նրա կեցվածքներից։ Եվ այդ եղանակով բարի խոսքերը, ելույթները համապատասխան երբեք հիմք չեն սահմանում, հետևաբար ես բնավ լավատես էլ չեմ հարաբերությունների բարելավման առումով։ Հայկական կողմը, նախևառաջ, այս պահին բնավ էլ պետք չէ պատրաստը լինի հարաբերությունները բարելավելու Թուրքիայի վերջին թշնամական վարվելակերպից հետո։


- Ըստ պաշտոնական տվյալների՝ խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Ըստ Ձեզ՝ այսպիսի խորհրդարանն ի՞նչ կտա Հայաստանին, ի՞նչ սպասել։

- Նախևառաջ Հայաստանն ինչի՞ կարիք ունի։ Հայաստանը շատ լուրջ բևեռացում ապրեց և քաղաքական դաշտի ապակայունացում ապրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ։ Նախ պետք է քաղաքական դաշտն ամեն ինչ իր հունի մեջ դնի։ Ընդդիմադիրները, իշխանությունները, բոլորը նախ պետք է քաղաքակիրթ հարաբերության եղանակին վերադառնան։ Դրա համար մի քիչ պետք է սպասենք, որովհետև ժողովրդի կամքը շատ հստակորեն պարզվեցավ։ Պարզվեցավ, թե ժողովուրդն ինչ է ուզում, ինչն է իր ցանկությունը, հետևաբար պետք է առիթներ ընձեռնեք, որպեսզի նախևառաջ ցիվիլ հարաբերություններ լինեն ընդդիմության և իշխանության միջև։ Սա կարևոր մարտահրավեր է իշխանության համար։ Եվ Փաշինյանը շատ իրավացի էր, երբ խոսում էր այս անգամ «թավշյա» բնույթից հեռանալով ավելի «պողպատի» կամքով խնդիրները վերլուծելու։ Եվ պետք է ապահովենք քաղաքական դաշտի վրա երկխոսությունը տարբեր կուսակցությունների միջև, տարբեր կարծիքների միջև, խմբավորումների միջև։ Իսկ չարաշահուների մասով պետք է հաստատել օրինականություն․ օլիգարխական համակարգի դեմ պետք է լուրջ պայքար տանենք։


- Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը մուրճ էր վերցրել ձեռքին, մարդկանց սպառնում էր և ատելություն էր քարոզում, ընտրողների վրա հոգեբանական ազդեցություն էր ունենում։ Դա նորմա՞լ եք համարում։

- Ընտրություններն ի սկզբանե արդեն իսկ նորմալ չգնացին և չէին կարող գնալ։ Եթե կողմերը մեկը մյուսին «դավաճան» էր կոչում, «հող տվող» էր անվանում, արդեն չէր կարող նորմալ ընթանալ։ Մենք հիմա պետք է վերահաստատենք նորմալը, այսինքն ՝ այդ քաղաքակիրթ եղանակով խոսելն այդ առումով է, որ ասում եմ։


- Իսկ Արցախի հարցում ի՞նչ հնարավորություններ են կարող լինել։

- Նախևառաջ Արցախի մեջ անստույգ իրավիճակը շարունակվում է։ Տակավին հնարավոր չի լինում ճշտել Արցախի ապագան։ Եվ նույն այդ մասին պետք է պահանջատեր լինենք, չենք կարող Արցախն Ադրբեջանին հանձնել։ Հետևաբար պետք է դիվանագիտական հզորություն ունենալ բանակցությունների գործընթացի մեջ։ Հավանաբար առաջիկա օրերին արդեն  մեզ բանակցություններ պետք է սպասեն։ Արցախի հիմնախնդրի լուծման համար, պատերազմից դուրս միջոցներով լուծման համար։ Թե ի՞նչ է այդ մեկը․ Արցախի՝ որպես ինքնավար պետականություն ճանաչումը։ Բայց այդ մեկը անկա՞խ պետականությամբ կլինի, թե՞ ուրիշ եղանակով կլինի, այդ մեկն անշուշտ որ քննարկելի խնդիր է։ Բայց հիմա Արցախի ստատուս-քվոյի ապահովումը կարևոր նյութ է մեր առջև։