Մարզական լրագրողի հուշերից. Հովհաննիսյան-Մարադոնա՝ 2:1 

Մարզական լրագրողի հուշերից. Հովհաննիսյան-Մարադոնա՝ 2:1 

 Արգենտինա-ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականների՝ «Ռիվեռ փլեյթ» մարզադաշտում 1980 թ. կայացած ընկերական հանդիպման ժամանակ, ինչպես միաբերան շեշտում էին խաղին ներկա մեկնաբանները, իր բացառիկ ու անկրկնելի տեխնիկայով, ճարպիկ ու սլացիկ շրջանցումներով բոլորին հաճելիորեն զարմացրեց անսպառ ավյունով լեցուն երիտասարդ, վերասլաց Դիեգո Մարադոնան: Նման գրոհներից մեկն էլ ֆանտաստիկ գոլային ավարտ ունեցավ՝ առաջ բերելով ներկաների հիացմունքը:

 Շատ չանցած՝ մարզադաշտը վերստին անակնկալի եկավ, եւ այս անգամ իր արտասովոր հմտությունների մի ամբողջ շարանով փայլեց հյուրերի թիմի՝ շատերի համար անծանոթ հարձակվողը: Աննկարագրելի հնարքներով նա, հստակորեն շրջանցելով աշխարհի չեմպիոն մրցակիցների պաշտպանական շղթան, համարձակորեն թափանցեց տուգանային հրապարակ, եւ դարպասապահ Ֆիլոլին աներեւակայելիորեն շրջանցող գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:

 Ո՞վ էր այդ անչափ ինքնավստահ ֆուտբոլիստը՝ հանդիսականներին պարզ դարձավ, երբ հաղորդավարը մարզադաշտով մեկ հայտարարեց․ «Պատասխան գնդակը խփեց Խորեն Հովհաննիսյանը»: Այս ամենի մասին ժամանակին ու տարբեր լեզուներով անդրադարձել են լրագրողները: Երկու տարի անց նույն՝ «Ռիվեր փլեյթ»-ում ասես մրցավեճը շարունակվեց, եւ կրկին գրանցվեց ոչ ոքի՝ 1։1: Ու վերստին առաջինը հաջողության հասան արգենտինացիները: Միայն թե այս անգամ, չնայած գործադրած բոլոր ճիգերին, Մարադոնային ոչ մի կերպ չհաջողվեց ցանկալի արդյունքի հասնել: Նրա փոխարեն աչքի ընկավ Դիասը: Մինչդեռ պատասխան դիպուկ հարվածով նորից փայլեց արդեն շատերին քաջ ծանոթ Հովհաննիսյանը:

Թեեւ խոսքն ընկերական հանդիպումների մասին է, սակայն պատմության մեջ այն իրավամբ գրանցվեց որպես մեծ ֆուտբոլի պայծառ աստղերի հիշարժան վիրտուալ մի մրցավեճ: Ուրեմն սխալ չի լինի ասել, որ այդ յուրօրինակ մրցակցությունում Հովհաննիսյան-Մարադոնա անսովոր վեճն ավարտվել է հայ ֆուտբոլիստի տպավորիչ հաղթանակով:

Միսակ Նազարյան