Հանդիպում Հռոմի պապի՞, թե՞ Իտալիայի իշխանությունների հետ

Հանդիպում Հռոմի պապի՞, թե՞ Իտալիայի իշխանությունների հետ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը լուր է հրապարակել, ըստ որի «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի: Նախատեսված է ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը»։ Լրագրողը Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձել է պարզել՝ ինչ օրակարգով է վարչապետը հանդիպելու Հռոմի պապի հետ: Կարապետյանը, չհերքելով հանդիպման մասին տեղեկությունն, ասել է. «Վարչապետի այցերի վերաբերյալ մենք ժամանակին հայտարարություն եւ հաղորդագրություն կտարածենք»:

Իրականում, մեզ ասացին, որ վարչապետն այդ օրերին այց ունի ծրագրված Իտալիա՝ նոյեմբերի 21-22-ին, իսկ Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպում նախատեսված չէ։ Առհասարակ՝ Վատիկանում չեն սիրում, որ Իտալիա կատարելիք այցերի շրջանակներում «ձեռքի հետ» էլ Վատիկան են մտնում տարբեր բարձրաստիճան հյուրեր, նախընտրում են, որ Վատիկան հատուկ այց իրականացվի՝ նախապես ծրագրված եւ հաստատված օրակարգով։ Իսկ նման այց մինչ այս պահը նախատեսված չէ։