Իսկ երբ եք սկսելու պայքարել «սպեկուլյացիայի» դեմ

Ժամանակին սովետական օրենսդրությամբ պատժվող մեծ թվով հոդվածներ կային, որոնք պատմության գիրկն անցան` այդ երկրի հետ միասին: Օրինակ, մարդկանց, որոնք ինչ որ բան էին վաճառում` ձեռքի վրա, տակից, «պասիլկաներից», անվանում էին սպեկուլյանտ եւ դատում էին: Ընդ որում, շատ բարձր պատիժներ էին սահմանվում երբեմն: Օրինակ, գետնուղիներում ջինս վաճառող երիտասարդներին ռեյդերի արդյունքում հավաքում էին եւ ուղարկում ուղղիչ աշխատանքային գաղութներ: Շատ ավելի դաժան պատիժ էր սահմանված արտարժույթ ունեցողների համար: Անգամ 1 դոլար մեկի մոտ հայտնաբերելու դեպքում նրան սպառնում էր տարիների ազատազրկում` «վալյուտային մախինացիների» մեղադրանքով: Դաժան պատիժներ էին սահմանված այլախոհության համար` պալիտբյուրոյի տեսակետից տարբերվող կարծիք հայտնելու համար մարդիկ տասնյակ տարիներով Սիբիր էին աքսորվում:
Պատիժ էր սահմանված «պորտաբույծների»` չաշխատող մարդկանց համար, նրանց անվանում էին «տունեյադեց», դատում եւ ուղարկում կալանավայրեր, որովհետեւ Սովետական Միությունում աշխատելը պարտադիր էր: Անգամ ստեղծագործող մարդիկ` նկարիչներ, գրողներ, պարտավոր էին որեւէ տեղ գրանցված լինել, որ չմեղադրվեն тунеядство-ի մեջ ու չդատվեն: Հիմա մենք հումորով ենք խոսում այս մասին, բայց ինչքան մարդու ճակատագիր է խեղվել, ինչքան մարդ է կյանքի մի հսկա հատված անցկացրել բերդերում, աքսորում եւ հիվանդություններից ու կրած զրկանքներից` վաղաժամ մահացել:
Հիմա էլ մեր օրենսգրքում կան հոդվածներ, որոնք կամ չեն կիրառվում, կամ` կիրառվում են ըստ ոմանց հայեցողության եւ ընտրողաբար: Կան նաեւ հոդվածներ, որոնք ժամանակի ընթացքում վերանալու են` մնան որպես պատմական թյուրիմացություն: Այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը մեզ տարավ հեռավոր սովետական տարիներ:
Ըստ այդ հաղորդագրության, ԱԱԾ-ն «բացահայտել է ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք», քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում, տնային կալանք է սահմանվել: Իսկ Հայաստանն այսօր գնում է դեպի Եւրոպա, վիզաների ազատականացման բանակցություններ են ընթանում եւ չի բացառվում, որ Եւրոպա ուղեւորություններն առաջիկայում կազատականան եւ ով ցանկանա` անարգել կմեկնի Եւրոպա: Իսկ մինչ այդ ՀՀ ԱԱԾ-ն` սովետական «կագեբեի» օրինակով մարդկանց է բռնում ու պատժում` Եւրոպա մեկնումը կազմակերպելու համար: Իհարկե, հաղորդագրության մեջ նշված է, որ ինչ որ անձանցից գումարներ են գանձվել` մեկնումը կազմակերպելու համար: Բայց եթե գումարներ են շորթվել` դա բոլորովին այլ հոդված է եւ անհրաժեշտ է տուժողների դիմումներն ու բողոքները: Եթե ծառայությունների համար գումար են վճարել, բայց չեն ստացել, դա քաղաքացիաիրավական հարաբերություններ են, ոչ քրեական: Իսկ «անօրինական միգրացիա» տերմինը Եւրոպա ձգտող երկրում կիրառելն ուղղակի ծիծաղելի է: Անօրինական միգրացիայի դեմ թող պայքարեն այն երկրները` ուր ձգտում են անօրինական միգրանտները, ինչու է ՀՀ-ն դրա դեմ պայքարում: Ընդ որում գործն էլ քննում է ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը:
Կարծիքներ